Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՈՃԻՐԻ ԲՈՒՐԳԵՐ»

Ապրիլ 24,2002 00:00

«ՈՃԻՐԻ ԲՈՒՐԳԵՐ» Իրավական միջօրեականներ Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքերի շարքում Հովհաննես Մելքոնյանի «Ոճիրի բուրգեր»-ն առանձնանում է իր խոր վավերականությամբ ու փաստացիությամբ՝ հիմնավորված հայ եւ թուրք ականատեսների վկայություններով, երիտթուրքական կուսակցության գաղտնի նիստերի եւ ժողովների սղագրություններով, Թալեաթի ծածկագիր հեռագրերով եւ հրահանգներով, թուրք այն պաշտոնյաների խոստովանություններով, որոնք պաշտոնանկ լինելով՝ գրավոր մերկացրել են իրենց կուսակցական պարագլուխների հայաջինջ գործողությունները, 1919 թվականին ստեղծված թուրքական հստակ դատարանների արձանագրություններով, որոնցում սղագրվում էին հայերի ջարդերի երիտթուրք կազմակերպիչների, թուրք իրավապահ պաշտոնյաների, ժանդարմական եւ ոստիկանական աստիճանավորների, հրաշքով փրկված հայ վկաների ցուցմունքները։ Մի խոսքով, «Ոճիրի բուրգեր» գրքում անառարկելի ապացույցներով հաստատվում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-ական թվականներին փաստորեն առաջինն ընդունել են իրենք՝ թուրքերը, իսկ այնուհետեւ եւ մինչեւ օրս ամեն կերպ, ամեն կեղծիք ի գործ դնելով՝ ժխտում են։ Աներկբայորեն կարելի է ասել, որ «Ոճիրի բուրգեր»172ը Մեծ եղեռնին նվիրված գրականության մեջ եզակի մի երկ է, որտեղ համապարփակ լայնությամբ ու խորությամբ, ընդգրկուն մանրամասներով ներկայացված են 1915-1921 թվականների Օսմանյան Թուրքիայի ոստիկանական, ժանդարմական, դատաիրավական, բանտային համակարգերը՝ շարքային ոստիկաններից մինչեւ ոստիկանապետերը, տեղահանվող հայերի քարավաններին ուղեկցող շարքային ժանդարմներից, բանտային հսկիչներից մինչեւ վերին պաշտոնյաները, մինչեւ գավառային դատավորները, դատախազները, մինչեւ Կ.Պոլսի ոստիկանական վարչության պետ Պետրին, որը մի գիշերում ձերբակալեց 235 հայ ազգային գործիչների եւ մտավորականների… Մինչեւ Կ.Պոլսի կենտրոնական «Մեհտերհանե» բանտի պետ Իբրահիմ էֆենդին, որը նրանց աքսորի պատրվակով երկրի խորքերը քշել տվեց եւ ճանապարհներին անլուր տառապանքների ու քստմնելի լլկանքների ենթարկելուց հետո նրանց կացիններով, բրիչներով եւ սղոցներով սպանեցին բանտերից ազատ արձակված թուրք ոճրագործները, նաեւ թուրք խուժանը, քուրդ, լեզգի, չեչեն, լազ ելուզակները, որոնք Թալեաթի կամեցողությամբ Անդրկովկասից հատուկ խմբերով եկել եւ վխտում էին այն վայրերում, որտեղով անցնելու էին պարաններով իրար կապոտված հայ տղամարդկանց, ապա ծերունիների, կանանց ու երեխաների քարավանները։ «Ոճիրի բուրգեր»172ը իր բովանդակությամբ եւ ասելիքով բազմաշերտ է, շոշափման լայն դաշտ ունի եւ բազում փաստա-գեղարվեստական հարցախնդիրներ են մեջտեղ բերվում, լուծում ստանում եւ դրանց վիպական տարաբնույթ զուգահեռները ձգվում են գրքի շուրջ 600 էջերի երկայնքով։ Սակայն մենք կներկայացնենք գրքի փաստա-գեղարվեստական այն զուգահեռները, որոնք անցնում են Օսմանյան կայսրության իրավապահ աշխարհի միջօրեականներով եւ կարծում ենք, որ կարդալով Հովհ. Մելքոնյանի այս գիրքը՝ յուրաքանչյուր հայ իրավապահ՝ լինի ոստիկան, դատավոր թե դատախազ, ի մոտո կճանաչի /թերեւս առաջին անգամ այս գրքով/, թե ով եւ ինչ արարած է եղել թուրք ոստիկանը, թուրք ժանդարմը, թուրք դատավորը, թուրք դատախազը… Իսկ ով չգիտի, որ անցյալի ոճիր գործողներին ճանաչել, նշանակում է՝ նոր ոճիր գործողներին արդեն նախածանոթ լինել։ Նախ, ինչպե՞ս են երիտթուրքերի կուսակցության պարագլուխները գաղափարապես հիմնավորել, իրավականորեն ձեւակերպել հայերի տեղահանությունն ու ջարդը եւ ի՞նչ ձեւերով ու եղանակներով են դա իրագործել։ «Ոճիրի բուրգեր»172ում այս եւ այսօրինակ հարցերին տրված պատասխանները ոչ միայն նոր ու նորովի են, այլեւ հիմնավորված այնպիսի կուռ կառուցիկությամբ ու վավերական ճշգրտությամբ, որ կասկածելու ոչ մի նշույլ, կասկածանքի ոչ մի տեղիք չի մնում՝ համոզված լինելու, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության գերագույն հեղինակի՝ Թալեաթի գերազանցիկ հետեւորդն է եղել Հիտլերը։ Հովհ. Մելքոնյանը գրքի առաջաբանում, ինչպես ասում են, «գրչի մեկ հարվածով» դեն է նետում խորհրդային 70 տարիներին պատմագիտական եւ գեղարվեստական գրքերում տաք պահվող այն կեղծ ու միաբջիջ մտայնությունը, թե իբր հայերի ցեղասպանությունը ծրագրել եւ իրագործել են սոսկ երիտթուրքերը, ահա մեղավորները եւ թուրք ժողովրդի մեջ մի փնտրեք ուրիշ մեղավորների… «Ոճիրի բուրգեր» գիրքը այդ անհիմն մտայնությունը վերջնականապես հերքում է եւ առաջինը լինելով՝ ապացուցում, որ երիտթուրքերը եւ քեմալական թուրքերը բարձրագույն գիտականությամբ ծրագրել եւ ղեկավարել են հայերի բնաջնջումը, դրա իրականացմանը ներգրավելով հայասպան առաքելությամբ Թուրքիա մեկնած այլազգի ելուզակներին, ամբողջ թուրք ժողովրդին՝ քաղաքների եւ գյուղերի մոլեռանդ խավերին՝ նրանց վերածելով ջարդարար խուժանի, նրանց մոլեռանդ ուղեղին պատվաստելով ջիհաթի՝ սրբազան պատերազմի թարախապալարը, տաքացնելով եւ հրահրիչ դարձնելով կողոպտելու եւ թալանելու նրանց ցեղային արյունաբջիջները, այլապես անհնարին կլիներ իր հողի վրա հազարամյակներով բնավորված մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը եւ բնաջնջումը։ «Ոճիրի բուրգեր» գրքի լույսընծայման օրերին Թուրքիայի խորհրդարանը լույս ընծայեց եւ Թուրքիայում, թարգմանաբար նաեւ արտասահմանում տարածեց «Հայերը՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին» գիրքը, որի շնորհանդեսին խորհրդարանի նախագահ Օմեր Իզգինը լրագրողներին ասել է. «Հայերը ձեռքի տակ ոչ մի հիմնավոր փաստ չունենալով, տարիներ շարունակ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել եւ ներկայացնում Թուրքիային։ Այս գիրքը վերջնականապես կհերքի հայերի պնդումները, թե իրենք ենթարկվել են ցեղասպանության»։ «Ոճիրի բուրգեր» գրքում պատկերված է արեւմտահայերի ճղակոտոր տոհմածառը՝ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող արեւմտահայերի հետնորդները այս գրքում կարող են գտնել բնաջինջ արված իրենց նախնիների անունները եւ տեղյակ լինել նրանց դժնի ճակատագրերին՝ ո՞ւր քշվեցին, ո՞ր անապատներ, որտե՞ղ կողոպտվեցին եւ որտե՞ղ գտան իրենց գերեզմանազուրկ մահը։ Հովհ. Մելքոնյանը իր «Ոճիրի բուրգեր» գրքում կառուցել է բուրգեր, որոնց քարերը շնչավոր են եւ այդ քարերը մարդիկ են՝ տեղահան արված, կողոպտված եւ կացնահարված հայեր՝ մեկամյայից մինչեւ իննսունամյան, որոնք այս գրքով մշտապես ձայն են տալու, զգաստացնելու են ապրողներին։ Դարերին ուղղված այս գիրք-պատգամախոսությամբ հայ անվանի գրողը հայ ժողովրդի հավաքական հիշողությունը վերածում է մշտատեւ ցասման՝ մինչեւ օրը արդար հատուցման։ ԳՐԻԳՈՐ ՄԵԼԻՔ172ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչդատարանի դատավոր, արդարադատության առաջին դասի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել