Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օրհնվի էն սհաթը, երբ տուրիստի ոտը Լոռի կմտնի

Փետրվար 09,2002 00:00

Օրհնվի էն սհաթը, երբ տուրիստի ոտը Լոռի կմտնի Պատմության գիրկն անցան Հայոց դարձի 1700-ամյակին նվիրված տոնակատարությունները, իրենց հետ մոռացնելով բազմապատկված թվերով ներկայացվող զբոսաշրջիկների այցելությունները մեր երկիր, որոնք իրենց ներկայությամբ պիտի լցնեին պետական բյուջեն, միաժամանակ նպաստելով տուրիզմի զարգացմանը եւ աշխուժացնելով Հայաստանի մարզերի մեռած կյանքը։ Թումանյանի տարածաշրջանի ազգաբնակչությունը, ապրելով պատմական մի հողակտորի վրա, որը հարուստ է բազմադարյա քրիստոնեական հուշակոթողներով, նախապատրաստվել էր դիմավորելու տարածաշրջանի սրբավայրեր հյուրընկալվողներին։ Մաքրվեցին վանքերի ու եկեղեցիների տարածքները, դրանց հարեւանությամբ առաջացան փոքրիկ սրճարաններ, տեղադրվեցին պաղպաղակ, հյութեր ու խմորեղեններ վաճառելու կրպակներ։ Տեղի նկարիչները քրիստոնեական թեմաներով սեփական աշխատանքների բացօթյա ցուցահանդես-վաճառք կազմակերպեցին, իսկ առավել հնարամիտները, վանքերի մոտ գտնվող տարածքները վճարովի ավտոկանգառների վերածեցին։ Սակայն տուրիստական ոչ մի խումբ այդպես էլ չայցելեց Թումանյանի տարածաշրջան՝ հիասթափեցնելով ե՛ւ ժողովրդին, ե՛ւ այցելություններից օգուտ ակնկալող բիզնեսմեններին… Այդ կապակցությամբ հանդիպեցի Թումանյանի տարածաշրջանի պատմական միջավայրի պաշտպանության հսկիչ Էմիլ Այբեկյանին։ – Ինչո՞ւ ուշադրության չարժանացան մեր տարածաշրջանի պատմամշակութային արժեքները եւ Ալավերդու նորակառույց սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին։ – Թեեւ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոսը, բայց մեր տարածաշրջանի հարուստ ու ճարտարապետական շքեղ կառույցներով պատմամշակութային կոթողները իսկապես չունեցան իրենց այցելուները։ Սա նաեւ զարմանալի է, քանի որ մեր շրջանի մի քանի տասնյակ հազար կոթողներից 808-ը հանրապետական եւ հուշարձանների պահպանման համաշխարհային կազմակերպության ենթակայության տակ է առնված, իսկ Հաղպատի ու Սանահինի վանքերն ու վանքապատկան տարածքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ու հովանավորության մեջ են ներգրավված։ – Գուցե բացակայո՞ւմ էր Լոռու մարզպետարանի հոգածությունը, որի հետեւանքով մեր մարզում չձեւավորվեցին տուրիստական արշավները։ – Որոշված էր, որ հյուրերը պիտի հանգրվանեին Վանաձորի տուրիստական կազմակերպությունների հանգստյան տներում, հյուրանոցներում։ Սակայն, ինչպես պարզվեց, մեր մարզի տուրիստական համակարգը թույլ, կարելի է ասել՝ դեռեւս չձեւավորված վիճակում է, ուստի չիրականացան մեր ակնկալիքները։ Պիտի բացեինք մի քանի աշխատատեղ՝ տեղի թարգմանիչների համար, որոնք շրջելով զբոսաշրջիկների հետ, պետք է նրանց ծանոթացնեին մեր կոթողների պատմագրությանը։ Բայց միանշանակ չէի ասի, որ Լոռու մարզպետարանի հոգածությունը բացակայում էր, քանզի մարզի մյուս տարածքներում կարող է այցելուներ հյուրընկալած լինեն, որի մասին ես տեղեկություն չունեմ։ – Ինչո՞ւ զբոսաշրջիկներին չտրամադրվեց Ալավերդու հյուրանոցային հսկա համալիրը։ – Ավելի ճիշտ կլիներ օգտագործել Ախթալայի հանգստյան տունը, որը 2 դար առաջ որպես առողջարանային բազա կառուցվել է Արամյանցի նախաձեռնությամբ։ Ախթալայի գեղեցիկ առողջարանը նաեւ խաչմերուկ է հանդիսանում տեղի վանքի, Հաղպատի, Ջիլիզայի, Սանահինի, Օձունի, Արդվու եւ տարածաշրջանի այլ հուշակոթողների համար։ – Չի՞ նախատեսվում հետագայում շահագործել առողջարանը։ – Հավանաբար ոչ, քանզի արտասահմանցի մի քանի բարերարներ Ձորագետում, Դեբեդ գետի ափի զույգ բնակելի հին շենքերի հարեւանությամբ կառուցում են հյուրանոցային նոր համալիր, անտեսելով Ախթալայի կառույցի եւ աշխարհագրական դիրքի շահավետությունը, որը մի քանի տարի ձեռքից ձեռք անցնելով, մնացել է լքված ու մոռացված։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել