Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սա՝ ես, սա էլ՝ իմ Ամերիկան

Նոյեմբեր 21,2002 00:00

Սա՝ ես, սա էլ՝ իմ Ամերիկան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը երեկ հանդիպեց բուհերի ուսանողների հետ։ Հանդիպման առաջին 15 րոպեն դեսպանը նվիրեց իր կենսագրությանն ու արտերկրյա դեգերումներին։ Ասելիքի նպատակն այն էր, թե ինչքան կարեւոր են միջազգային շփումներն ու փոխհարաբերությունները լավ մասնագետ դառնալու համար։ Նաեւ ակնարկ կար՝ նախկին խորհրդային տարածաշրջանում աշխատելու համար ԱՄՆ-ը ուղարկում է լա՛վ մասնագետներ։ Ուսանողների առաջին հարցը կապված էր ցեղասպանության ճանաչման հետ։ «Հայերի Ցեղասպանությունը փաստ է, բայց կարեւորը ճանաչել-չճանաչելը չէ, այլ՝ որ նման ողբերգություն այլեւս չկրկնվի»,- հոռետեսորեն մեկնաբանեց դեսպանը,- «այժմ ԱՄՆ-ն 2 խնդիր ունի՝ ի՞նչ անել, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ՝ որ հայ-թուրքական հարաբերություններն ստանան կառուցողական բնույթ»։ Իսկ «ինչո՞ւ չի օգնում ԱՄՆ-ն Իրաքի սովահար երեխաներին» հարցը դեսպան Օրդուեյը բնութագրեց «ամենացինիկ հարց», քանի որ իր երկիրը հնարավորություն է տվել Իրաքին՝ վաճառել նավթն ու պահել երկրի սովյալներին, «չե՞ն անում՝ իրենց գործն է, Ամերիկան մեղավոր չէ»։ Տարեկան 1000 ուսանող միջազգային փոխանակումների ծրագրով մեկնում է ԱՄՆ։ Դա Հայաստանին օգնության ծրագրերի մի մասն է կազմում, ինչի համար ամերիկացիները հատկացնում են տարեկան 90 մլն դոլար։ Ի դեպ, 150 մլն բնակչություն ունեցող ՌԴ-ին այդ ուղղությամբ հատկացվում է տարեկան 140 մլն դոլար։ «Այնպես որ, այստեղի ուսանողն ավելի մեծ շանսեր ունի Ամերիկա գնալու, քան Նիժնի Նովգորոդինը»,- «ավետեց» ԱՄՆ-ի դեսպանը։ Ուսանողներից մեկին հետաքրքրեց, թե ի՞նչ նպատակով են այդքան փող տրամադրում, ի՞նչ է տալիս դա իրենց երկրին։ «Այն ընտանիքները, որտեղ ապրում են օտարազգի ուսանողներ ու դպրոցականներ, միջազգային հանրության հետ շփվելու մեծ փորձ են կուտակում, մեր երկրում նման ծրագրերը մեծ հաջողություն ունեն»,- ասաց Ջ. Օրդուեյն, ավելացնելով, որ երիտասարդ սերնդի վրա գումար ներդնելը շատ ավելի խելամիտ է, քան՝ ավագ սերնդի, նաեւ՝ եթե ավելի շատ գումար հատկացվի այս ծրագրին, ապա ավելի մեծ թվով երիտասարդներ կգնան Հայաստանից, քանի որ «գիտելիքների առումով շատերն են բավարարում մեր պահանջը, բայց դուրս են մնում ծրագրից»։ Ջոն Օրդուեյի այս հանդիպումը մասն էր ԱՄՆ-ի պետքարտուղարության եւ կրթության նախարարության համատեղ կազմակերպած Միջազգային կրթության շաբաթի։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել այնպիսի ծրագրերի զարգացմանը, որոնք ամերիկացիներին կծանոթացնեն միջազգային խնդիրների հետ եւ ապագա օտարերկրյա մասնագետներին կխրախուսեն սովորելու, հետազոտություններ ու փորձի փոխանակում կատարելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս ծրագրերին մասնակցությունն ամերիկացիներն ապագա մասնագետի համար բնութագրում են որպես ապահով ապագայի երաշխիք։ Ինչ խոսք, տարբեր երկրներից ընտրյալների հավաքագրումը գոնե թե ԱՄՆ-ի համար իսկապես ապահով ապագայի երաշխիք է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել