Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երկու կարեւոր ձեռնարկ

Մարտ 23,2002 00:00

Երկու կարեւոր ձեռնարկ Սահմանադրական դատարանի փոխնախագահ, միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի նախագահ Վլադիմիր Հովհաննիսյանի երկու գրքերի՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան. վճիռների ընտրանի (1979-2000թթ.)» եւ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան» շնորհանդեսն էր երեկ։ Ժողովածուների նախապատրաստումն ու հրատարակումն իրականացվել էր Ֆ. Էբերտի հիմնադրամի աջակցությամբ։ 1-ին գրքի նախաբանում ԵԴ նախագահ Լուզիուս Վիլդհաբերի ներածական խոսքն է, ուր խոսելով արդարադատության իրականացման, եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պատշաճ դատավարական երաշխիքների մասին, նա գրում է. «Արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլեւ պետք է իրականացվի հասարակական ընկալման մեջ»։ Գրքում տեղ է գտել 45 գործ, ինչպես նաեւ դատավորների «առանձին կարծիքը», որը մեզանում անվանվում է հատուկ կարծիք եւ ենթակա չէ հրապարակման։ «Ինչ խոսք, ոչ մի պետության, այդ թվում Հայաստանի համար բոլորովին ցանկալի չէ, որ նրա պետական մարմինների ակտերը կամ պաշտոնատար անձանց գործողությունները գանգատարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, սակայն դրանից խուսափելու միակ միջոցը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների բարեխիղճ կատարումն է՝ լիովին հաշվի առնելով ԵԴ վճիռները», ասում է գրքի հեղինակ Վլ. Հովհաննիսյանը։ Ի դեպ, վճիռների ընտրանու կազմողներն են նաեւ ՍԴ աշխատակազմի գլխավոր մասնագետ Լիանա Հակոբյանն ու ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ Լուսինե Հակոբյանը։ Գրքի առավելություններից մեկն այն է, որ Ստրասբուրգից… ժամանակագրության առումով մենք ետ ենք մնում ընդամենը 2 տարի եւ որ վճիռների (1979- 2000թ.) տպագրումն իսկ իրավական կուլտուրայի առումով ուսանելի կլինի մեր իրավագետների, իրավաբանների համար։ Երկրորդ ժողովածուի մեջ (տպագրվել է 1000 օրինակով) պատմվում է ԵԴ ստեղծման մասին, ԵԴ կազմի, կառուցվածքի, գործերի քննության ընթացակարգի, գանգատ ներկայացնելու կարգի մասին։ Ուշագրավ է, որ տպագրված է նաեւ դիմումի ձեւը, ինչն առաջին օգնությունն է մեր քաղաքացիների համար, որոնք իրենց իրավունքների համար կփորձեն դիմել Ստրասբուրգի ԵԴ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել