Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քիչ՝ բայց լավ

Փետրվար 02,2002 00:00

Քիչ՝ բայց լավ Չինաստանում՝ ուր ապրում է 1 մլրդ 285 մլն մարդ, պետության կառավարման համակարգը իրականացնում է մեկ կուսակցություն՝ կոմունիստական։ Հարկ չհամարելով նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գոյության 53 տարիների ընթացքում տնտեսության բոլոր բնագավառներում ձեռք բերած աննախընթաց վերելքը, պարզապես ներկայացնում եմ անառարկելի փաստը։ Աշխարհի ամենահարուստ եւ հզոր պետությունում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բնակվում է 285 մլն մարդ եւ կա ընդամենը 2 կուսակցություն՝ հանրապետական եւ դեմոկրատական, որոնք գոյատեւում են պետության կազմավորման ավելի քան 200 տարիների ընթացքում։ Ռուսաստանում ապրում է մոտ 150 մլն մարդ եւ կա ընդամենը մի քանի կուսակցություն։ Հայաստանի անկախացումից հետո ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով հասարակ մարդիկ փայփայելով բնականորեն իրենց վերապահված գոյատեւման հույսը, հարկադրաբար մինչ օրս լքում են Հայաստանը՝ բռնելով արտագաղթի ճանապարհը եւ, ըստ հավաստի տվյալների, այժմ Հայաստանում ապրում է մոտ 2,5 մլն մարդ, Չինաստանի ազգաբնակչության ընդամենը 1,8%-ը։ Անկախացած Հայաստանում սնկի պես սկսեցին աճել կուսակցությունները եւ վերջին 107-ը պետականորեն գրանցվեց 2001թ. նոյեմբերի 24-ին։ Այսպիսով, աշխարհում գոյություն ունեցող 185 պետությունների մեջ Հայաստանը իր բազմակուսակցությունների թվով Գինեսի գրքում սահմանեց յուրօրինակ ռեկորդ, անհամեմատ ետ թողնելով հզոր Ամերիկային եւ Չինաստանին։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչով ուրախացրեց հասարակ մարդուն, օրինակ, 12-րդ, 48-րդ, 75-րդ կամ, ասենք, 100-րդ կուսակցությունը, ապա արժանավայել ոչ մի պատասխան չենք ստանա։ Պարզապես, ավելի շատ անպտուղ վիճաբանություններ, միմյանց նկատմամբ կշտամբանքի խոսքեր եւ այլն։ Տարօրինակ է նաեւ այն, որ բարձրակարգ իշխանավորները իրենց գործը առաջ տանելու համար ճիշտ կամ սխալ՝ անընդհատ միջազգային չափանիշների իրականացման անհրաժեշտության տեսանկյունից են խոսում, իսկ բազմակուսակցությունների թվի գոյատեւման հարցում միանգամայն հակադիր դիրքորոշում ունեն։ Մեր կարծիքով, Հայաստանում պետականության կազմավորման տեւական եւ հավասարակշռված գործընթացի իրականացման համար կարեւորագույն նշանակություն կունենա նաեւ բազմակուսակցությունների թվի կտրուկ կրճատումը, ղեկավարվելով՝ «Լավ է քիչ, բայց լավ» սկզբունքով, որի կենսունակության ողջ առաջընթացը անվերապահորեն ապացուցել են Ամերիկան եւ Չինաստանը։ Դա է ճշմարտությունը։ ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել