Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ ՕՐԵՆՔԻ

Ապրիլ 26,2002 00:00

Դատական նիստի մասնակիցներից մեկը երեկ երկու ժամ շարունակ լսելով, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի քանի խախտում է թույլ տվել Ազգային հանձնաժողովը՝ բացականչեց. «Ճիշտ է, օրենքի հե՛րն էլ անիծած»։

Ո՛չ նա, ո՛չ էլ դահլիճում գտնվողներից որեւէ մեկը թերեւս չէր կասկածում, որ դատավոր Նախշուն Տավարացյանն աչք է փակելու այդ ամենի վրա։ Խորհրդակցական սենյակում մեկ ժամ ինքն իր հետ խորհրդակցելուց հետո տնտեսական դատարանի դատավոր Նախշուն Տավարածյանն ընթերցեց իր վճիռը՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության», իսկ իրականում՝ ընդդեմ մեր երկրում հազիվհազ ձեւավորված բազմակարծության եւ խոսքի ազատության սաղմերի. «Դատարանը վճռեց «Մելտեքս» ՍՊԸ դիմումը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 19.02.02 թ. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթներ անցկացնելու մասին 11-24, 24.01.02 թ. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին թիվ 4 եւ 02.04.02 թ. 37 դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ճանաչելու եւ հեռարձակման լիցենզիա տալու թիվ 37 որոշումներն անվավեր ճանաչելու մասին՝ մերժել»։

Տավարացյանն ասաց, թե վճիռը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական պալատին՝ 15 օրվա ընթացքում, եւ թիկնապահների ուղեկցությամբ արագ փախավ։

Այնուամենայնիվ, չէր կարող չլսել, թե ինչպես էին հավաքվածները դեռ երկար իրեն ամոթանք տալիս, իսկ այս վճիռն անվանում ծախվածության եւ պատվերով գործելու ապացույց։ Եվ անգամ դատարանում լցված Հատուկ գումարտակի կարմիր բերետավոր տասնյակ ոստիկանների ներկայությունը (սա աննախադեպ էր նման հայցադիմումի քննության պարագայում) չէր զսպում մարդկանց։

Նախշուն Տավարացյանը հասցրել էր նաեւ ասել, որ վճռի բնագրին հնարավոր կլինի ծանոթանալ 7 օրից։ Եվ քանի դեռ հայտնի չէ, թե իրավաբանորեն ինչպես, ինչ ապացույցներով էր նա փորձել հիմնավորել «Ա1+»-ը չվերաբացելու վերաբերյալ իշխանությունների ցանկությունն ի կատար ածելը՝ «Ա1+»-ի փաստաբանները դժվարացան գնահատական տալ դատավճռին։ Հայտնի դարձավ միայն, որ նրանք անպայման բողոքարկելու են այս վճիռը։ Վերջինս Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն անվանեց «տրամաբանության մեջ չտեղավորվող»։

Համառոտ մեջբերենք, թե մինչեւ այս հակատրամաբանական դատավճիռն ինչպես էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) փաստաբան Սուրեն Պետրոսյանը պատասխանում «Ա1+»-ի փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանի եւ Օլգա Սաֆարյանի հարցերին։ Եվ, կարծում ենք, որեւէ տարակույս չի մնա, որ Ազգային հանձնաժողովը գործել է իրոք ինքնիրավչորեն, օրենքից դուրս, սեփական պատկերացումներով ու նախընտրությամբ։

«Ա1+». Դուք 2002 թ. ապրիլի 2-ին թիվ 92 գրությամբ պահանջել եք «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ից՝ դադարեցնել, այն է՝ անջատել «Ա1+»-ի հեռուստաալիքի հեռարձակումները։ Ասացեք, օրենքի ո՞ր հոդվածով եք ղեկավարվել։

ՀՌԱՀ. Նախ եւ առաջ, գրությունն ուղղված է եղել ոչ թե ՀՀՑ-ին, այլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար պրն Մանուկյանին։ Ինչ վերաբերում է նրան, թե օրենքի ո՛ր հոդվածով ենք առաջնորդվել նման գրություն ներկայացնելիս, ապա, կարծում ենք, որ գրություններ, նամակներ եւ այլ փաստաթղթեր ցանկացած պետական կամ ոչ պետական մարմիններին ու կազմակերպություններին ուղարկելու իրավունք Ազգային հանձնաժողովն ունի, ինչպես ցանկացած կազմակերպություն, իրավաբանական անձ, քաղաքացի եւ այլն։

«Ա1+». Ես դատարանի ուշադրությունն եմ հրավիրում, որ ըստ էության հարցին չի պատասխանվում։ Հարցը կոնկրետ հնչեց. օրենքի ո՞ր հոդվածով է ղեկավարվել՝ պահանջելով դադարեցնել «Ա1+» հեռուստաընկերության հաղորդումները։

ՀՌԱՀ. Հանձնաժողովը նամակի մեջ ոչ թե պահանջում է, այլ խնդրում է կապի նախարարի հանձնարարականը՝ դադարեցնել… Նամակով նախարարին խնդրանքով դիմելը դեռեւս չի նշանակում, որ այդ խնդրանքը պետք է բավարարվեր (ուշադրություն դարձրեք՝ ըստ հանձնաժողովի, ստացվում է, թե պատասխանատուն կամ մեղավորն Անդրանիկ Մանուկյանն է, որ դադարեցրել է «Ա1+»-ի հեռարձակումը, թեեւ նախարարը հրապարակավ էլ է հայտարարել, թե իր գերատեսչությունը կապ չունի «Ա1+»-ի հաղորդակն անջատելու հետ.- Ա. Ի.)։ Բավարարողը եւ անջատողն իրենք պետք է ղեկավարվեին օրենսդրական որոշակի պահանջներով եւ որոշեին՝ անջատե՞լ, թե՞ չանջատել։

«Ա1+». Օրենքի 54 հոդվածի պահանջով պարտավոր էիք արտոնագրի ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ հայտարարել 37 հաճախության մրցույթ։ Ինչո՞ւ եք օրենսդիրի պահանջը խախտել եւ մրցույթը հայտարարել 3 ամիս ժամկետային ուշացումով։

ՀՌԱՀ. Ազգային հանձնաժողովը չէր կարող 2001 թ. նոյեմբերի 22-ին անցկացնել 37 հաճախության արտոնագրման մրցույթ, քանի որ չկար նրա գործունեության իրավական հիմքերից մեկը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքը։

«Ա1+». Եթե իրավունք չունեիք գործողություններ կատարելու, այդ դեպքում ինչպե՞ս էիք 2001 թ. օգոստոսի 11-ին կայացնում 11-14 որոշումները, իսկ նոյեմբերի 21-ին՝ թիվ 66 որոշումը։

ՀՌԱՀ. Օգոստոսին հանձնաժողովը թվարկված որոշումները կարող էր ընդունել, քանի որ այն ժամանակ գործող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն չէր արվել ու կանոնադրությունը չէր փոխարինվել կանոնակարգով (այս փաստարկը կրկնվեց մի քանի անգամ՝ ապացուցելով, որ այլ արդարացում, քան զուտ անվանման խմբագրական փոփոխությունը, հանձնաժողովը, փաստորեն, չուներ.- Ա. Ի.)։ Ինչ վերաբերում է թիվ 66 որոշմանը, որով «Ա1+» հեռուստաընկերությանը թույլ էր տրվել շարունակել գործելու մինչեւ 37 հաճախությամբ մրցույթի հաղթողի որոշվելը, ապա նման որոշում ընդունելիս հանձնաժողովը ելել է բացառապես արտոնագրված անձի շահերի պաշտպանության նկատառումներից (հետո էլ Ռոբերտ Քոչարյանը կշտամբում էր ԱԺ-ին, թե նեղ շրջանակներ է գծել Ազգային հանձնաժողովի համար. փաստորեն, այն այնքան ազատություն է ունեցել, որ կարողացել է օրենքից չբխող իր բարի նպատակներն էլ իրականացնել.- Ա. Ի.

«Ա1+». Օրենքի ո՞ր հոդվածով եք ղեկավարվել, երբ 2001 թ. նոյեմբերի 21-ին թիվ 66 որոշմամբ թույլատրել եք «Մելտեքս» ՍՊԸ-ին գործել մինչեւ հայտարարվելիք մրցույթը։

ՀՌԱՀ. Հարցին արդեն պատասխանվել է։

«Ա1+». Դուք ընդունում եք, որ 37 կապուղու արտոնագրի ժամկետի ավարտի հետ կապվա՞ծ է հայտարարվել մրցույթը, թե՞ որպես ազատ հաճախություն։

ՀՌԱՀ. Նշված հաճախության մրցույթը հայտարարվել է արտոնագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ։

«Ա1+». Այդ դեպքում ո՞ր հոդվածով եք ղեկավարվել 2001 թ. նոյեմբերի 22-ին չհայտարարելով մրցույթ։ Ղեկավարվե՞լ եք օրենքով, որ մրցույթ չեք հայտարարել. հստակ ասեք՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Որեւէ տեղ հստակ արձանագրվա՞ծ է, որ եթե չկա կանոնակարգ՝ մրցույթ կարելի է չհայտարարել, սակայն կարող եք ուրիշ գործողություններ կատարել։

ՀՌԱՀ. Կանոնակարգի բացակայությունը օրենքը չէր կարող նախատեսել եւ ոչ էլ նման իրավիճակը, որպեսզի կարգավորեր։

«Ա1+». Օրենքի 49 հոդվածի «ժ» կետով սահմանվել է, որ պարտավոր եք դիմումատուից պահանջել տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին։ Ինչո՞ւ չի պահպանվել օրենքի այս պահանջը։

ՀՌԱՀ. Պահանջվել է ներկայացնել տեղեկություններ ֆինանսական աղբյուրների մասին։ Կարծում եմ, հանձնաժողովը պահանջել է այն, ինչ նախատեսված է։ Ինչ վերաբերում է տեղեկանքին, ապա «տեղեկանք» եւ «տեղեկություններ» հասկացություններն, ըստ էության, նույնն են, եթե խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է։

«Ա1+». «Տեղեկանքը» եւ «տեղեկությունը» տարբեր բառեր են։ Անգամ եթե լինեին հոմանիշներ՝ պարտավոր էիք վերցնել օրենսդիրի սահմանումը… Հաջորդը. պարտավոր էիք պահանջել նշում հեռուստաընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին), որն ընդհանրապես բացակայում է դիմումի մեջ։ Ինչո՞ւ եք խախտել օրենքի 49 հոդվածի «ժա» կետը։

ՀՌԱՀ. Օրենքի 49 հոդվածն ամբողջությամբ դիմումատուին ուղղված պահանջ է։ Եթե անգամ հանձնաժողովի կողմից հաստատված դիմումի ձեւում նման տող չի նախատեսվել լրացնելու համար՝ դիմումատուն ինքը պետք է ծանոթ լիներ օրենքին եւ ներկայացներ այդ տվյալները։ (Հիմա էլ մեկ այլ մեղավոր ու պատասխանատու պարզվեց՝ դիմումատուները, բայց երբեք՝ ո՛չ հանձնաժողովը.- Ա. Ի.

«Ա1+». Դուք հաստատել եք դիմումի օրինակելի ձեւեր եւ պարտադրել դիմումատուին։ Այս օրինակելի ձեւում չկա՛ն այդ կետերը։

… Սրանք դեռ ընդամենը հատվածներ են։ Եթե լրագրային ծավալը ներեր ամբողջությամբ ներկայացնել այս հարցուպատասխանը՝ լիովին ակնհայտ կդառնար, թե ինչպես էին հանձնաժողովի ներկայացուցիչները կատարված օրինախախտումները փորձում արդարացնել մե՛կ մեղքն ուրիշի վրա բարդելով, մե՛կ օրենքը վերլուծելով եւ հստակ սահմանումներից ինչ-ինչ սեփական եզրահանգումներ անելով, մե՛կ որոշակի պայմանները փոխարինելով օրենքի հիմնական հասկացություններով…

«Ա1+»-ի փաստաբանները տասնյակ անգամ միջնորդում էին դատարանին, որ պարտավորեցնի Հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ պատասխանել ըստ էության եւ մատնանշել օրենքների որոշակի հոդվածներ, երբ իրենց համառորեն խնդրում են անել դա։ Նախշուն Տավարացյանը խոստացավ, որ նման պատասխաններին անդրադառնալու է դատավճռում։ Թե ինչպես իրականացրեց իր խոստումը՝ արդեն հայտնի է։

Հանձնաժողովի փաստաբանները ներկա էլ չէին դատավճռի ընթերցմանը։ Թերեւս վստահ էին, թե ինչ է լինելու դրա բովանդակությունը։ Եվ պիտի որ նաեւ վստահ լինեին, որ իրենց աշխատանքի եւ ընդհանրապես՝ օրենքի եւ իրավականության հետ որեւէ կապ չուներ այս պյուռոսյան հաղթանակին հասնելը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930