Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայցվորն ու պատասխանողը «հաշտության եզրեր են գտել»

Նոյեմբեր 21,2002 00:00

Հայցվորն ու պատասխանողը «հաշտության եզրեր են գտել» Տարօրինակ է, բայց այս դեպքում խոսքը մի կողմից՝ «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի, մյուս կողմից՝ նրանց սպառողների մասին է: Երեկ վերաքննիչ դատարանում սկսվեց «Նոյյան Տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների սպառողների դատն՝ ընդդեմ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի: Ու թեեւ սպառողները վերաքննիչ դատարանին հայցադիմում էին ներկայացրել դեռ սեպտեմբերի 13-ին՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, այդուհանդերձ, ավելի քան երկու ամիս էր պահանջվել հայցը վերաքննիչում լսելու համար: Այդ ընթացքում վերաքննիչ դատարանում հասցրել էին գործի վարույթը ձեռքից ձեռք փոխանցել եւ նախապես՝ նոյեմբերի 5-ին նշանակված դատաքննությունը հետաձգել նոյեմբերի 20-ին՝ դատավորական այլ կազմով լսելու համար: Թե ո՞րն է եղել դրա պատճառը, դժվար է ասել, թեեւ սպառողների ներկայացուցիչ Աշոտ Բլեյանն այդ իմաստով իր վարկածն ունի: Նա չբացառեց, որ վերաքննիչը դատաքննությունը հատուկ է հետաձգել՝ մինչեւ նոյեմբերին կայանալիք հեռուստակապուղիների մրցույթի անցկացումը, որպեսզի իր անելիքն ու որոշումն ավելի հստակ լինեն՝ կախված այն բանից, թե այդ մրցույթում «Նոյյան Տապանն» ու «Ա1+»-ը ինչ հաջողություններ կունենան կամ չեն ունենա: Ինչեւէ: Վերաքննիչում հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել, որով բացարկ էր հայտնում նախագահող դատավորին: «Մենք պետք է ճշտեինք, թե մեր հայցը քննող դատարանի կազմն ինչու էր փոխվել եւ ինչ հիմնավորմամբ: Մենք գտնում ենք, որ այդ դեպքում էլ պրոցեսուալ նորմ է խախտվել, եւ մենք իրավունք ունեինք կասկած հայտնել դատարանի անաչառության վերաբերյալ»,- պարզաբանեց Ա.Բլեյանը: Ու թեեւ միջնորդությունը մերժվել էր, բայց դատաքննությունը շարունակվեց: Վերաքննիչ դատարանը երեկ հանգել էր այն եզրակացության, որ սպառողների հայցն առաջին ատյանի դատարանում ըստ էության չի քննվել, եւ պատրաստակամություն էր հայտնել գործը քննել կրկնակի եւ արդեն ամբողջ ծավալով: Սպառողների ներկայացուցիչներն էլ, բնականաբար, սկսեցին նրանից, որ վերստին եւ ամենայն մանրամասնությամբ ներկայացրին իրենց պահանջները (վերականգնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու անօտարելի իրավունքը, վերացնել դրանց արհեստական խոչընդոտները, օրենքով սահմանված կարգով համապատասխան գերատեսչությանը պարտավորեցնել հրապարակել ազատ կապուղիների ցանկը, եւ այլն) ու դրանց հիմքերն ու փաստարկները: Բայց քանի որ երեկ պատասխանող կողմը՝ «Նոյյան Տապանն» ու «Ա1+»-ը, դատարան չէին ներկայացել, հայցվորները միջնորդել էին դատարանին՝ հրավիրել վերջիններիս ներկայացուցիչներին: Միջնորդությունը բավարարվել էր եւ նիստը ընդմիջվել էր: Իսկ ընդմիջման ժամանակ սպառողների ներկայացուցիչներն ու պատասխանող կողմերից մեկը՝ «Նոյյան Տապանի» ներկայացուցիչը, քննարկել էին «հաշտության համաձայնագիր» կնքելու հարցը: Ըստ այդմ, «Նոյյան Տապանն» ընդունել էր, որ «Լիցենզավորման մասին» օրենքի հոդ. 29-ի 2-րդ մասով այդ ընկերությունը հեռարձակվելու իրավունք ունի եւ պարտավորվել է 2003-ի հունվարի 15-ից վերսկսել իր հեռարձակումը: Իհարկե, հասկանալի է, որ սա միայն հարցի լուծման ձեւական կողմն է, մինչդեռ այն գործնականում կենսագործելու համար՝ անհրաժեշտ է, որ վերաքննիչ դատարանը հաստատի «հաշտության» այդ համաձայնությունը, ինչը կնշանակի, որ մինչ օրս ՀՌԱՀ որեւէ որոշում այդ ընկերություններին եթերից զրկելու վերաբերյալ, ապօրինի է եղել: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել