Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐԵՎԵԼՔԻ ՍԻՐԱՀԱՐԸ

Փետրվար 09,2002 00:00

ԱՐԵՎԵԼՔԻ ՍԻՐԱՀԱՐԸ Մարլին Մարկոնին ՀՀ-ում Իտալիայի հյուպատոսի կինն է։ Իր ապագա ամուսնու՝ Ջորջիո Մարկոնիի հետ, որը Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյա էր, ծանոթացել է Լոնդոնում։ Պսակադրությունը տեղի է ունեցել Մալթայում՝ Մարլինի հայրենիքում, որից հետո սկսվել են նրանց ճամփորդությունները։ Ամուսնու գործի բերումով նրանք շրջագայել են աշխարհով մեկ, առնչվել տարբեր մշակույթների եւ սովորույթների։ Արեւելքում ի հայտ է եկել տիկին Մարկոնիի նկարչական շնորհը։ Նրա արվեստի վրա վառ հետք է թողել չինական մշակույթը։ – Ինչո՞վ ձեզ գրավեց արեւելյան մշակույթը, մասնավորապես չինականը։ – Ամբողջությամբ նվիրվել էի ընտանիքիս եւ միայն այն ժամանակ, երբ երեխաներս դարձան ավելի ինքնուրույն՝ ես սկսեցի զբաղվել նկարչությամբ։ Հանոյում (Վիետնամ) հաճախում էի «Արվեստների եւ արհեստների քոլեջ», որտեղ եւ սովորում էի նկարել մետաքսի վրա եւ լաքային գեղանկարչություն։ Հետագայում Մալայզիայում, Կուալա-Լումպուրում կատարելագործվեցի չինական վարպետ Չոնգ Չեն Չուանի մոտ։ Ինչ վերաբերում է իմ հակվածությանը չինական արվեստին, ապա պետք է ասեմ, որ հնարավոր չէ այն չսիրել, որովհետեւ դա հնամենի, արտասովոր եւ հիասքանչ մշակույթ է։ Մեզ հետ մենք բերել ենք չինական կահույք, որը շատ ենք սիրում։ Ինձ ոգեշնչել է նաեւ չինական բնությունը։ Յուրաքանչյուր երկրում ծառայելիս մենք պարտավոր ենք այն սիրել։ Վերջում զգում ենք, որ իսկապես սիրում ենք այդ երկիրը։ – Որքա՞ն ժամանակ եք Հայաստանում ապրում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք մեր սովորույթների վերաբերյալ։ – Հայաստանում ենք 2000-ից։ Մտերիմ ենք շատ հայկական ընտանիքների հետ։ Հայերը նման են իտալացիներին այն առումով, որ գնահատում են ընտանիքը եւ ուտել են սիրում։ Այն տպավորությունն է իմ մեջ ստեղծվել, որ հայերը հիմնականում արվեստով են զբաղվում։ Ծանոթության ժամանակ պարզվում է, որ մեկը ջութակահար է, մյուսը՝ դաշնակահար, երրորդը՝ թատերական գործիչ եւ այդպես շարունակ։ Սիրում եմ եւ հայկական արվեստը, բայց խոր չեմ ուսումնասիրել այն։ Չէի սպասում, որ Հայաստանում այսքան շատ խանութներ կլինեն։ Մի խանութից դուրս եմ գալիս՝ մտնում մյուսը եւ գնում այն իրերն ու մթերքը, որին մենք սովոր ենք։ Խանութներում էլ հայերեն խոսել եմ սովորում։ Դուր չի գալիս Հայաստանում այն, որ երթեւեկության կանոնները չեն պահպանվում, վարվում են՝ ինչպես հարմար է։ Ասիական երկրներում, որտեղ մենք ապրում էինք, տարվա բոլոր ժամանակներում շոգն է գերակայում։ Հայաստանում զգում ես տարվա 4 եղանակները։ Հատկապես այստեղ ինձ դուր է գալիս գարունն ու աշունը։ – Աշխարհով մեկ շրջագայել եք, ի՞նչն է հատկապես տպավորվել։ – Ասիական մշակույթը եւ ավանդույթները լիովին տարբերվում են եվրոպականից, սկսած սննդից, հագուստից եւ զբաղմունքից։ Արեւելքում մենք 70-ականներին ենք եղել։ Այն, ինչ մենք տեսել ենք այն ժամանակ, լիովին փոխվել է։ Պեկինում, օրինակ, մեզ չէր թույլատրվում առնչվել տեղի բնակչության հետ։ Ես միայն մի չինուհի սպասուհի ունեի։ Սնունդ չէր ճարվում։ Ամբողջ ժողովուրդը կանաչ գույնի համազգեստ էր կրում. կին, տղամարդ չէին տարբերվում։ Կանանց արգելվում էր մակիաժ օգտագործել։ Դա սովետական շրջանն էր։ Այնտեղ բնությունն էր յուրահատուկ՝ վառ կանաչ, շուրջ բոլորը գեղեցիկ ծաղիկներ էին աճում։ Պեկինից հետո Հոնկոնգը ուղղակի հայտնություն էր մեզ համար։ Դա շատ գեղեցիկ քաղաք էր։ Մենք հիանում էինք արեւադարձով, արեւմուտով, ինչը հիմա հնարավոր չէ. երկնաքերերը ծածկել են։ Չկա առաջվա խաղաղությունը։ Ամենուրեք իրարանցում է տիրում, վազք է՝ շահույթի հետեւից։ – Շարունակո՞ւմ եք զբաղվել նկարչությամբ։ Կազմակերպվե՞լ է ձեր նկարների ցուցահանդեսը։ – Իմ առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Մալթայում։ Կտավներիս մի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում։ Վերջերս «Առաջին հարկ» պատկերասրահում բացվեց իմ նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսից հետո տնօրենի խնդրանքով մի քանի նկարներ թողեցի ժամանակավոր ցուցադրության։ Տեղի նկարիչների կտավների կողքին ցուցադրվում է նաեւ իմը։ Նյութեր չգտնելու պատճառով չեմ կարողանում նկարել մետաքսի վրա եւ զբաղվել լաքային գեղանկարչությամբ։ Եվ իմ, եւ ամուսնուս ընտանիքում նկարիչներ կան։ Երեխաներիս փոխանցվել է այդ շնորհը։ Աղջիկս եւ որդիս նույնպես նկարում են։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել