Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած անհարմար վիճակում՝ Ալիևը մեջտեղ է բերում Հայաստանի գործոնը. Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 27,2024 18:32

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևի, խաչակիրների ու խաղաղության մասին

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև էին ընդունել, որտեղ Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բանաձևում նշվում էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի անցկացման աշխատանքների հետ։

Այս բանաձևին ի պատասխան՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն էր տարածել, որտեղ Եվրոպական Խորհրդարանին մեղադրում էին «ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի ու իսլամաֆոբիայի մեջ»։

«Այդ ամենը նշանակում է այս կազմակերպությունում տիրող ադրբեջանաֆոբ, թուրքաֆոբ և իսլամաֆոբ տրամադրությունները գերակշռում են: Մյուս կողմից՝ այն պատգամավորները, որոնք նախագծել են այս բանաձևը, ակտիվորեն աշխատում են Ադրբեջանի դեմ, իսկ դա խոսում է հայկական լոբիի ազդեցության մասշտաբների մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Այսինքն՝ եթե Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, դրա մեղավորը հայերն են, իսկ ովքեր որ ասում են այդ մարդկանց ազատ արձակեք «իսլամաֆոբ» են։

Մեկ այլ դրվագում Ադրբեջանի պատասխանի մեջ Եվրոպային մեղադրում են «խաչակիրների հոգեբանություն» ունենալու մեջ՝ կրկին չմոռանալով խոսել Հայաստանի մասին։ «Մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից հետո քայլեր են ձեռնարկվում կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, մասնավորապես, երբ առաջին հուսադրող արդյունքները ձեռք են բերվել սահմանների սահմանազատման ոլորտում, Եվրախորհրդարանի այս վերջին գործողությունը փաստում է, որ որոշ ուժեր չեն ընդունում նոր իրողությունները Հարավային Կովկասում՝ խաչակիրների մտածելակերպով տոգորված լինելու պատճառով։ Այդ քայլն ուղղված է վնասելու Ադրբեջանի Հանրապետության հեղինակությանը և խարխլելու խաղաղ գործընթացը»,-ասված է տեքստում։

 

Ի՞նչ խաղաղ գործընթաց, Արցախի հայերի բռնի տեղահանումն էր խաղաղ, ՀՀ-ի վրա հարձակումն ու տարածքների օկուպացիան էր խաղաղ, ապօրինաբար Բաքվում պահվող հայերի հանդեպ վարքն էր խաղաղ, թե հայ ռազմագերիների կտտանքներն ու ընդհուպ մինչև հայ կին զինծառայողի անդամահատումն էր խաղաղ։ Ո՞ր մի խաղաղի մասին խոսենք, լավ։ Ի վերջո, ինչ կապ ունի Հայաստանի հետ գործընթացը ձեր քաղբանտարկյալների հետ։ Իհարկե, ոչ մի։

Ուղղակի ցանկացած անհարմար վիճակում Ալիևը մեջտեղ է բերում Հայաստանի գործոնը, իսկ Փաշինյանն էլ օգնել է, որ Ադրբեջանի ագրեսիան ու ուժով հարցեր լուծելու քաղաքականությունը ներկայացվի որպես խաղաղ գործընթաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930