Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը չգիտի, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին իր ղեկավարած համակարգից քանի հոգի է առաջադրել իր թեկնածությունը, որովհետեւ «գիտեք ինչ, իրոք, չեմ զբաղվում այդ հարցերով»։ Ըստ նախարարի, առաջադրողներն էլ «արձակուրդ են ձեւակերպել»։ Նույնիսկ չմասնակցելու պարագայում էլ, անկախ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ պետական համակարգի աշխատողները միշտ էլ ակտիվ միջամտություն են ցույց տվել, բնականաբար, իշխանությունների օգտին։ Իսկ հարկային մարմիններն ամենաակտիվների շարքում են եղել։ Առայժմ որեւէ հիմք չկա համարելու, որ այս տարի այդպես չի լինի, չնայած, ըստ ՊԵ նախարարի. «Հայտարարում եմ, որ ՊԵՆ-ը քաղաքականությունից դուրս կառույց է, քաղաքականությանը չի խառնվում, սկսած նախարարից մինչեւ տեսուչները։ Հարկային ծառայողի մասին նոր օրենսգրքով կատեգորիկ կերպով արգելվում է դա, եւ հանձնարարություն է տրված, որ բոլոր տարածքային հարկային մարմինները հեռու մնան բոլոր տիպի քարոզչական աշխատանքներից ու միջամտություններից»։ Այստեղ խնդիրն այն է, որ այս «հեռու մնալը» պրակտիկայում բացառապես կախված է հիշյալ «մարմինների» բարի կամքից։ Այլապես դժվար է հիշել մի ժամանակ, որ ՊԵՆ-ը հայտարարված լինի որպես քաղաքական մարմին եւ այդ կառույցի՝ քաղաքականությանը միջամտելն էլ գոնե հրապարակայնորեն եւ պաշտոնապես արդարացված լինի։ Իհարկե, անարդար է Երվանդ Զախարյանին անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ մեղադրելը, բայց եթե հաշվի առնենք այն օրինակները, թե իշխանությանը հաճելի ապօրինություններ թույլ տվողներն ինչ «պատիժների» են արժանանում (ասենք, Աշոտ Գիզիրյանը), ապա ոչ մի երաշխիք չկա, որ հարկային տեսուչները նախագահի նկատմամբ իրենց մեծ սիրո անկեղծ մղումով մի երկու գործարարների չեն բացատրի, թե «ինչն է ձեռնտու իրենց բիզնեսին»։ Ամեն դեպքում նախարարը հավատացնում է, որ հարկային մարմինները չեն խառնվելու ընտրություններին։ «Չեն խառնվելու», բայց իշխանության, մասնավորապես կառավարության առաջին հայացքից ընտրությունների հետ կապ չունեցող մի շարք քայլեր հենց ընտրությունների համատեքստում էլ դիտարկվում են։ Մասնավորապես տնտեսական աճի, բյուջետային մուտքերի գերակատարման մասին մատուցվող ցուցանիշներն ու աշխատավարձերի (մանկավարժների) բարձրացման մասին խոստումները։ Իհարկե, հաճելի է, որ թեեւ դժվարությամբ, բայց կատարվում է բյուջեն, ժամանակին վճարվում են աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաեւ բարձրացվում են։ Բայց դառը փորձից ելնելով՝ շարքային հայաստանցու մեջ հարց է ծագում. արդյոք ընտրություններին հաջորդող 1-2 տարում է՞լ գործունեության նման ցուցանիշների մասին կխոսեն իշխանությունները, կշարունակե՞ն 20-ական տոկոսներով աշխատավարձերի բարձրացումը, թե՞ նորից կսկսեն ողբալ ճեղքված բյուջեի ու շրջափակման մասին։ «Առավոտի» այս հարցին Ե. Զախարյանը բառացիորեն պատասխանեց. «Որոշ մամուլը նշում է տնտեսության աճ չլինելու կամ աճի ոչ ճիշտ լինելու մասին։ Ռեալ ես ձեզ ներկայացրեցի թվեր, որոնք գաղտնիք չեն։ Այդ թվերը կան, այդ թվերն արդյունք են նրա, որ հանրապետությունում ոչ մի ապառք չկա ոչ աշխատավարձերի (բյուջետային), ոչ նպաստների, ոչ թոշակների գծով։ Եվ այսօր ռեալ աճը չտեսնել հանրապետության տնտեսությունում, դա, կներեք, առնվազն պիտի թույլ լինել տեսողությունից»։ Այստեղ նախարարին ընդհատելով նկատենք, որ իրականում մեր տնտեսությունում բնական աճ է տեղի ունենում, ինչը խաղաղ պայմաններում պետք է որ տեղի ունենա։ Եվ օբյեկտիվորեն նկատենք, որ իրականում տնտեսության քառատրոփ զարգացման վերաբերյալ մատուցվող ցուցանիշներն են կասկածի տակ առնվում։ Շարունակելով պատասխանել, պարոն Զախարյանն ասաց. «Քաղաքականությունից դուրս են հարկային մարմինները, բայց մի բան կարող եմ նշել. եթե չլինի իշխանափոխություն, հաջորդ 2, 3, 4, 5 տարիներին բոլորս միասին կարող ենք ավելի մեծ աճ նախատեսել տնտեսության, աշխատավարձի եւ մնացած բոլոր բնագավառներում»։ Առաջիկա հարկային բարեփոխումների շրջանակներում կառավարությունը հարկային բեռի ավելացում չի նախատեսում։ Սա նույնպես «քաղաքականությունից դուրս» է։ Իսկ ընդհանրապես, ՊԵ նախարարի երեկվա ասուլիսի առիթը եռամսյակի ամփոփումն էր, համաձայն որի, ցուցանիշների աճ է արձանագրվել։ Ուշագրավ է, որ նախարարը թեեւ բացառեց ընտրական տարվա բացասական ազդեցությունը բյուջեի կատարման վրա, բայց նշեց, որ 2003-ին (ընտրական տարում) ցուցանիշների նույնքան՝ 33%-ի աճ չի կարող ապահովվել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել