Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒՌՆԵՆ ԿՓՉԻ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ

Օգոստոս 29,2002 00:00

ԶՈՒՌՆԵՆ ԿՓՉԻ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ Օգոստոսի 23-ի «Առավոտում» տպագրված «Հարեւանի հարսն ավելի սիրուն է» հոդվածի կապակցությամբ, որում ուզբեկական կուրաշ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացվելու առիթով անդրադարձել էինք մեր ազգային կոխին ու Հայաստանում դրա ներկայիս վիճակին, խմբագրություն եկավ Կոխի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արման Սեդրակյանը։ Նրա հետ զրույցն ստացվեց հետաքրքիր։ Ինչպես եւ սպասվում էր, պարոն Սեդրակյանին եւ մեզ մտահոգող խնդիրները նույնն են։ Արման Սեդրակյանն ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ կազմավորվել է կոխ ըմբշամարտի ֆեդերացիան, որը գլխավորում է ինքը։ Այդ հարցում իրենց շատ են օգնել ՀԱՕԿ-ը, որը նպաստել է կազմակերպության գրանցմանը, սպորտի պետական կառույցը։ Ազգային կոխը, իրոք, ժամանակին անուշադրության է մատնված եղել։ Ճիշտ է, մի քանի անգամ այն վերակենդանացնելու փորձեր արվել են, սակայն, որպես կանոն, նախաձեռնությունները կիսատ են մնացել։ Հիմա արդեն մեկ տարի է, ինչ իրենք լրջորեն զբաղվում են մարզաձեւը պահպանելու եւ զարգացնելու աշխատանքներով։ Դա հեշտ չէ, բայց գործն առաջ է գնում։ Մի քանի նվիրյալներով իրենք ուսումնասիրում են պատմական աղբյուրները եւ հետաքրքիր ու կարեւոր նյութեր են հայտնաբերել։ Դրանց հիման վրա գրվել է մարզաձեւի կանոնադրությունը, որը, սակայն, դեռ լրամշակման կարիք ունի, սահմանել են մարզիկների քաշային կարգերը, կազմել մրցագորգի նախագիծը, որոշել մարզազգեստների տեսքն ու ոճը, որոնք պետք է համապատասխանեն մեր ավանդական տարազին։ Նախապատրաստական ու կազմակերպչական այս աշխատանքներին զուգահեռ, ֆեդերացիան կոնկրետ գործեր է ծավալել հատկապես Էջմիածնում, որտեղ արդեն գործում են կոխ ըմբշամարտի խմբեր։ Դրանցում մեր հայկական այս մարտարվեստը յուրացնում են տասնյակ ու հարյուրավոր պատանիներ եւ երիտասարդներ։ Քանի որ կոխը բավականին նմանություններ ունի ձյուդոյին եւ սամբոյին, լուծվում է նաեւ մարզիչների հարցը։ Եվ, որ ամենից ավելի ուրախացնողն է, պատրաստվում են անցկացնել Հայաստանի առաջնություն։ Այս աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն ֆեդերացիային անգնահատելի աջակցություն են ցույց տալիս Էջմիածնի քաղաքապետարանը, հովանավորները։ Արման Սեդրակյանը տեղեկացրեց, որ ՀԱՕԿ-ում խոստացել են եկող տարվանից ֆինանսավորել իրենց ֆեդերացիան։ Դա հնարավորություն կտա ավելի գործնական ու արդյունավետ դարձնել կոխի արմատավորումն ու տարածումը հանրապետությունում։ Վերջին խնդրի՝ մարզաձեւի տարածման շուրջ երկուսս էլ միակարծիք էինք. անհրաժեշտ է, որպեսզի դրանով զբաղվեն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքների ղեկավարները։ Շոշափվեց նաեւ մեր կոխը, ինչպես կուրաշի պարագայում է, նույնպես աշխարհին ճանաչելի դարձնելու հարցը։ Դա, ինչ խոսք, լուրջ ու բարդ գործ է։ Ասում են, որ ուզբեկներից տեւական ջանքեր ու նյութական հսկայական միջոցներ են պահանջվել։ Իսկ վերջինը Հայաստանը չունի։ Սակայն կարելի է այլ ճանապարհով գնալ։ Օրինակ, կոխ ըմբշամարտը մտցնել Համահայկական խաղերի ծրագիր։ Դա նշանակում է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները կսկսեն զբաղվել ազգային ըմբշամարտով ու այն, հնարավոր է, տարածվի նաեւ օտարերկրացիների շրջանում։ Մի շատ կարեւոր հանգամանքի մասին էլ։ Արման Սեդրակյանը այս օրերին զբաղված է շտապ կարգով գոնե կոխի երկու մարզազգեստ պատրաստելով, որովհետեւ ցանկանում է կուրաշի աշխարհի առաջնության ժամանակ, որին ներկա են լինելու դրա միջազգային ֆեդերացիայի ղեկավարներ, տարբեր աշխարհամասերի ներկայացուցիչներ, ցուցադրական ելույթ կազմակերպել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել