Լրահոս
Օրվա լրահոսը

Գամված է անկողնուն

Փետրվար 06,2002 00:00

Գամված է անկողնուն ՌԴ Ֆիլատովի մանկական քաղաքային կլինիկայի մասնագետները (բժշկագիտության դոկտոր՝ Վ. Մ. Կրեստյաշին, գլխավոր բժիշկ՝ Գ. Ի. Լուկին) գտնում են, որ Տիգրան Օհանյանի չափահաս դառնալուց հետո հնարավոր կլինի պրոթեզավորել նրա ծունկը։ Նույնը գտնում է Նորք-Մարաշ կլինիկական հիվանդանոցի բժիշկ Վաչագան Այվազյանը։ Տիգրան Օհանյանի (1993թ. ծնված)՝ կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնում առկա թիվ 56780 վկայականից տեղեկանում ենք, որ երեխային նշանակվել է կենսաթոշակ (3432 դրամ) 12.06.2001-ից, որպես հաշմանդամ։ Իսկ Տ. Օհանյանը հաշմանդամ է դարձել թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկ Հովհաննես Սարգսյանի կողմից։ Բժշկի կողմից «անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է համաներման ակտի ընդունվելու պատճառով». տեղեկացնում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Լ.Մուսախանյանը (25.12.2001թ. թիվ 274 գրությամբ)։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, «Տ. Օհանյանի մոտ կա աջ ծնկան հոդի կայուն անշարժություն, ինչը պայմանավորված է թիվ 1 համալսարանական մանկական կլինիկական հիվանդանոցում կատարված վիրահատությամբ…»։ Որ բժիշկը Տիգրանին պատճառել է մարմնական ծանր վնասվածքներ, հաստատվում է դարձյալ փորձագետների կողմից. «Տ. Օհանյանի ներվային վիճակը, աջ ծնկան հոդի անշարժությունը՝ սրունքի եւ ոտնաթաթի թեքվածությամբ, վերջույթի մկանների արտահայտված հետաճով, դասվում է մարմնական ծանր վնասվածքների շարքին՝ ի նկատի ունենալով դրանց հետ անմիջական կապի մեջ գտնվող ընդհանուր աշխատունակության կայուն կորուստը մեկ երրորդից ավելի չափով»։ Կարճ ասած, վիրահատությունը ոչ թե, ինչպես գրվում է, «հիմնավորված» չի եղել, այլ արդարացված չէր։ Երեխան ավտոմեքենայի մեջ խաղալիս անզգուշորեն վայր է ընկել, վնասել էր ծունկը։ Եվ այդ կապակցությամբ բուժօգնություն էր ստացել վերոնշյալ հիվանդանոցում, վիրահատվելով Հովհ. Սարգսյանի կողմից… Ըստ Կենտրոնի դատախազի օգնականի, բժշկի թույլ տված սխալներն էին. ա) չի կազմակերպել լիարժեք հետազոտություն, բ) կատարել է ծնկան հոդի բաց վիրահատություն, ինչի պատճառով էլ երեխան ստացել է անշարժացում, գ) չի կազմակերպվել դեղորայքային եւ ֆիզիոթերապեւտիկ բուժումը։ Բժիշկ Սարգսյանը համաձայն չի եղել իր կողմից թույլ տված սխալներին, սակայն փաստը մնում է փաստ, որ երեխան չի քայլում եւ, մասնագետների կարծիքով, նրան անհրաժեշտ կլինի «արհեստական ծունկ»՝ վերստին վիրահատություն, հետեւաբար՝ մեծ ծախսեր։ Իսկ քրգործ չհարուցողները եւ համաներողները կարո՞ղ են տալ երաշխիքներ, թե ի՞նչ կլինի Տիգրանի հետ նոր վիրահատությունից հետո, չափահաս դառնալուց հետո, բժշկին պատասխանատվության չենթարկելուց հետո, բարոյական-նյութական վնասը չհատուցելուց հետո։ Մենք տեղեկացանք, որ փետրվարի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննության կդրվի Տիգրանի մոր՝ Նաիրա Արզումանյանի «Վնասի հատուցման պահանջի մասին» հայցադիմումը։ «Գործով պատասխանող, վիրաբույժ Հովհ. Սարգսյանը մինչեւ երեխայիս վիրահատությունը 4 տարի անընդմեջ իրականացրել է բուժում, սակայն նշված բուժումը չի տվել ոչ մի դրական արդյունք, որից հետո նա ինձ առաջարկել է բուժումը շարունակել եւ 2000թ. մարտի 23-ին կատարել վիրահատություն, միաժամանակ խոստանալով վիրահատությունից 40 օր հետո երեխային ոտքի կանգնեցնել», գրում է այսօր արդեն հուսահատության մեջ հայտնված մայրը։ «Բժիշկ Սարգսյանը ինձ պարտադրել է պատրաստել տալ ամբողջ աջ ոտքի երկարությամբ ֆիքսացիոն ապարատ…», շարունակում է նա։ Իսկ ֆիքսացիոն ապարատը միայն մասնագետները կարող են ասել, թե որքան թանկ արժե։ Ուշագրավ են (եւ սա սպասվում է շատուշատ հիվանդատեր ծնողների) երեխայի բուժման հետ կապված ծախսերը՝ ըստ տարիների. 1997թ.- 1000 ԱՄՆ դոլար, 1998թ.- 1000 ԱՄՆ դոլար, 1999թ.- 1000 ԱՄՆ դոլար (բժիշկ-դեղորայք-սնունդ-տրանսպորտ)։ 2000թ. վիրահատության, վերականգնողական կենտրոնի, դեղորայքի համար այս ընտանիքը ծախսել էր 5100 ԱՄՆ դոլար, 2001-ին՝ 800 ԱՄՆ դոլար… «Հետագա բուժման եւ արհեստական ծունկ գնելու համար անհրաժեշտ է 7000 դոլար»։ Ն. Արզումանյանը դատարանից ակնկալում է, որ նա առաջնորդվի ՀՀ քաղօրի 1078 հոդվածի 1-ին կետով. «Քաղաքացուն հաշմություն, նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի առողջության քայքայման հետեւանքով ծագած լրացուցիչ ծախսերը՝ ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի… հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու… ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության եւ խնամքի նման տեսակների կարիք եւ չունի դրանք անվճար ստանալու իրավունք»։ Տիգրանն ունի այդ իրավունքը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել