Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԵՐԻՆԵՐԸ

Փետրվար 02,2002 00:00

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԵՐԻՆԵՐԸ «Կարո՞ղ է չգիտենք հաշվիչները համատարած ետ պտտելը, բոլորս գիտենք» ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ 14.12.2001թ. Էներգետիկ համակարգի մասին վերջին շրջանում նորից սկսել են խոսել: Խոսել սկսել են բարձրաստիճան պաշտոնյաները: Թեման այս անգամ անլույս տարիների մազութ լափելը չէ: Արդեն խոսում են համակարգում այսօր առկա թերությունների մասին: Բարձր պաշտոնյաներին հավանաբար գրգռել են բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման անհաջող փորձերը: Մինչդեռ ուրիշ լուրջ պատճառներ էլ կան: Ամենաթանկ ապրանքը Սկզբում, պոպուլիզմին տուրք տալով, նշենք, որ վերջին 10 տարիներին էներգետիկայի թիվ մեկ գերու կարգավիճակում առաջին հերթին հայտնվեց բնակչությունը: Հետո սկսեց գործել շուկայական տնտեսության, դեռեւս Մարքսից հայտնի, «փող-ապրանք» մոգական բանաձեւը: Բնակչությունը վճարեց, եւ էլեկտրաէներգիան հայտնվեց: Ավելի ուշ արդեն էլեկտրաէներգիայի գերու կարգավիճակում հայտնվեց հանրապետության տնտեսությունը: Հատկապես տնտեսության իրական՝ արտադրական հատվածը: Ցանկացած արտադրության համար այսօր ամենամեծ գլխացավանքը արտադրվող ապրանքի ինքնարժեքում էներգակիրների բաժինն է: Նախ. երկրի արդյունաբերական արտադրության կառուցվածքի մասին: Ամենաթարմ պաշտոնական տվյալներով՝ մեր արտադրության թիվ մեկ ճյուղը սննդի արդյունաբերությունն է (մոտ 40 տոկոս): Եվս 5 տոկոս կազմում է ալրաղաց-ձավարեղենի եւ համակցված կերերի արդյունաբերությունը: Պետք չէ ոգեւորվել Քաջարան-Ալավերդի մետաղաձուլական համակարգերով: Սեւ եւ գունավոր մետալուրգիան արտադրության կառուցվածքում խիստ համեստ բաժին ունի՝ 5.5 տոկոս: Երբեմնի հզոր քիմիան էլ մի լուրջ ծավալ չունի՝ ընդամենը 2.6 տոկոս (էներգետիկայի բոբո դարձած «Նաիրիտի» մասին՝ հետո): Փաստորեն, երբ խոսում ենք հայրենական արտադրության մասին, պիտի հիշենք, որ արտադրություն կոչվածը օղի թորելն է, գինի շշալցելը, կոմպոտ-ջեմ-տոմատ եփելը: Մեկ-մեկ էլ ցորեն աղալը: Հիմնականում (կիսով չափ) սրանք են ու համանման մեկ, երկու բան: Մինչդեռ արդյունաբերական արտադրության վրա կատարված ծախսերի կառուցվածքի պաշտոնական (երկրորդենք՝ պաշտոնական) տվյալներին ծանոթ որեւէ մեկը չի կարող հավատալ այս փաստին: Ըստ հրապարակված տվյալների՝ արտադրության ծախսերի մեջ էներգակիրների բաժինը 90-ական թվականների վերջին տատանվել է 11-34 տոկոսի սահմաններում: Որեւէ տնտեսագետ հրաժարվեց մեկնաբանել այս փաստը: Համաձայնեք, որ իսկապես դժվար է բացատրել, թե այդ ինչպես կարող է տոմատի մածուկի, մրգահյութի կամ ծխախոտի արտադրության մեջ այդքան բարձր լինեն էներգետիկայի վրա արված ծախսերը: 20 տոկոսանոց էներգակիրների ծախս հնարավոր է միայն պողպատաձուլության ոլորտում: Բոլորին էլ ակնհայտ է, որ մեր ազգային ծիրանի ջեմը եփելու համար անհամեմատ ավելի քիչ էներգակիր է պետք, քան պողպատ ձուլելու համար: Հետեւաբար մնում է տրամաբանորեն մեկ հնարավոր պատասխան՝ մեր էներգակիրները շատ թանկ են: Թանկ էներգակիրները լուրջ խոչընդոտ են տնտեսության զարգացման համար: Հետեւաբար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու են դրանք այդքան թանկ: Իսկ պատասխանները շատ են եւ դրանք ի ցույց են դնում էներգետիկ ոլորտի ստվերն ու անարդյունավետությունը: Ծանոթ՝ ինչպես հինգ մատը Անարդյունավետության դասական օրինակ է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Այս թեմայով շատ է խոսվել: Այս թեման ծանոթ է ինչպես սեփական հինգ մատը, որով, չգիտես ինչու, քեզ ես ապտակել: Ներկայացնենք 5-րդի ոդիսականի ծանոթ ու անծանոթ հատվածներ: Մինչեւ 1993թ. ապրիլ-մայիս ամիսներին վարկային պայմանագիր կնքելը Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկը հրավիրել էր «Բեխտել» ընկերությանը: Գերմանական այս կազմակերպությունը հաշվել էր, որ անհրաժեշտ է մոտ 90 մլն դոլար: Եվրոբանկը ինքն էլ էր հաշվել (մոտ 83 մլն դոլար): Հետո կնքվել էր վարկային պայմանագիրը (պետական նախարար Սեպուհ Թաշչյան): 57.4 մլն դոլարանոց վարկից 1996-ին արդեն ծախսվել էր 45 մլն-ից ավելին: Եվս 9 մլն դոլար ծախսվել էր ՀՀ պետբյուջեից: Հետո տեղի ունեցավ այն, ինչ արդեն հայտնի է բոլորին: Պարզվեց, որ նախահաշիվը սխալ էր կազմված: Նույն 1996-ին Եվրոբանկը անկախ փորձագետ Չ. Յանովիչի գնահատմամբ «ենթադրեց», որ 55 մլն ծախսից հետո անհրաժեշտ է եւս 113 մլն դոլար: ՀՀ կառավարությունն էլ որոշեց «ստուգել» լրացուցիչ ֆինանսավորման չափը: Որոշեց ու դիմեց նույն գերմանական կազմակերպությանը, որի նոր հաշվարկը ենթադրում էր 108 մլն դոլար: Արդյունքը՝ պետությունը (եւ էներգահամակարգը) շալակեց 57.4 մլն դոլար պարտք եւ 5-րդն առ այսօր անավարտ է: Հրազդանի ՋԷԿ-ի ղեկավարներից մեկի կարծիքով, անավարտ էլ կմնա, որովհետեւ էներգաբլոկի երկու դետալներ Հայաստան ներկրելը տեխնիկապես անլուծելի խնդիր է: Այսօր Հայաստան մտնող միակ՝ վրացական երկաթգծով անհնար է այդ ծավալի եւ քաշի սարքավորումներ տեղափոխել: Իսկ Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր ինժեները նշեց, որ անհնար է այսօր միանշանակ պատասխանել «Արժե՞, արդյոք, ավարտել 5-րդ բլոկի մոնտաժումը» հարցին: Պատճառն այն է, որ Հայաստանում այսօր ոչ ոք չգիտի, թե երկրի տնտեսությանը որքան էլեկտրաէներգիա է անհրաժեշտ ասենք՝ 2005 կամ 2010 թվականներին: Չկա տնտեսության զարգացման ընդհանուր պլան-կանխատեսում- հաշվարկ: Հետեւաբար չկա նաեւ էներգետիկայի զարգացման պլան: Երկրի քաղաքական ղեկավարությունը փորձում է պարտքերի դիմաց Ռուսաստանին առաջարկել Հրազդանի ՋԷԿ-ը: Չորս գործող բլոկների հետ որպես վերադիր փորձում են նաղդել հինգերորդին: Իսկ առայժմ ուժի մեջ է մնում 1996թ. մայիսի 9-ին (հետաքրքիր ամսաթիվ է) Եվրոբանկի հետ ստորագրված հուշագիրը: Հայկական կողմից ստորագրել են նախարարներ Գ. Մարտիրոսյանը եւ Լ. Բարխուդարյանը: Ի դեպ, հետաքրքիր է այդ հուշագրի 5-րդ (նորից հինգերորդ) կետը: Այս կետը պահանջում է «ստուգումներով չխանգարել պրոյեկտի իրագործմանը» եւ մինչեւ հունիսի 15-ը դադարեցնել այդ պահին ընթացող ստուգումները: Վարկային միջոցների ծախսման ստուգումներն այդ պահին անցկացվում էր վարչապետ Հրանտ Բագրատյանի որոշմամբ: Դրանք անարդյունք էլ ընդհատվեցին: Անապատ ոռոգողները 90-ականներից էներգետիկները անընդհատ վարկային միջոցներ են ծախսում: Ամեն տարի հաջողությամբ կրճում են նաեւ ֆինանսական միջոցներ պետական բյուջեից: Էներգետիկներին հաջողվեց բնակչությանը ապացուցել, որ էլեկտրաէներգիան ապրանք է: Ապրանք, որի դիմաց հարկավոր է վճարել: Բնակչությունը վճարում է: Իսկ հետո սկսվում է հաշիվիչները հետ պտտելու գործընթացը: Այդ մասին գիտեն բոլորը: Բայց այդ մասին միայն հիմա կարելի է գրել, եւ որեւէ էներգետիկ վիրավորված արժանապատվությունը պաշտպանելու հույսով դատարան չի դիմի: Որովհետեւ այդ մասին գիտի նաեւ ՀՀ նախագահը: Նա հաշվիչները հետ տալու մասին 2001-ի դեկտեմբերի 14-ին մանրամասն պատմեց լրագրողներին: (Երեւի թաքուն ու փոքրիկ մի հույս ունենալով, որ լրագրողները դահլիճից դուրս գալով անհապաղ ադմինիստրատիվ միջոցներ կձեռնարկեն այդ համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու համար): Էներգահամակարգի ֆինանսական վատ վիճակի մասին էլ բոլորը գիտեն: Համակարգի արտադրող ձեռնարկությունները վերջին ամիսներին աշխատավարձ կարողանում են ստանալ միայն գործադուլի սպառնալիքով: Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ բաց է թողնվել համակարգի ֆինանսական վիճակը շտկելու եզակի մի հնարավորություն: Երբ 97թ. դեկտեմբերին ստեղծվեց «Հայռուսգազարդը», ռուսաստանյան կողմը մեր գազատարի 45 տոկոսի սեփականատեր դարձավ: Փոխարենը անվճար մինչեւ 2001թ. ապրիլը գազ էր մատակարարում: 3 մլն տոննայից ավելի մատակարարված գազի դիմաց հավաքագրված փողը՝ առնվազն 200 մլն դոլար (որի մի մասը բնականաբար կօգտագործվեր որպես անհրաժեշտ ծախս) լուրջ ֆինանսական աջակցություն կլիներ համակարգին: Իսկ ի՞նչ է հայտնի հասարակությանը այս՝ այսպես ասած, անվճար գազամատակարարման մասին: 2001-ին փոխվեց «Հայռուսգազարդի» ղեկավարությունը: Ուրիշ ոչինչ: Եթե չհաշվենք պաշտոնատար բարձրաստիճան անձանց հայտարարությունները, թե ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանությունը կապված էր իր ծառայողական գործունեության հետ: Հայտնի է, որ սպանությունը բացահայտված չէ: Հայտնի է նաեւ, որ նա ստուգումներ էր անցկացնում գազի համակարգում: Եվ բնականաբար այս «արդյունավետ» աշխատանքի ընդհանուր ֆոնի վրա էներգետիկներին «բոբո» է պետք: «Բոբո», որի վրա հնարավոր է մեղքեր ու փող բարդել: Նման իրավիճակում ամենահարմարը թերեւս արտադրության ոլորտն է: Չափազանց հարմար է օրինակ՝ «Նաիրիտը»: Քիմիական արդյունաբերությունը արտադրության կառուցվածքում համարյա չնկատվող կշիռ ունի՝ 2.6-4.2 տոկոս: Բայց «Նաիրիտն», օրինակ, հայտարարված է էներգահամակարգի թիվ 1 թշնամին: Ղեկավար էներգետիկները հաճախ են սիրում ասել, որ արդյունաբերական այդ հսկան ամեն ամիս մոտ 300 մլն դրամով մեծացնում է իր պարտքը: Եվ այսօր դժվար է ասել՝ դա օբյեկտի՞վ պատկեր է, թե՞ այլ ոլորտներում դուրս գրված հոսանքը, գազը պարզապես բարդվում է անհուսալի հայտարարված ձեռնարկության վրա: Մեծ քիմիայի հին ուրվականի դեմ ամենաարդյունավետ թուղթուգիրը պարտքերի ստացականներն են դառնում: Ժամանակին էներգետիկների համար դժվար էր բացատրել, թե ինչպես 92-96թթ. տարեկան արտադրված 6 մլրդ կվտ/ժամ հոսանքը չէր հերիքում շուրջօրյա մատակարարման համար, իսկ հետո՝ հերիքեց: Այսօր արդեն հարկավոր է, որ նրանք բացատրեն համանման վիճակը գազամատակարարման ոլորտում: Վերջին տարիներին մասամբ վերականգնվեց բնակչության գազամատակարարումը: Տրված աղյուսակից ակնհայտ է, որ այս տարիներին ավելի քիչ գազ է ներմուծվել, քան այն թվականին, երբ գազի հիմնական սպառողը հենց ինքը՝ էներգետիկ համակարգն էր: Հարկավոր է բացատրել, թե՞ ինչ են արել այդքան գազը: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցության հասցեն՝ home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել