Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր

Հոկտեմբեր 27,2001 00:00

Լռության ճիչը Այսօր լրանում է 2 տարին այն մեծ ոճրագործության, երբ թշնամական դավաճան հարվածով կտրվեց ողջ ժողովրդի հույսի, հավատի վերջին թելը։ Պատմության համար երկու տարին չնչին ժամանակահատված է, բայց միաժամանակ չափազանց մեծ շռայլություն իրավապահների համար՝ սահմանադրորեն եւ օրենքի ուժով կատարելու իրենց անմիջական պարտականությունը։ Ամեն մի ընտանիքում, հիմնարկությունում եւ պետության մեջ լավի համար փառաբանում, շնորհակալ են լինում դրա ղեկավարին, վատի համար քննադատում, պատասխանատվության են կանչում դարձյալ ղեկավարին, որը պատասխանատու է իր ընտանիքի, հիմնարկի եւ պետության համար։ Այս առումով ապշեցուցիչ անտարբերություն ու լռություն է պահպանվում մեր երկրի ղեկավարի՝ նախագահի կողմից աննախադեպ ոճրագործության եւ դրան հաջորդող այլ՝ շարունակվող (հաշվեհարդարի) սպանությունների նկատմամբ։ «Հոկտեմբերի 27»-ից հետո նախագահի կողմից հայտարարվեց, որ գործն ընդամենը ուչաստկովիի մակարդակի է։ Ապա լռություն եւ մեծադղորդ հայտարարություն՝ Հայաստանում մահապատիժներ չեն կիրառվելու։ Իսկ այդ ո՞վ է որոշողը, որ Հայաստանում մահապատիժ չի իրագործվելու, եւ ո՞վ է իրավունք վերապահել ամբողջ ժողովրդի անունից մեծադղորդ հայտարարություն անելու եւ այն էլ այն նախագահին, որ այդ նույն ժողովրդի քվեն անգամ չի ստացել։ Առանց սափրվելու իր մի քանի մանկլավիկների խորհուրդ-որոշմամբ Եվրախորհուրդ վազելով հարցը չի լուծվում։ Մանավանդ որ, այդ մարաթոնի արդյունքում այսօրվա ամենահրատապ՝ Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի տնտեսական խորացող ճգնաժամի խնդիրները չվճռվեցին, այլ ընդամենը համասեռամոլների ազատության եւ մարդասպաններին տրված երաշխիքները հաստատվեցին միայն։ Որ ահաբեկիչների թիկունքում կային հրահրողներ, հովանավորողներ, ոչ ոք չի կասկածել մի վայրկյան անգամ, բայց թե ովքեր էին այդ հովանավորողները, ում էր ձեռնտու Հայաստանի բարեփոխման ծրագրերով քաղաքական ասպարեզ իջած ուժերի ղեկավարների սպանությունը, դեռեւս կասկածելի էր։ Այսօր զանգվածային լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից եւ հանրահավաքների ժամանակ բացահայտ մեղադրանքներ են ասվում նախագահ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին։ Մի՞թե հանրապետության նախագահը տեղյակ չէ այդ ամենին։ Ամեն դեպքում իր օգտին չէ, որ իրազեկ չի հանրապետությունում ընթացող իրադարձություններին, մյուս կողմից՝ նախագահի քար լռությունը, հատկապես վերոհիշյալ հարցի նկատմամբ, բացասաբար է անդրադառնում քաղաքական գործչի վարկանիշին, որը սահմանադրական խախտումով է իր թեկնածությունը գրանցել, չի ստացել բավարար քանակի ընտրողների քվեն եւ դեռ ուզում է ուրիշների ջգրու նորից առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հնարավո՞ր է, որ Սահմանադրության եւ օրենքների խախտումներով առաջնորդվող նախագահը պահանջի ընդունել օրենքը եւ ապրել ու գործել դրա շրջանակում։ Իրեն հարգող յուրաքանչյուր մարդ, առավել եւս երկրի ղեկավարը, պարտավոր է առաջին հերթին ինքն ընդունել ու ենթարկվել երկրի օրենքին, ապա իրավունք վաստակի պահանջելու այլոցից։ Սակայն դրա փոխարեն ձգվում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, ահաբեկչության զոհ է դառնում վարչապետի խորհրդականը, սրճարանում սպանվում է Պողոս Պողոսյանը, իր կարծիքը հանրությանը բացահայտ արտահայտելու համար (չգիտես ինչու, ոչ թե նախկինում, այլ այս օրերին) կալանավորվում է Մուշեղ Սաղաթելյանը, եւ երկրի նախագահը գոնե մեկ անգամ չի դիմում իր ժողովրդին, թե՝ ես որպես երկրի ղեկավար մեղավոր եմ կամ մեղավոր չեմ այս ամենի համար։ Կամ ավելի լավ չի՞ լինի, եթե ի զորու չէ պատասխանատվություն կրել իր քաղաքացիների պաշտպանության համար, օր օրի ավելի ծավալվող բռնությունների, անօրինությունների, թալանի դեմն առնել, հրաժարվի այդ ծանր բեռից, որը կրելու համար մարզիկի ուսերը միայն բավարար լինելուց հեռու են։ Եթե նախագահն իր գաղջ շրջապատից անջատվելով, գոնե մեկ անգամ դուրս գա, թեկուզ պատահական մարդկանց հետ հարցազրույցի բռնվի (որպես մարդը մարդու, հայը հայի, կամ հայրն իր որդիների հետ) միգուցե շատ բաներ լսի կամ ինքը բացատրի, միգուցե հասկանան իրար կամ ներեն, ո՞վ գիտի։ Սակայն այսօր նախագահին եւ մեզ՝ սովորական մահկանացուներիս, մի խոր վիհ է բաժանում. մի կողմում արյունոտ բլրի վրա դղյակներ են, շքեղ մեքենաների ու թիկնազորի անցուդարձ, հաստավիզ ու հաստափոր, դատարկ հայացքով ու լպիրշ, ջղաձգվող ժպիտ, մյուս կողմում՝ թշվառությունն է, մուրացկանություն, ամիսներով ու տարիներով աշխատավարձի, թոշակի եւ նպաստի սպասողներ, նույնիսկ դրանցից ոչ մեկին չսպասող գործազուրկներ, հույս, հավատ կորցրած մարդիկ, որոնք պատրաստ են տասնյակ տարիների կուտակածը նույնիսկ աֆրիկյան ջունգլիներ տանող մի տոմսով փոխելու, դալուկ դեմքով որպես ուրվական հազիվ քայլող սովալլուկ ծերեր եւ երիտասարդներ։ Վատն այն է, որ վիհը գնալով խորանում է եւ անհնարին է դառնում մեկի կամ մյուսի հակառակ կողմն անցնելը, մանավանդ որ, իր չընտրված, բայց նախագահի ձայնը լսելու փոխարեն մեկ էլ տեսար բոլոր օրերուն բոլոր սրբություններին դավաճանած մեկը, որ միայն ոճրագործներին պաշտպանելու առիթով է հիշում մարդու իրավունքները կամ մինչեւ ոտքերի ծայրը երկնագույնով ներկված մի ուրիշը տհաճ ձայնով, ստորաքարշ քծնանքով, արտեւանունքների եւ շուրթերի բազմանշանակ շարժումներով, ճգնում են տնտեսական աճ ցուցադրել, արտագաղթ ու ոճրագործություն արդարացնել՝ «պոռնիկին կույս» ներկայացնելու միտումով։ ՍՎ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել