Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՑ

Սեպտեմբեր 20,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՑ Փաստաբանը՝ խաղից դուրս վիճակում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում «Հոկտեմբերի 27» քրգործով կողմերի մրցակցության սկզբունքն իրականացվում է հետեւյալ ձեւով. մեղադրանքի կողմը շարունակում են ներկայացնել մեղադրողներ Հակոբ Մարտիրոսյանը, Անահիտ Եղիազարյանը, Արմեն Հարությունյանն ու Գագիկ Ավետիսյանը, գումարած Կ. Դեմիրճյանի, Յու. Բախշյանի եւ Վ. Սարգսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ-փաստաբաններն ու պաշտպանական կողմը, հանձինս ամբաստանյալներ Ն. Հունանյանի, Է. Գրիգորյանի, Ա. Կնյազյանի, պաշտպաններ Բենիամին Մինասյանի, Կարո Աղաջանյանի եւ Մարուսյա Չիլինգարյանի։ Մինչեւ երեկ ահաբեկիչների խմբից ամբաստանյալ Համլետ Ստեփանյանն էլ ուներ իր պաշտպանը, եւ նրա պաշտպանությունն իրականացնում էր Հայաստանի փաստաբանների միության անդամ Աղասի Աթաբեկյանը։ Վերջինիցս Հ. Ստեփանյանը նպատակահարմար համարեց հրաժարվել «ներկա փուլում»։ Դատարանը շնորհակալություն հայտնեց, իսկ մենք հարցով դիմեցիք նրան. – Հրաժարականը կարո՞ղ ենք դիտել իբրեւ արտաքին ազդեցությունների արդյունք։ – Դատավոր Ս. Ուզունյանը Սահմանադրությամբ օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ։ Այնինչ նա խուսափում է այդ իրականացնելուց։ Նա թույլ է տվել կոպիտ խախտումներ։ – Ինչպիսի՞։ – «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է գործի քննությունը կատարել «խելամիտ ժամկետում»։ 2001թ. փետրվարի 15-ից առայսօր քննվում է «Հոկտեմբերի 27»-ի գործը եւ այն անվերջ ձգձգվում է։ Օրինակ, այս օգոստոսին նշանակվել է 8 դատական նիստ, տեղի է ունեցել 6 նիստ։ 6 նիստերում ցուցմունք է տվել 8 տուժող, որը չափազանց քիչ է։ «27»-ի անվերջ ձգձգումը իր մեջ պարունակում է դաժան վերաբերմունքի տարր։ Ձգձգումը ոչ այլ ինչ է, քան դատարանի կողմից արդարադատության իրականացումից հրաժարվելու քայլ։ Դատարանի գործունեության արդյունքում չեն ապահովվել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են օրինականությունը, մրցակցությունը, բոլորի հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ։ Ս. Ուզունյանը իր գործողություններով եւ հարցադրումներով, միջնորդություններն անհիմն մերժելով պաշտպանության կողմի համար գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ չի ստեղծել։ Նեղ թայֆայականությունը ոչ մի տեղ այնքան անվայել կերպարանք չի առել, որքան այս գործի քննության ընթացքում։ Ըստ իս, ճշմարտության եւ արդարության գիտակցումն է, որ ինձ վստահություն է ներշնչել 1,5 տարի աջակցել մասնագիտական պարտքի անզիջում իրականացմանը։ Ս. Ուզունյանը ի վերջո պարտադրեց, որպեսզի իմ լիազորությունները դադարեցվեն որպես այդպիսին։ Գործի դատաքննության ընթացքում գործել եմ ոչ հավասար դաշտում եւ ինձ կեղծ ստատուս է վերագրվել։ Գտնում եմ, որ պետությունը ի վիճակի չէ պետպատվերի կարգով փաստաբաններ պահելու։ Պետպատվերի շրջանակներում երբեք փաստաբանը չի կարող լիարժեք կատարել իր իրավունքներն ու պարտկանությունները։ – Կարո՞ղ եք որոշակիացնել ձեր ասածը։ – Վերջին 1 ամսում 2 հրապարակումներ եղան «Իրավունք» թերթում, որտեղ կարծիք էի հայտնել գործի քննության եւ նախագահողի մասին։ Արդյունքը չուշացավ։ Արդյունքին ականատես եղանք։ Նախագահողին ձեռնտու են կույր, խուլ, համր եւ հնազանդ պաշտպաններ։ Քավ լիցի, աբսուրդի թատրոնում ես դեմ եմ դեր ունենալուց։ – Ձեր գնահատականից ելնելով կարո՞ղ եմ ենթադրել, թե ձեր գործընկերները կույր են, խուլ են։ Վիրավորանք չի՞ պարունակում Ձեր ասածը։ – Վիրավորանքի տարրեր չէի ցանկանա, որ ընկալվեր։ Ամեն դեպքում գտնում եմ, որ նախագահողը կողմնակից է, որ դատավարության մասնակիցներն իրեն հնազանդվեն։ – Դատաքննությունը լուսաբանելիս չեք համոզի, որ պաշտպանական կողմն ակտիվ է եղել եւ միջնորդություններ Ձեր կողմից այնքան էլ չեն եղել։ – Երկրորդ դատական նիստի ժամանակ իմ կողմից հարուցվեց միջնորդություն։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին քրհետախուզության վարչության պետի կողմից կար որոշում, որպեսզի ԱԺ դահլիճում գաղտնալսում կատարեին։ Նույն օրը Կենտրոնի դատարանի նախագահ Ժ. Վարդանյանի կողմից վարչության պետ Հրաչյա Հարությունյանի միջնորդությունը քննարկվել էր եւ թույլատրվել գաղտնալսում կատարել։ Ես պահանջեցի, որպեսզի գաղտնալսումը կցվի քրգործի նյութին (նկատի ունի Ն. Հունանյանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ ունեցած գաղտնալսումը)։ Դատարանի կողմից անհիմն մերժվեց… – Այնուամենայնիվ, ձեր պաշտպանյալի առաջարկն ու ձեր հրաժարականը կարծես համաձայնեցված էր եւ երկուսիդ սրտով։ – ԽՍՀՄ ԳԽ նախկին նախագահության նախագահ Անատոլի Լուկյանովը օգոստոսյան պուտչին մասնակցություն ունենալով, կասկածյալի կարգավիճակով ունեցել է պաշտպան, չնայած ինքը գիտնական իրավաբան էր, իրավաբանական գիտությունների դոկտոր։ Ինչպես կարող է միջնակարգ կրթություն ունեցող Ստեփանյանը չօգտվել իր իրավունքից ու հանկարծ հրաժարվել։ Դատողությունները թողնում եմ Ձեզ։ Երեկ հրապարակվեցին (դատարան բերված ամբաստանյալների համար) Վռամ Գալստյանի լրացուցիչ դատաքննական ցուցմունքները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել