Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՓՇԻԿԸ ՏԱՄ, ԼՈՇԻԿ ԱՌՆԵՄ

Օգոստոս 29,2002 00:00

ՓՇԻԿԸ ՏԱՄ, ԼՈՇԻԿ ԱՌՆԵՄ Այս մի քանի տարվա ընթացքում, որ բուռն իրադարձություններ են տեղի ունենում «Մանուկ» պոլիկլինիկայում, ցանկացած մանուկ չափահաս կարող էր դառնալ։ Իսկ «Մանուկն» այդպես էլ չի գտնում իր կարգավիճակը։ Մի քանի անգամ մեր թերթն անդրադարձել է «Մանուկի» շուրջ տիրող վիճակին։ Այսօր այն քիչ թե շատ կայունացել է, բայց դրանից պակաս անհեթեթ չի դարձել։ Իսկ վերջին հանգամանքին խիստ նպաստում է մեր կառավարությունը՝ այսօր մոռանալով երեկ ընդունած իր որոշումների բովանդակությունը։ 2001-ի օգոստոսի 6-ի որոշմամբ, ի թիվս այլ բուժհիմնարկների, լուծարելով «Համալսարանական թիվ 1 մանկական հիվանդանոցը», 2002 թ. հունվարի 18-ի որոշմամբ կառավարությունը այն «Մանուկ» պոլիկլինիկայի հետ միաձուլեց։ Նորացված «Մանուկի» տնօրեն «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի եւ աշխատանքային օրենսգրքի խախտումներով նշանակվեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Համլետ Միրզոյանի եղբայրը՝ Վահե Միրզոյանը։ Ներքին զարգացում-խմորումներին չանդրադառնանք։ Ս.թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը հանկարծ որոշում է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոցը» եւ «Թիվ 1 մանկական հիվանդանոցը» վերադարձնել «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Նկատենք՝ այն մանկական հիվանդանոցը, որը դեռ «զագսավորված էր» «Մանուկ» պոլիկլինիկայի հետ։ Մեկ էլ մեզ տեղեկություն է հասնում, որ «Մանուկի» կոլեկտիվը հավաքվել ու գրավոր ցանկություն ու պատրաստակամություն է հայտնել գնալ մասնավորեցման։ Տնօրեն Վահե Միրզոյանը հաստատեց այս տեղեկությունը։ Մեր դիտարկմանը, թե կառավարությունը դեռ որոշում չի կայացրել պոլիկլինիկաների մասնավորեցման մասին, վերջինս պատասխանեց, թե կոլեկտիվն իր կամքն է արտահայտել։ Իսկ դա, ըստ նրա, չի նշանակում կառավարության որեւէ որոշման դեմ կամ կողմ լինել։ Այն, որ համենայնդեպս 2001-2003 թթ. մասնավորեցման ցանկում պոլիկլինիկան ընդգրկված չէ, պրն Միրզոյանին չի անհանգստացնում. «Կլինի՞ կառավարության որոշումը, կոլեկտիվը կդիմի ցանկում ընդգրկվելու համար»։ Հարկավոր է արժանին հատուցել Վ. Միրզոյանին՝ խելոք խորհրդատու ունենալու համար. այս կերպ հող է նախապատրաստվում, որ համապատասխան որոշման առկայության դեպքում ժամանակ չկորչի։ Իսկ ժամանակ իսկապես արժե խնայել, քանի որ, ըստ «ՀՀ առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգի», «մասնավորեցման ենթակա առողջապահական հաստատությունների մեջ չի ընդգրկվի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի մեծ մասը՝ հատկապես մարզերում»։ «Մեծ մասը» «ամբողջի» մի մասն է, իսկ մնացածը, թեկուզ եւ փոքր մասը, փաստորեն ենթակա է մասնավորեցման։ Հայեցակարգը խոստանում էլ է դա՝ վերոնշյալ նախադասությունը վերջացնելով փակագծերում առնված «սկզբնական շրջանում» արտահայտությամբ։ Ավելին, «տարածքային եւ մասնագիտական առումով այլընտրանքային կարողությունների առկայության դեպքում մասնավորեցման ենթակա կարող են լինել Երեւան քաղաքում սահմանափակ թվով՝ 2-3 պոլիկլինիկաներ»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ խիստ մրցույթ կառաջանա, եթե կառավարությունը որոշի օգտվել «Հայեցակարգի» թողած սողանցքներից։ Թեեւ մասնագետների պնդմամբ, բուժօգնության առաջնային օղակը չպետք է երբեւէ մասնավորեցվի, որովհետեւ պոլիկլինիկաները տարածքային սպասարկման հիմնարկներ են։ Իսկ մասնավորեցման մասին օրենքը չի պարտադրում պահել պրոֆիլը։ Այսինքն, պոլիկլինիկան շատ հեշտ այլ օբյեկտ կարող է դառնալ։ Չդառնա էլ, մասնավորեցումից հետո, համենայնդեպս «Մանուկի» տնօրեն Վ. Միրզոյանն այլեւս չի աշխատի իր ազգականի (տվյալ դեպքում՝ եղբոր, քանի որ «Մանուկը» այժմ քաղաքապետարանի ենթակայությամբ է) անմիջական ենթակայությամբ։ Այս ամենը՝ ոչինչ, բայց, պարզվում է, կառավարությունը ս.թ. օգոստոսի 1-ին (ապրիլի 23-ից 3 ամիս հետո) որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել «Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցը» եւ «Մանուկ» պոլիկլինիկան միաձուլելու մասին իր որոշումը։ Այսինքն, բժշկական համալսարանին հիվանդանոցը տալուց հետո են գլխի ընկել, որ նրանց դեռ պետք է «բաժանել» իրարից։ Մասնագետներից այսպես բնորոշեցին իրավիճակը՝ թյուրիմացություն է եղել։ Այդպես թյուրիմացաբար էլ «միացնում-բաժանում» են։ Տեսնենք, ԵԲՀ-ն կհասցնի՞ գոնե որոշ ժամանակ «վայելել» իր այս բազան։ Թե՞ կառավարության մտքին արդեն մի բան կա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել