Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՋՕՄ-երը յուրացնում են»

Օգոստոս 29,2002 00:00

«ՋՕՄ-երը յուրացնում են» Այլընտրանք չունեցող բնական պաշարը՝ ջուրը, համաձայն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի (ընդունված՝ 2002թ. հունիսի 4-ին), սպառողին կարող է հասնել 3 ճանապարհով՝ համայնքների միջոցով, ՋՕՄ-ի միջոցով կամ ջուրն ուղղակի ջրօգտագործողին վաճառելով։ Գյուղացիները վաղուց է, ինչ չեն խուսափում վարձ մուծելուց եւ նրանց համար միեւնույն է, թե որ օղակի միջոցով է գանձվում ջրի վարձը։ Խնդիրը գանձված փողը տեղ հասցնելն է, ինչն անել զլանում են ՋՕՄ-երը, եթե միլիոնավոր դրամների կորուստը կարելի է «զլանալով» բացատրել։ «Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ-ի տնօրեն պրն Սեդրակյանի ասելով, իրենց հիմնարկին ՋՕՄ-երը 160 մլն դրամի պարտք ունեն, իրենք դատը շահել են, բայց հարկադիր կատարողները չեն գտնում տվյալ անձին, կազմակերպությանը, որպեսզի գումարը ետ բերեն. ՋՕՄ-երը ոչ գույք ունեն, ոչ շենք, ոչ էլ թուղթ ու թանաք. ումի՞ց եւ ի՞նչ պահանջես։ Համակարգի կայացման համար փողը տրամադրողի՝ Համաշխարհային բանկի պահանջն է, որ ջուրը սպառողին հասնի միջնորդ օղակի՝ ՋՕՄ-ի միջոցով։ Սակայն ստացվում է, որ ՋՕՄ-ը շատ տեղերում խոչընդոտում է համակարգի կայացմանը։ Կառավարության անցյալ տարվա 232 որոշման համաձայն, հավաքագրման 60%-ից ցածր ցուցանիշ ունեցող ՋՕՄ-ի հետ կարող են դադարեցվել պայմանագրերը։ «Արարատյան-ոռոգում» ՓԲԸ-ի տնօրեն պրն Գեւորգյանն արդեն իսկ չեղյալ է հայտարարել վատ ցուցանիշ ունեցող Տափերական, Նոյակերտ, Արմաշ գյուղերի ՋՕՄ-երի հետ աշխատանքը եւ մտադիր է անցնել անմիջապես սպառողի հետ անհատական պայմանագիր կնքելու աշխատաձեւին. «Համաշխարհային բանկի ծրագիր չլինի, ինչ ուզում է լինի, 10 միլիոն պարտքով չենք կարող աշխատել»։ Պարոն Սեդրակյանն էլ իր հերթին է մի քանի ՋՕՄ-երի դատի տվել՝ հավաքագրված գումարները գրպանելու եւ տեղ չհասցնելու հիմքով։ Իսկ գյուղացիները, իբրեւ փաստ, ցույց են տալիս իրենց ջրի գրքույկները. «Մինչեւ չմուծենք, մեզ ջուր չեն տալիս, ձերոնք ձեր փողը հավաքում են, տեղ չեն հասցնում»։ «Էջմիածին-ոռոգում»-ը, որն անցյալ տարի աշխատել է 37 ՋՕՄ-երի հետ, այս տարի, ի տարբերություն մյուս շրջանների, ջուրը վաճառում է 4 մասնաճյուղերի, մեկ ՋՕՄ-ի (գյուղ Արշալույս) եւ 3 գյուղապետարանների միջոցով։ ՓԲԸ-ի տնօրենը այն հարցին, թե ինչու է շրջանցում Համաշխարհային բանկի ծրագիրը, պատասխանեց. «Չենք շրջանցում, առաջ ենք անցել եւ նախապատրաստվում ենք աշխատել նրանց կազմած հեռանկարային ծրագրով։ Համաձայն Համաշխարհային բանկի կազմած ծրագրի, պետք է ստեղծվեն ընկերություններ, որոնք գլխամասից ջուրը վերցնեն եւ վաճառեն ջրօգտագործողին։ Մենք ընկերություններ չենք ստեղծել, դրանց փոխարեն այսօր գործում են պետական մասնաճյուղեր եւ մի քայլ է պետք, որ մասնաճյուղերը դառնան ընկերություններ ու միավորվեն։ Աշխատանքի այս ձեւը արդյունավետ է նրանով, որ եթե անցյալ տարի համակարգը կառավարելի էր 20-30%-ով, ապա այսօր՝ 50-60 տոկոսով»։ Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի նախատեսած կառույցի՝ ՋՕՄ-ի աշխատանքի արդյունավետ լինել-չլինելուն, պրն Սեդրակյանը կարծում է, որ Համաշխարհային բանկի «մտածածը» զարգացած երկրներում շատ լավ աշխատում է եւ կգա ժամանակ, որ մեզանում էլ արդյունավետ կգործի։ Իսկ այսօր համակարգում գերադասում են աշխատել անհատապես եւ անմիջականորեն սպառողի հետ, քանի որ պատասխանատվությունը լինում է անհատական ու կոնկրետ։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հ. Գ. Ագրարա-գյուղացիական կուսակցության նախագահ, նախկին գյուղնախարար Զավեն Գեւորգյանը վերջերս հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ջուրը պիտի ձրի տալ գյուղացուն։ Զավեշտական է, որ նույն մարդը, նախարար եղած ժամանակ, մի քանի անգամ նախատել է նույն պրն Սեդրակյանին, թե ինչու «ջրի վարձերի գանձման պլանը չի կատարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել