Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բելգիացիները հիացել են

Նոյեմբեր 21,2002 00:00

Բելգիացիները հիացել են Իսկ հայերը չեն էլ տեսել Մեր հայրենակցուհի Օլգա Հակոբյանը ամիսներ առաջ Անտվերպենի համալսարանում բացված ցուցահանդեսով հիացրել է բելգիացիներին։ «Մեղավորը» նրա նրբահյուս զարդերն էին։ Արդեն 2 տարի է, ինչ զբաղվում է զարդագործությամբ եւ շուրջ 100 աշխատանք ունի («Հմայք», «Եղեւնի», «Աիդա», «Նեֆերտիտի», «Աղթամար», «Արարատ», եւ այլն)։ Դրանք բնական թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից ու ապակյա ուլունքներից պատրաստված զարդեր են, որոնցից յուրաքանչյուրն իր «անուն-ազգանունն» ունի։ Իսկ ընդհանրապես, տիկին Օլգան իր հավաքածուներն առանձնացնում է ըստ տարվա եղանակների։ «Ձմեռ» հավաքածուում գերիշխում են բնական մարգարիտն ու փոքրիկ սպիտակ ուլունքները, «Աշունի» զարդերում օգտագործված են բաց եւ մուգ դեղին սաթե ուլունքահատիկներ ու ուլունքաձողեր։ Իսկ «Գարունն» ու «Ամառը» աչքի են ընկնում՝ առաջինը նրբին, երկրորդն առավել վառվռուն գույներով։ Օ. Հակոբյանը բացառապես ճապոնական ու չեխական «հումքով» է աշխատում, քանի որ դրանք ավելի որակյալ է համարում։ Նրա չքնաղ զարդերի առաջին քննադատները զավակներն են, իսկ ինքն իրեն «սովորական, շա՜տ սովորական զարդագործ» է անվանում։ Ամենադժվարը, ըստ տիկին Օլգայի, գույների միմյանց հետ ներդաշնակությունն է, հակառակ դեպքում՝ «ամենաբարդ աշխատանքն էլ անճաշակ կթվա»։ Ի դեպ, նա չի էլ մտածում իր աշխատանքները վաճառելու մասին, չնայած թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում դրա հնարավորությունն ունեցել է եւ ունի։ Պարզապես չի ցանկանում բաժանվել դրանցից, ինչպես մայրը՝ զավակներից։ Օ. Հակոբյանը ցուցահանդեսների հրավերներ է ստացել նաեւ Իռլանդիայից ու Իրանից, իսկ Բելգիայում նույնիսկ առաջարկել են դասավանդել հայտնի համալսարաններից մեկում ու զարդագործության գաղտնիքները փոխանցել երիտասարդներին։ Այժմ Օ. Հակոբյանը շարունակում է ստեղծագործել (միաժամանակ աշխատում է ԵՊՀ-ին կից թիվ 1 ֆիզմաթ դպրոցում)՝ երազելով այն օրը, երբ իր զարդերի ցուցահանդեսը կբացվի նաեւ Երեւանում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել