Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՋՐԱՂԱՑԸ ՊՏՏՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱԼՅՈՒՐ ՉԻ ԱՂՈՒՄ»

Օգոստոս 30,2002 00:00

«ՋՐԱՂԱՑԸ ՊՏՏՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱԼՅՈՒՐ ՉԻ ԱՂՈՒՄ» Այսպես բնորոշեց «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցի քննության ընթացքը Աշոտ Բլեյանը։ Համեմատությունը տեղին էր՝ դատական նիստեր են անցկացվում, բայց գործի քննությունն առաջ չի ընթանում մի քայլ անգամ։ Սակայն մինչ կներկայացնենք, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում երեկ անցկացրած օրն էլ որքանով հաստատեց այս համեմատության ճշմարտացիությունը, նշենք, որ սպառողների ներկայացուցիչներն իրենց որոշ դիմումների պատասխանները ստացել են պատկան մարմիններից։ Օգոստոսի 15-ին Աշոտ Բլեյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին, մասնավորապես նշելով, որ իրենց դիմումի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դատավոր Ռուբեն Ներսիսյանը կայացրել է «ակնհայտ անարդար որոշումներ», ասենք՝ ապօրինի միացրել է քաղաքացիական գործերը, վարել է դատական նիստ՝ «չունենալով դրա՝ ՀՀ օրենքով որոշված լիազորությունը», եւ այլն։ Դիմողների խնդրանքին՝ Քրեական օրենսգրքի «իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու» եւ անարդար որոշում կայացնելու վերաբերյալ հոդվածների հիմքով քրեական հետապնդում հարուցել դատավոր Ռուբեն Ներսիսյանի դեմ, օգոստոսի 22-ին պատասխանել է Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ. Դանիելյանը։ Բնականաբար, դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել՝ նշելով, թե դատավորի գործողություններում «բացակայում է հանցագործության դեպքը»։ Բայց հետաքրքրականը մերժման հիմնավորումն է. «Գործով նախագահող Ռ. Ներսիսյանի կողմից կայացված որոշումներով հիշյալ քաղաքացիական գործը, ըստ էության, չի լուծվել։ ՀՀ Քրեական օրենսգրքի 191 հոդվածը պատասխանատվություն է սահմանում շահադիտական կամ անձնական այլ դրդումներով դատավորների կողմից ակնհայտ անարդար այնպիսի դատական ակտ կայացնելու համար, որով, ըստ էության, լուծվել է քրեական կամ քաղաքացիական գործը»։ Մինչդեռ 191 հոդվածում որեւէ խոսք չկա, թե կարող են պատժելի լինել դատավորների զուտ վերջնական որոշումները, միայն նշված է «ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի ժամանակով»։ Աշոտ Բլեյանը դատախազության մերժման հիմնավորումն անվանեց «կեղծիք», «օրենքի ոչ պատշաճ մեկնաբանություն» եւ նշեց, թե հակված են այդ որոշումը բողոքարկել 1-ին ատյանի դատարանում։ Արտակ Զեյնալյանն ու Աշոտ Բլեյանն օգոստոսի 14-ին դիմել էին նաեւ Արդարադատության խորհրդի քարտուղար Դավիթ Հարությունյանին, շարադրելով «դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից արդարադատություն իրականացնելիս՝ նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող, օրենքի կոպիտ խախտում թույլ տալու վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները»։ Եվ պահանջել էին դիմել Արդարադատության խորհրդին՝ դադարեցնելու համար այս դատավորի լիազորությունները կամ կարգապահական վարույթ հարուցել նրա նկատմամբ։ Արդարադատության խորհրդի քարտուղարին հղված այս դիմումին օգոստոսի 22-ին պատասխանել է արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Վ. Ստեփանյանը. «Պարզվում է սրանք նույնացված են,- ասաց պրն Բլեյանը։- Թեեւ, ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհուրդն ու նախարարությունը տարբեր մարմիններ են»։ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետն իր պատասխանում նշում է, թե «ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը՝ արդարադատություն իրականացնելիս, անթույլատրելի է եւ առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ձեր դիմումներում բարձրացված հարցերին հնարավոր է անդրադառնալ միայն քաղաքացիական գործի քննության ավարտից հետո»։ Սա էլ հարուցեց սպառողների ներկայացուցչի տարակուսանքը. պարզվում է՝ դատավորի օրինախախտումներին կարելի է անդրադառնալ միայն այնժամ, երբ ուժի մեջ կլինի այդ խախտումներով կայացված դատավճիռը։ Այս ամբողջ թղթատարությունը ներկայացնելը կարեւորում ենք, քանզի խիստ ակնառու է ապացուցում, թե ինչ անթափանց պատի են բախվում մարդիկ, ովքեր փորձում են զուտ օրինական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները եւ դրանք ոտնահարողներին ենթարկել պատասխանատվության։ Իսկ այժմ՝ այն մասին, թե ինչի են հանգեցնում նման փորձերը դատարանում։ Ալելո՛ւիա, երեկ վերջապես ավարտվեց այս դատավարության նախապատրաստական փուլը, որը տեւեց… երեք շաբաթ։ Եվ սպառողների ներկայացուցիչների՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին երեք անգամ հայտնած բացարկը վերջապես քննարկվեց երեկ։ Բայց մինչ կսկսվեր բուն դատաքննությունը՝ էլի մի երկու-երեք ժամ անցավ հարկադիր ընդմիջումների եւ հոգեմաշ արարողակարգային հարցերի պարզաբանման վրա։ Սպառողների ներկայացուցիչներն ի սկզբանե պայմանավորվել էին, թե ծպտուն իսկ չեն հանելու՝ «որ չստեղծվի տպավորություն, թե մենք ենք ձգձգում դատը»։ Բայց դատավորն առաջին իսկ հարմար առիթով (որպեսզի հնարավորություն ընձեռի մի քաղաքացուհու բերել իր անձնագիրը) հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում եւ վերադարձավ մեկ ժամից՝ պատճառաբանելով, թե պարզում էր՝ ներկաներից ով ինչ կարգավիճակ է ունեցել գործում մինչ այժմ։ Եվ հետո էլ հենց համադիմողները որեւէ խնդիր էին ցանկանում պարզաբանել (ասենք՝ արդյոք իրո՞ք դատավարության բոլոր մասնակիցները պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի մասին, մանավանդ որ, հենց դատարանի դահլիճում հնչեցին հակառակի մասին վկայող հայտարարություններ), Ռուբեն Ներսիսյանն անմիջապես առաջարկում էր ընդմիջում անել, որպեսզի ծանոթանան համապատասխան փաստաթղթերին։ Դատավորն անձնապես էր ստանձնել մասնակիցներն ներկա-բացակա անելու (որ երեկ էլ զբաղեցրեց դատական նիստի առյուծի բաժինը) գործը, որն ըստ սահմանված կարգի՝ դատական նիստերի քարտուղարի պարտականությունն է։ Այս մասին հիշեցումները թողնում էր անարձագանք՝ թեեւ հաճախ նաեւ բանավեճ էր ծագում պրն Ներսիսյանի եւ դատավարության մասնակիցների միջեւ։ «Մենք մի երազ ունենք՝ մայիսի 20-ից արդեն,- իրենց դիմումը ներկայացնելու օրը մատնանշեց Աշոտ Բլեյանը,- որ լինի մի դատավոր, որը կվերականգնի մեր խախտված իրավունքները, եւ մենք մեր նախընտրած ԶԼՄ-ներով կկարողանանք դարձյալ ստանալ տեղեկություններ»։ Նրա համոզմամբ՝ Ռուբեն Ներսիսյանն ակնհայտորեն չի կարող լինել այդ դատավորը։ Բացի դատավարական խախտումներից եւ ձգձգումներից՝ այս վստահության համար հիմք էր ծառայել, հիշեցնենք, այն հանգամանքը, որ Ռուբեն Ներսիսյանը վճիռ է կայացրել՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ հանրահավաքների եւ երթերի իրենց սահմանադրական իրավունքն իրականացրած երկու անձանց։ Որեւէ հիմք չկա հուսալու, թե նա կպաշտպանի տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու քաղաքացիների իրավունքը եւ ունկնդիր կլինի «Հնաբնակ երեւանցիների միության» ներկայացուցիչ Հռիփսիմե Բաբայանի դատարանում իսկ ասածին. «Ես խնդրում եմ Ձեզ՝ վերադարձրեք մեզ «Ա1+»-ը եւ «Նոյյան Տապանը»։ Ե՛վ նա, ե՛ւ դատավարության այլ մասնակիցներ միացան Ռուբեն Ներսիսյանի դեմ դեռ 27 օր առաջ հայտնած բացարկին։ Թե ինչ լուծում կտա դրան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը՝ պարզ կդառնա այսօր, ժամը 12-ին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկվա դատական նիստին եւս դարձյալ առանց որեւէ պատճառաբանության չէին ներկայացել պատասխանողները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու նաեւ՝ կապի եւ տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։ Իսկ արդարադատության նախարարությունը գրությամբ տեղեկացրել էր, թե ինքն «անպատշաճ պատասխանող» է։ Այս պատճառաբանությանն առավել հանգամանալից կանդրադառնանք վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել