Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽ-ն նշել է, որ ՀՀ-ում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը». առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը

Ապրիլ 29,2024 17:14

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ:

Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը»,- ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` ասել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Օրենքով ԶԼՄ-ներին չի պարտադրվելու ինքնակարգավորվել կամ մաս դառնալ ինքնակարգավորվող որեւէ կառույցի, սակայն խրախուսելի է լինելու համակարգին միանալը: Նշվել է, որ ինքնակարգավորման մեխանիզմին միացած եւ չմիացած լրատվական գործունեություն իրականացնողներն ունենալու են նույն իրավունքներն ու պարտականությունները, բայց ոչ նույն հնարավորությունները:

«Ի վերջո, հանրությունն ունենալու է հրապարակային ռեեստր, որտեղ բոլորս տեսնելու ենք, թե որ ԶԼՄ-ներն են, որոնք պատրաստ են եղել անցնելու այդ ճանապարհով` միանալու այս կամ այն ճանաչված ինքնակարգավորման մարմնին կամ ապագայում` մեդիախորհրդին: Մաս դառնալով այդ բարեփոխումներին` տվյալ ԶԼՄ-ն ցույց է տալու, որ պատրաստ է կրելու հանրային սոցիալական պատասխանատվություն եւ դառնալու ինքնակարգավորման համակարգի մի մաս»,- նշել է Տիգրան Դադունցը:

Նրա խոսքով նախաձեռնությամբ փորձ է արվում վերանայել ԶԼՄ-ների վերաբերյալ «ավանդական» հասկացությունները եւ դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ըստ զեկուցողի` մանրամասն սահմանվել են ԶԼՄ միջոց համարվելու հատկանիշները, ներդրվել է լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության գաղափարը: «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրեն համարում է լրատվական գործունեություն իրականացնող, պետք է ցույց տա այդ գործունեությամբ զբաղվելու մտադրությունը, որը կարող է արտահայտվել տարբեր ձեւով»,- ընդգծել է բանախոսը:

Խոսելով Մեդիախորհրդի ձեւավորման մասին` նշվել է, որ այն կազմված է լինելու ինքնակարգավորման մարմինների կամավոր միավորումից: Զեկուցողի խոսքով Մեդիախորհուրդը կլինի ինքնակարգավորվող, անկախ եւ ոչ առեւտրային կազմակերպություն:

Նշվել է, որ ՀՀ կառավարությունը կփորձի ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ համախմբել միջազգային գործընկերներին:

Զեկուցողը պատասխանել է քննարկման մասնակիցների` առաջարկվող փոփոխությունների, մեդիախորհրդի ձեւավորմանն ու գործունեությանը, վերջինիս տրվելիք արտոնություններին, հեղինակային իրավունքի խախտումների մասով Մեդիախորհդի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությանը վերաբերող հարցերին:

Կարեւորելով ոլորտում կատարվող փոփոխությունները` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ընդունելի է թե’ գործադրի, թե’ օրենսդրի եւ թե’ քաղհասարակության կողմից:

Նախաձեռնությունը լրամշակվելուց հետո կքննարկվի Կառավարության նիստում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930