Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՖԻԼՄ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լյուդմիլա Սահակյանցը արդեն ավարտել է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի վերնագիրն է «Շեմին», որի աշխատանքներն այժմ ավարտման փուլում են։ Ռեժիսորը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ – Ինչպե՞ս մուտք գործեցիք կինոաշխարհ։ – Կինոյում էր ամուսինս՝ Ռոբերտ Սահակյանցը, որը, անտարակույս, ի ծնե օժտված էր մուլտիպլիկատոր դառնալու։ Այդ աշխարհ մուտք գործեցի նաեւ ես։ Աշխատում էի սցենարների վրա եւ աստիճանաբար ներգրավվեցի այդ գործի մեջ։ Իմ առաջին ֆիլմը «Մկների ժողովն» էր։ Հետո ստեղծեցի եւ մյուս ֆիլմերը՝ «Փոքրիկ հողագործը», «Հազար ու մի հեքիաթներ», «Արձագանք», «Քարե աղ», «Երազների մեկնում»։ Նկարչական մուլտիպլիկացիայից ես սահուն անցում կատարեցի ծավալայինի, տիկնիկայինի։ Առաջին իսկ ծավալային ֆիլմերից ես զգում էի մարդու, դերասանի բացակայությունը։ Երբ սկսեցի աշխատել «Շեմին» գեղարվեստական ֆիլմի վրա, սկզբում նկարահանեցի այն ծավալային մուլտիպլիկացիայի կանոններով։ Հետո հասկացա, որ այս թեման ուրիշ մոտեցում է պահանջում, իսկ կենդանի մարդու ներկայությունը կադրում պարտադիր է։ Եվ ես փոխեցի մոտեցումս, նկարահանեցի այդ թեման, բայց խաղարկային տարբերակով։ Այդ 7 մասանոց խաղարկային ֆիլմի 2 մասը անիմացիա է։ Բայց այստեղ մանեկենները հանդես են գալիս մարդկային հասակով եւ դառնում ոչ թե գործող անձ, այլ կերպար։ Ամբողջ ֆիլմը վարում է մեկ դերասան՝ Ադոմայտիսը, որի ներքին բարձր կուլտուրան նպաստեց, որ նա արագ ընկալի ազգային ոգին, եւ՝ արդյունքում՝ արվեստագետը ցուցադրեց փայլուն կատարում։ Այդ առումով կարելի է վստահ ասել՝ իմ բախտը բերեց։ Առաջին անգամ էի աշխատում դերասանների հետ եւ այդպիսի հաջողություն։ – Ինչպե՞ս ձեր ընտրությունը կանգ առավ հատկապես այդ դերասանի վրա։ – Երկար ժամանակ դերասան էի փնտրում։ Ֆիլմի թեման այսպիսին է. մարդը արժեւորում է իր ապրած կյանքը, եւ ինձ հարկավոր էր գտնել մի դերասան, որը բնական կկատարեր այդ դերը։ Որոնումների մեջ էի, տարբեր ֆիլմեր էի դիտում։ Մի օր էլ «Հին աստվածներ» ֆիլմը դիտելու ժամանակ ուշադրությունս գրավեց այն հատվածը, որտեղ Ադոմայտիսը հանդես է գալիս քահանայի դերում։ Տեսնելուն պես այդ դրվագը, ես հասկացա, որ հենց այդ դերասանն է ինձ հարկավոր։ Բավական ծանր ժամանակաշրջան էր։ Սովետական Միությունը փլուզվել էր, Հայաստանում էլ այդ տարիներին անբարեկեցիկ պայմաններ էին. ջուր չկար, լույս չկար, ցուրտ էր։ Բայց մենք ռիսկի դիմեցինք եւ զանգահարեցիք Ադոմայտիսին։ Պատասխանը ապշեցուցիչ էր. «Դեռ ինչ-որ տեղ կինո՞ են նկարահանում։ Անշուշտ, ես կգամ»։ Եվ եկավ։ Սառցե տաղավարներում նա անտրտունջ էր եւ հոյակապ խաղաց դերը, արտակարգ վարպետություն ցուցադրեց։ – Ֆինանսական անբավարարության պատճառով մեր ռեժիսորները ստիպված են մի քանի տարի տրամադրել նույն ֆիլմի նկարահանմանը, այս դեպքում ֆիլմը չի՞ կորցնում իր արդիականությունը։ – Ֆիլմը արդիական է այն պարզ պատճառով, որ այնտեղ շոշափված են հավերժական թեմաներ եւ նաեւ շնորհիվ արտակարգ դերասանական խաղի, այն կունենա իր հանդիսատեսը։ Ֆիլմը յուրօրինակ է եւ ինձ հոգեհարազատ են փոխհարաբերությունները, կերպարները, զուգորդական շարքը, լեզուն։ Չեմ ընդունում «էլիտար կինո» ձեւակերպումը։ Աշխատում էի ֆիլմի վրա, բայց ինչ-որ ներքին անբավարարության զգացում ունեի։ Չնայած որ նյութը հարուստ էր, եւ նկարչի աշխատանքն էր հաջող, եւ օպերատորի, եւ ինտերիերները։ Որոշ փնտրտուքներից հետո ես գտա այն կարեւորը, ինչի պակասը ինձ անհանգստացնում էր։ Մոնտաժն ավարտել եմ։ Ֆիլմի ընթացքում հնչում է Ավետ Տերտերյանի երաժշտությունը, որի տիեզերածնությունը, ներքին բախումները ինձ հոգեհարազատ են։ – Իսկ նրա երաժշտությունը համահո՞ւնչ է ֆիլմին, ձեր գաղափարներին։ – Որոշ դրվագներ ուղղակի համընկնում են։ Ես հավաքում եմ տեսաշարը, հետո ընտրում երաժշտությունը։ Դուք չեք հավատա, այնտեղ նույնիսկ շեշտադրումներն են համընկնում. դերասանների խաղը, նրբությունները, տրամադրությունների անկումը, փոփոխությունները լիովին համահունչ են ընթանում։ Կա երաժշտություն, որի ետեւում կա նաեւ ինչ-որ ապրումների ռիթմ։ Իմ այս ստեղծագործությունը մտորումների, ընկալումների ֆիլմ է։ Նախնական տիտրը նախանշում է, որ ֆիլմը միստերիա է։ Սկզբունքորեն ո՞րն է միստերիայի էությունը. հասցնել մարդուն ինչ-որ ապրումների եւ դուրս բերել նրան այդ ապրումներից, որը կատարսիսի սկզբունքն է։ Հուսով եմ, որ ֆիլմը կհասկացվի։ Մենք բոլորս նույն խնդիրներն ունենք, դրանք տարբեր ձեւով են ի հայտ գալիս յուրաքանչյուրիս մոտ, դրանից չես խուսափի։ Վաղ թե ուշ մենք մտորում ենք այս հարցերի շուրջ. ո՛րն է բարին, ո՛րը չարը, ո՛րն է կյանքը, ո՛րը մահը։ – Ե՞րբ է նախատեսվում ֆիլմի պրեմիերան։ – Ելնելով ֆիլմի ներքին ծայրանկյուն հարցերից, քրիստոնեության թեման ուղղակիորեն չի շոշափվում, այլ Քրիստոսի սկզբունքների որոնումներն են, այդուհանդերձ որոշակի առումով այն կարող է ներկայացվել տոնակատարությունների օրերին։ Կհարմարեցնեմ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պաշտոնական տոնակատարություններին։ Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է հոկտեմբերին։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել