Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ով երգի, ով փող սարքի

Օգոստոս 29,2002 00:00

Ով երգի, ով փող սարքի Բացահայտ ճշմարտություն է՝ արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը, մեզ համար՝ մեր ժողովրդականը։ Մեր ազգային երաժշտական մշակույթի երախտավորներից՝ ժողովրդական երգի տիրամայր Օֆելյա Համբարձումյանի անունը սերտորեն շաղկապվել է «հայկական ժողովրդական երգ» հասկացության հետ։ Ազգային երգարվեստի բազմաթիվ նմուշներ մեզ են հասել նրա շնորհիվ։ Երգչուհին շուրջ կես դար ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլում է աշխատել։ «Արդեն 3-4 տարի է, ինչ գոյություն չունի 70 տարեկան մեր անսամբլը։ Ես հասկանում եմ սերնդափոխություն բառը, բայց վերջինս կատարվում է աստիճանաբար։ Չգիտես ինչու, լուծարվեցին ռադիոյի երաժշտական կոլեկտիվները, որոնցից մի քանիսը՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, գուսանական, ջութակահարների անսամբլները՝ շնորհիվ իրենց ղեկավարների, գործում են, ավելի ճիշտ՝ գոյատեւում։ Իսկ լուծարման անվան տակ խաչ դրվեց ժողովրդական արվեստի վրա, հանձին հանրապետությունում գործող միակ ժողնվագախմբի։ Գիտեմ. վերեւից աստղեր իջեցրած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր ազգի դեմքը առաջին հերթին իր ժողովրդական արվեստն է»,- ասում է երգչուհին։ Իհարկե, ժողովրդական երգը տվյալ ազգի հոգու թարգմանն է, նրա կյանքի, նրա ուրախության ու տրտմության, նրա հույզերի արտահայտիչը։ Դարերի միջով, սերնդից սերունդ անցնելով այն փոխվում է, նոր իմաստ, նոր երանգ ստանում՝ պահպանելով իր թարմությունը։ Երգչուհու խոսքերով. «Ժողովրդական երգերի ասելիքը նույնն է, եղանակներն են տարբեր։ Բոլորն էլ ձգտում են սատար լինել մարդուն՝ գովերգելով սերը, արթուն պահելով խիղճը, ամեն ինչ մաքրում ու ողողում լույսով եւ եթե ուզում ես դուրս կորզել հայ երգի մեջ դրված հույզն ու իմաստը, հուզել ունկնդրին, պետք չէ փնտրել շռայլ գեղգեղանքներ, քաղցրածոր ելեւէջներ, պետք է փնտրել միայն պարզություն, մի նրբերանգ ու եթե կարողացար գտնել ու շեշտել այն, երգը կդառնա մի կենդանի ու ոգեշունչ խոհ, հույզ, պատկեր։ Ու եթե հուզեցիր ունկնդրին (դե, դա ժամանակի խնդիր է), ուրեմն, անկախ խոչընդոտներից, անկախ ամեն ինչից (որը երգչուհու համար անխուսափելի է) դու երգչուհի ես, այն էլ մեկնաբան՝ ժողովրդի երգերի»։ Անսպասելի էր երգչուհու կողմից լսել «խոչընդոտ» բառը, որը նա մի փոքր մանրամասնեց. «Այն ժամանակվա սիստեմն էր վատը։ Չունեի իմ նվագախումբը, էլ չասեմ՝ իմպրեսարիո կամ մենեջեր։ Մեր անսամբլը մեծ էր, հասկանալի է, մեներգիչները ցանկանում էին հաճախ ձայնագրվել կամ բեմ դուրս գալ։ Մի խոսքով, ասեմ այսպես՝ հերթ էր։ Շատերին թվում է, թե ես ամեն ինչ հասցրել եմ։ Դա այդպես չէ։ Ես շատ-շատ բան չեմ արել։ Հետո, ես շատ խստապահանջ եմ իմ հանդեպ։ Երեկվա ձայնագրությունս կարող է այսօր ինձ չբավարարել, իսկ մեր օրերում հնարավոր չէ սիստեմատիկ ձայնագրվել»։ Երգչուհին անդրադարձավ նաեւ տեսահոլովակներ ունենալու խնդրին. «Այսօրվա շնչով տեսահոլովակներ չունեմ, հետեւաբար էկրանում էլ չկամ։ Անկեղծ ասած, հաճելի չէ, երբ անընդհատ հարցնում են. «Ինչո՞ւ ձեր նկարահանումները չեն ցուցադրում»։ Իհարկե, մեկ-մեկ անդրադառնում են իմ արվեստին։ Այստեղ էլ բարդություն կա, այն է, երբ այս հեռուստաընկերությունը ցանկանում է ցուցադրել Օֆելյա Համբարձումյանի նախկինում կատարված նկարահանումներ եւ չունի մատերիալը, ուրեմն պետք է դիմի այն հեռուստաընկերությանը, որը ունի։ Այս դեպքում էլ անպայման պետք է վճարել»։ Ասել, թե հեռուստաընկերությունները կամ տարբեր հաճախականության ռադիոալիքները ժողովրդական երգ ու երաժշտությանը չեն անդրադառնում՝ չենք կարող, բայց ի՞նչ կատարումներ են հաղորդվում, էլ չխոսենք երգերի մասին։ Իբրեւ դասական արվեստ, ժողովրդական երգը անզուգական է եւ միշտ ուսանելի։ Անհերքելի է, որ այսօր ճանաչված երգիչներից շատերը թե իրենց ժամանակին եւ թե ներկայումս աշխատում են կրկնօրինակել համբարձումյանական կատարումները։ Այս առիթով երգչուհին ասաց. «Անխոս իմ եւ կոլեգաներիս դպրոցը հիմք է ծառայել շատերի համար, բայց որեւէ մեկին ընդօրինակել պետք չէ։ Եթե այս կամ այն կատարողը իրենը չներդրեց, չգիտեմ՝ ինչ կստացվի։ Կարճ ասած՝ կստացվի կարկատան։ Ուրախ եմ, որ կոնսերվատորիան ունի ժողովրդական նվագարանների ու երգեցողության ամբիոն։ Երգը հենց այնպես չի կարելի վերցնել ու կատարել։ Դրան պետք է ծանոթանալ կամ, ավելի ճիշտ, վերհիշել մեր հայկական ժողովրդական դասական նմուշները։ Բառիս բուն իմաստով՝ մտնել երգի գաղափարական-կերպարային բովանդակության բացահայտման, ոճական ու լեզվական առանձնահատկությունների մեջ։ Այս ամենը պետք է կատարել միայն սիրով։ Հիշեք՝ սիրող հայացքի տակ քարը փոխվում է մարմարի, ծաղկում են չոր ծառի «տերեւն ու ճյուղը» եւ սիրո տաղարանում մաքուր ու ջինջ են հոգուդ մեղեդիները»։ Այն հարցին, թե ինչո՞ւ դուք չեք դասավանդում, երգչուհին զարմացավ, ասելով. «Ինչպե՞ս թե. կես դար դասավանդել եմ եթերից՝ մեծ լսարանի առջեւ…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Միամիտ են արվեստի մեր մեծերը, ասել է թե՝ հույսները դրել են դեռ պետական հոգածության, հովանավորության վրա։ Իսկ նրանց այսօր մատների վրա կարելի է հաշվել։ Ավելին՝ հանրապետությունում միակ Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր «նվագախումբը», թվում է, կա, գործում է։ Տեղին է ասված՝ անունը կա, ամանումը՝ ոչ։ Այսինքն՝ մնացել են հատուկենտ երաժիշտներ ու մեներգիչներ։ Խիստ կասկածելի է աշխատաոճը. ռադիոյում արդյո՞ք կատարվում են ձայնագրություններ, նկարահանումներ։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ այնտեղ էլ ամեն մարդ իր ծառն է ջրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել