Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ

Նոյեմբեր 29,2001 00:00

«ԱՋԵՐԻՑ» ՄԵԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Իսկ ինչո՞ւմ է կայանում արտաքին քաղաքականության մեջ այն փոփոխությունը, որի մասին խոսվում է վերջին օրերին ու ինչպե՞ս է այն արտահայտվել: Մեր այդ հարցին «Արմատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Նախ, ե՛ւ Ռ.Քոչարյանի, ե՛ւ Վ.Օսկանյանի ելույթները հենված էին միմիայն միջազգային նորմերի վրա: Ի թիվս այլ խնդիրների, օրինակ՝ Վ.Օսկանյանի ելույթում հատուկ շեշտված էր հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտությունը: Այստեղ, ի դեպ, երկու կարեւորագույն տարր կար: Մեկն այն էր, որ Հայաստանն ու Թուրքիան առանց նախապայմանների պետք է սկսեն հարաբերություններ հաստատել եւ, որ ամենակարեւորն է, այն խնդիրները, որոնք կապված են Ցեղասպանության հետ, պետք է կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ բանակցությունների ճանապարհով: Գիտեք, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը իբրեւ Թուրքիայի հետ հարաբերությունների նախապայման էր դիտում Ցեղասպանության ճանաչման հարցը եւ նույնիսկ գործուն աշխատանքներ էին տանում այլ պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչման համար: Սա ես գնահատում եմ, ինչ-որ տեղ, որպես վերադարձ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիային եւ շատ դրական եմ համարում»: Ս.Գրիգորյանը առանձնացրեց ՄԱԿ-ում Վ.Օսկանյանի ելույթի մեկ այլ հատված, որն առնչվում էր Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Ս.Գրիգորյանը ողջունեց Վ.Օսկանյանի մոտեցումներն այդ հարցում եւ առանձնապես նախարարի հայտնած այն տեսակետը, թե Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի մարդու եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Պարոն Գրիգորյանը նկատեց, թե մինչ այդ Ռ.Քոչարյանը Ղարաբաղի հիմնախնդիրը դարձրել էր պահանջատիրության եւ Հայ Դատի խնդիր: Անդրադառնալով նախագահ Քոչարյանի ելույթներին, պարոն Գրիգորյանն առանձնացրեց վերջինիս այն տեսակետը, թե Հայաստանի տեղը Եվրոպայում է, որ մեր երկիրը ընթանալու է ազատ շուկայական հարաբերությունների ճանապարհով: Մեր այն հարցին, թե նման տեսակետ Ռ.Քոչարյանն առաջին անգամ չէ, որ հայտնում է, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Բանն այն է, որ հայտարարելով, թե Հայաստանի տեղը Եվրոպայում է, հնարավոր չէ միաժամանակ առաջ քաշել խնդիրներ՝ պահանջատիրություն եւ Հայ Դատ, երբ դրանք միանշանակորեն անընկալելի են միջազգային հանրության համար: Այսինքն, Հայաստանը ինքնաբերաբար վերահաստատեց, որ հանձն է առնում ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի ընդունած նորմերը եւ պարտավորվում է խաղալ միջազգային հանրության խաղի կանոններով»: Ս.Գրիգորյանը շեշտեց նաեւ Վ.Օսկանյանի ելույթի ՄԱԿ-ի կառուցվածքի փոփոխությանը վերաբերող հատվածը, որտեղ վերջինս առաջարկում էր ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով նաեւ Ճապոնիային, Հնդկաստանին եւ այլն: «Դա բավական կառուցողական եւ շատ լավ ելույթ էր»,- խոստովանեց նա: Միաժամանակ վերջինս կասկած հայտնեց, թե արդյոք Ռ.Քոչարյանի եւ Վ.Օսկանյանի ելույթներն ուղղված չե՞ն միայն արտաքին աշխարհին եւ, որ Հայաստանի ներսում վարվող քաղաքականությունն էապես տարբերվելու է դրանից: Ի վերջո, այսօր Հայաստանում նախագահ Քոչարյանին անվերապահորեն սատարող կուսակցությունները, որոնք նաեւ իշխանական համակարգի մաս են կազմում, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, հանդես են գալիս պահանջատիրության, Հայ Դատի գաղափարախոսության դիրքերից, ինչն, ի դեպ, դարձել է նաեւ 98-ից ի վեր վարվող արտաքին քաղաքականության հայեցակարգը: «Այսինքն, պետք է եզրակացնել, որ կամ մեր իշխանություններն են դրսում մի հայտարարություն անում, ներսում՝ մեկ այլ բան ասում, ինչը Հայաստանի համար շատ վտանգավոր կարող է լինել, կամ՝ պետք է ենթադրել, որ իշխանություններն, իրոք, սկսել են հասկանալ համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու սկսում են վերանայել իրենց դիրքորոշումները»,- ասաց Ս.Գրիգորյանն՝ ավելացնելով, որ, եթե իրականում փոխված լինեն Քոչարյանի եւ Օսկանյանի դիրքորոշումները մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների իմաստով, ապա դա կարող է անխուսափելի դարձնել իշխող ծայրահեղ ազգայնական կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի եւ նախագահ Քոչարյանի միջեւ հնարավոր հակասությունները: Միաժամանակ, ի պատասխան մեր այն հարցին, թե իր կարծիքով Քոչարյանն իրականում իրականացնում է դրսի՞ն, թե՞ ներսին խոստացված քաղաքականությունը, պարոն Գրիգորյանը համոզմունք հայտնեց՝ մեր քաղաքացիներին ուղղված քաղաքականությունը, որը դրսում տված խոստումների հետ կապ չունի: Նա փորձեց նաեւ փաստարկել՝ այսօր վարվող քաղաքականությունն է, որ համապատասխանում է Քոչարյանի աշխարհայացքին, տեսակետներին, բայց քանի որ Հայաստանը, ի վերջո, աշխարհի մի մասն է կազմում, պետք է հուսալ, որ իշխանությունները վերջապես վերադառնում են այն սկզբունքներին, որոնք մենք պնդում էինք երեք տարի շարունակ: «Եթե երկրի բարձրագույն իշխանությունը միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունների կենսագործման հարցում, այնուամենայնիվ, հետեւողական չլինի, Հայաստանը կարող է մեծագույն վտանգների առաջ կանգնել, որոնք կհարուցվեն Արեւմուտքի կողմից: Միջազգային հանրությունը երբեք չի հանդուրժի, որ իրեն խաբեն»,- եզրակացրեց Ս.Գրիգորյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել