Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՂԵԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

Հուլիս 19,2002 00:00

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՂԵԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ «Այն մարդկանց, ում տվել են մշակույթի ղեկը, հեռու են մշակույթից»,- հայտարարում է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը։ Նրա կարծիքով, հանրապետության 90-110 թանգարանների շենքերը ունեն լուրջ թերություններ, որովհետեւ թանգարանների 99%-ը ընդամենը հարմարեցված է այդ շենքերին։ Ըստ Լ. Բարսեղյանի, հայաստանյան թանգարանները շատ բաներով զիջում են եվրոպական եւ արեւմտյան թանգարաններին. մեզ մոտ թանգարանային աշխատանքը նույնացվում է այցելուների հետ տարվող աշխատանքին։ Զուգահեռներ տանելով մեր եւ դրսի թանգարանների միջեւ, Լ. Բարսեղյանը փաստում է, որ հայաստանյան թանգարանները զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, լուսային-ձայնային սարքավորումներից, հնարավորություն չունեն բազմէկրան ցուցադրություն կազմակերպելու։ Բոլոր թանգարանների բոլոր սրահներում միեւնույն լուսավորությունն է, իսկ լավագույն ցուցանմուշները ներկայացվում են այնպես, ինչպես սովորական, ոչ արժեքավորները։ Մինչդեռ դրսի թանգարաններում յուրաքանչյուր ցուցանմուշ իր առանձին լուսավորության աղբյուրն ունի։ Ամեն մեկը ցուցադրվում է համապատասխան երաժշտության ներքո եւ այլն։ Ավելին, ըստ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի, կանադական, ամերիկյան, ֆրանսիական թանգարաններում պարտադիր են հաստիքային որոշ միավորներ, ինչպես, օրինակ, ռեժիսորինը, օպերատորինը, դիզայներինը, մի բան, որ երազանք կարող է համարվել Հայաստանում։ «Թանգարանը սոսկ պահեստարան չէ,- գտնում է Լ. Բարսեղյանը,- որ առանձին սենյակներում բերենք- լցնենք պեղումների կամ հավաքչական աշխատանքի ընթացքում ձեռք բերված արժեքները։ Պահեստարանները չպետք է տարբերվեն բուն ցուցադրական մակերեսներից եւ մասնագետները պետք է հնարավորություն ունենան իջնել նկուղային հարկերը՝ մնացածը դիտելու համար»։ Ըստ նրա, ամբողջ աշխարհում էլ թանգարաններում հավաքվածի միայն 6%-ն է ներկայացվում այցելուին, սակայն ցանկացողները կարողանում են հագուրդ տալ իրենց հետաքրքրասիրությանը եւ դիտումները շարունակել պահեստարաններում, ինչը, Լ. Բարսեղյանի կարծիքով, երբեք չի հաջողվի հայաստանյան այցելուին։ «Հապա փորձեք մտնել որեւէ թանգարան ու տեսնել, թե ինչ վիճակ է տիրում նկուղային հարկում՝ չկան հատուկ սարքեր, համապատասխան լուսավորություն եւ այլն»,- ասում է նա։ Եվ ամենացավալին այն է, որ տասնյակ տարիներ են անցնում, սակայն թանգարանների կյանքում այդպես էլ էական փոփոխություններ տեղի չեն ունենում։ «Այսօր բոլորը խոսում են, որ Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին որոշ թանգարաններ են վերանորոգվում, բայց վերանորոգումը միայն պատի ներկի գույնը կամ կտուրի ծածկը փոխելը չէ։ Էական թերությունները այդպես էլ չեն շտկվում»,- համոզված է Լ. Բարսեղյանը։ Նա մտահոգված է, որ մինչ այժմ չկան թանգարանային արժեքների առանձին կատալոգներ, թանգարանային աշխատանքի վերաբերյալ գիտական հրատարակություններ եւ վաղուց ժամանակն է ստեղծելու մշակութային արժեքների պահպանման գիտահետազոտական, գիտամեթոդական կենտրոններ։ Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ վերջերս լույս է տեսել թանգարանային ուղեցույց, իսկ ցուցակում տեղ են գտել 110 թանգարաններ, որոնց մի մասը չի էլ գործում։ Ցեղասպանության թանգարանի տնօրենը կարծում է, որ նման հրատարակությունները պետք է կատարվեն ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակով, մասնագետների հետ խորհրդակցելուց եւ համաձայնեցնելուց հետո միայն. «Թե չէ հստակ երեւում է, որ գրանտով տպագրված այդ ուղեցույցի հեղինակները մասնագետներ չեն, հավանաբար կատարվել է պատվեր, որը հայտնվել է սեղանին»։ Լ. Բաղսեղյանը համոզված է, որ պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերել նաեւ թանգարանների հանդեպ ու մտածել Հայաստանում թանգարանային միավորումներ (գրական- հուշային, պատմական եւ երկրագիտական, ինչպես նաեւ գեղարվեստի թանգարաններ) ստեղծելու մասին, որոնց տիրություն կանեն խոշոր գիտական կենտրոն համարվող եւ ընդհանուր գիտական-մեթոդական աշխատանք կատարող մայր թանգարանները։ Նա ներկայումս խիստ անհրաժեշտ է համարում նաեւ նույն շենքում տեղավորված երեք թանգարանների (Հայաստանի ազգային պատկերասրահ, Գրականության եւ արվեստի, Պատմության թանգարաններ) միավորումը. «Այդպիսով կշահի շենքը. այն կունենա մեկ միասնական շահագործող, մեկ պահպանող եւ ոչ թե 3 տնօրեն, որոնցից դժվարանում են ազատվել»։ Նա հավաստիացնում է, որ ջանք չի խնայել, որպեսզի Ցեղասպանության թանգարանը հեռու մնա Երեւանում տարածված սրճարանային ոտնձգություններից։ Փոխարենը՝ ինքը կփորձի իրականացնել վաղուց ունեցած մտահղացումը. հենց Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ ստեղծել Արեւմտյան Հայաստանի ժողովրդական ճարտարապետությանն ու կենցաղին նվիրված բացօթյա ցուցադրություն։ Կլինի նաեւ Արեւմտյան Հայաստանի առանձին շրջանների ճարտարապետական կոթողների ու տների վերարտադրությունը, ինչի շնորհիվ այցելուները կկարողանան հյուրընկալվել բիթլիսցու, վանեցու, էրզրումցու, մուսալեռցու տներում, կհամտեսեն հայկական ազգային ուտեստներ եւ կլսեն զուտ Արեւմտյան Հայաստանի երաժշտություն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել