Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհին՝ ինչպես որ է

Նոյեմբեր 24,2001 00:00

Դերասանուհին՝ ինչպես որ է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը իր դերասանական կյանքի մեծ մասը անց է կացրել Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում, ապա Վահե Շահվերդյանի հետ տեղափոխվել է Մայր թատրոն։ 100-ից ավելի դերեր է խաղացել։ Աշխատում է նաեւ գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ խոսքի վարպետություն է դասավանդում։ – Տիկին Գրետա, հայ բեմը մեծություն կանայք է ունեցել։ Դատելով ձեր արտաքինից ու խաղից, դուք միանգամից շլացնողը չեք, այլ զինվորագրվել եք հանդարտ սիրո դպրոցին։ Մեր իրականությունը լեցուն է շոուներով, ծիծաղեցնողներով ու «էստի համեցեք» գոռացողներով։ Այսպես ասած՝ թատրոնի շուկայում դուք ինչ մեծ հաղթաթուղթ ունեք, որ ձեզ մատուցեք, լսելի անեք ձեր ձայնը։ – Շուկան տգեղ բառ է։ Աճեմյանը միշտ իր դերասաններին ասել է. «Թատրոնը մարդ է արտադրում, եթե դա շուկայի խնդիր դարձավ, ուրեմն ամեն ինչ կորած է»։ Բեմի վրա պիտի ասելիք լինի, ոչ թե՝ ինչ ասես անեն ու ծիծաղեցնեն։ Բութ ծիծաղը ի՞նչ ենք անում, երբ սրտներիցս արյուն է կաթում։ Մենք պետք է հանդիսատեսին բերենք-բարձրացնենք, ցույց տանք մեր արվեստը, ոչ թե մենք իջնենք նրա մակարդակին։ – Դուք Վանաձորից եկաք Մայր թատրոն։ Ի՞նչ գտաք։ – Իմ Աբելյան թատրոնը իմ մեջ մխում է, շատ եմ սիրում, ափսոսում եմ։ Վանաձորցիք ինձ որ տեսնում են, սիրելով ասում են՝ «դավաճանի մեկն ես, գնացիր մեզանից, տարավ Վահեն մեր թատրոնը»։ Աբելյան թատրոնում ես դաստիարակվեցի, մեր թատրոնում ուժեղ դաստիարակություն կար։ Վահե Շահվերդյանը դերասաններին չէր լկտիացնում, այսօր գլխավոր դեր խաղացողը վաղը մասսայական տեսարանում էր։ Իմ թատրոնի բեմը ինձ հարազատ էր։ Առհասարակ փոքր բեմեր եմ սիրում, թե չէ՝ սիրո շշուկը բեմից ստիպված ես գոռալ, որ վերջին կարգում լսեն։ Սունդուկյան թատրոնը, իհարկե, ունեցել է իր մեծերը, հիմա, ցավոք, չեմ տեսնում, մյուսներն էլ դրսներում են։ Այժմ, երբ Ռուզան եմ խաղում «Հին աստվածներ»-ում Վարդուհի Վարդերեսյանի հետ, որը երիտասարդի ավյունով աշխատում է, ինքս ինձ ասում եմ՝ «Սունդուկյան թատրոնի շորշոփը այս կնոջ մեջ տեսա»։ – Դուք նաեւ բեմերից ասմունքում եք։ Այսպես ասած՝ կյանքի եք կոչում պոեզիան։ Անընդհատ նոր պոետների եք կարդում։ Պատահե՞լ է, որ նրանցից մեկը, լսելով իր բանաստեղծությունը ձեր կատարմամբ, ասի՝ «ես այդպես չեմ գրել, դուք ճիշտ չեք կարդում»։ Լսել եք, չէ՞, ռադիոյով հնչող երկարաձիգ, լալաձայն կատարումները։ – Ո՛չ, ընդհակառակը, ասել են՝ «մի՞թե դա այդպես կհնչի, ինձ թվում էր՝ ես մի բան պակաս էի գրել»։ Ես որ մի գրողի ստեղծագործություն եմ պատրաստում, ամիսներով կարդում եմ, ըմբռնում ոճը, որից էլ ծնվում է արտահայտչաոճը։ – Ո՞ր կետերում եք ուժեղ։ Սերը նվաճե՞լ եք։ – Չէ, կյանքում հենման կետ չունեմ։ Թույլ ու անզոր եմ բոլոր հարցերում։ Այսօրվա կյանքը ինձ համար չէ։ Շատ եմ կիսատ-պռատ։ – Իսկ ո՞վ լինեիք, որ լավ լիներ։ – Կլեոպատրան։ Նրա մեջ ամեն ինչ կա։ – Լոռեցի լինելը ի՞նչ բան է։ – Լոռեցին պարզ է, մաքուր, միամիտ, որի մեջ մեծ խորք կա։ – Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ, երբ առաջ եք նայում։ – Ես ծերությունից վախենում եմ։ Մահից՝ չէ։ Բեմում մինչեւ ծերանալը չեմ մնա, շուտ կհեռանամ։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել