Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ՏԵՂԱՊԱՀԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԿԱ ՏԵՂԱՊԱՀԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿ Նույնիսկ մարդիկ, ովքեր երբեք որեւէ սուրբ գիրք չեն թերթել, լինի դա Աստվածաշունչ, Թորա, թե Ղուրան, Ժողովողի գրքի հայտնի հատվածը գիտեն անգիր. «Ամեն բանի ատենը կայ, Ու երկնքի տակ եղող ամեն գործի ժամանակը… Քարեր նետելու ժամանակ ու քարեր հավաքելու ժամանակ… Լռելու ժամանակ ու խոսելու ժամանակ…»: Կյանքի հակասությունները թվարկվում են ամբողջ տողեր՝ ինչ-որ իրողություններ այդուհանդերձ թողնելով չնկատված: Թերեւս ոչ այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն, այլ որովհետեւ խիստ անցողիկ են եւ անհետեւանք: Մոտավորապես ինչպես տեղապահը՝ նախագահական իշխանության համար: Այս հոդվածում Քոչարյանը չի հիշատակվում, նախ որովհետեւ նա ավելին չէ քան տեղապահը, մինչ հոդվածը վերաբերում է նախագահի կերպարի: Քոչարյանին չհիշատակելու երկրորդ պատճառն այն է, որ նա համեմատության եզր չունի Ստեփան Դեմիրճյանի հետ: Որքան էլ պետական քարոզչամեքենան թութակի, թե Քոչարյանը վարկանիշով գերազանցում է նախագահության մյուս թեկնածուներին, եւ այդտեղից էլ ածանցվի, թե նա առաջիկա ընտրությունների ֆավորիտն է, բոլորն էլ հրաշալի գիտեն, թե ով է ֆավորիտը: Քոչարյանի առաջադրման ստորագրահավաքը բյուջետային հիմնարկություններում եւ մի քանի օլիգարխների ձեռնարկություններում է իրականացվել: Դեմիրճյանի շտաբից ներկայանալը նույնիսկ այլ թեկնածուների վստահորդներն են բնակարաններ մտնելու եւ ստորագրություններ ստանալու կանաչ ճանապարհ համարել: Քոչարյանը աշնանը Արտաշատում եկեղեցու օծման արարողության էր մասնակցել, նախագահի ներկայությանը անտարբերությամբ վերաբերվող հանդիսականներից մի կին, ինչպես հաղորդեցին թերթերը, անհարմար լռությունը ցրելու համար բացականչել է. «Կեցցե մեր նախագահը»… ներկաները ծիծաղել են: Ստեփան Դեմիրճյանը բավական է ժողովրդին հանդիպի կամ նույնիսկ հեռուստաէկրանին երեւա, որ հասարակության օվացիաները չլռեն. «Դուք մեր նախագահն եք», «Մենք Ձեզ հետ ենք»… Կարծում եմ՝ իմաստ չունի շարունակել. ե՛ւ որովհետեւ հասարակությունում Քոչարյանի մերժման եւ Դեմիրճյանի ընդունելության հակադրությունն ակնբախ է ամեն քայլափոխի, ե՛ւ որովհետեւ Դեմիրճյանը եթե պետք է ընկալվի համեմատության մեջ, ապա վստահաբար՝ ոչ Քոչարյանի հետ համեմատության: Կարեն Սերոբիչի համեմատությամբ Երբ 2001-ին խորհրդարանում ՀԺԿ-ական պատգամավորների առնետավազքի ժամանակ ինչ-որ մեկը հայտարարել էր, թե կուսակցությունը գույք չէ, որ ժառանգվի, Ստեփան Դեմիրճյանի պատասխանը եղել էր. «Այն, ինչ ես ժառանգել եմ Կարեն Դեմիրճյանից, պատասխանատվությունն է եւ արժանապատվությունը»: Իբրեւ անհատ՝ Ստեփան Դեմիրճյանը տարբեր է Կարեն Սերոբիչից: Գուցե դա ժամանակների ու սերունդների տարբերություն է: Ասենք Ֆելլինին կամ Փարաջանովը Ստեփան Դեմիրճյանին առանձնակի հիացմունք չեն պատճառում, ավելի գնահատում է Սկորսեզե: Փիլիսոփայության կամ գրականության մեջ նախընտրելի հեղինակներ չի նշում, թերեւս Հեմինգուեյ, Ֆիցջերալդ: Երաժշտական նախասիրությունը օպերային արվեստն է: Ֆինանսական մագնատների հանդեպ, նույնիսկ Ռոտշիլդների, հետաքրքրություն կարծես թե չունի, արժեւորում է պետական-քաղաքական գործիչներին՝ Ռուզվելտ, Դը Գոլ, Թետչեր: Եվ միայն երկու դեպքում եմ Ստեփան Դեմիրճյանից շատ միանշանակ լսել իր նախընտրությունների մասին՝ սիրած պատմական անհատները՝ Կեսար եւ Բոնապարտ, սիրած քաղաքը՝ Նյու Յորք: Գուցե Նյու Յորքը հոգեհարազատ միջավայր է ինչ-որ տեղ անգլերենի պատճառով, բայց Ստեփան Դեմիրճյանին փոքրիշատե ճանաչելիս ինքնաբերաբար կռահում ես, որ ռիթմ, մասշտաբ եւ սլացք խորհրդանշող Նյու Յորքը պետք է իր համար գրեթե հոգեւոր հայրենիք լինի: Մինչդեռ Կարեն Սերոբիչը խորհրդային մշակութային դաշտում ձեւավորված անհատ էր: Սակայն հասարակական կերպարի տեսակետից միանշանակորեն դժվար է Ստեփան Դեմիրճյանի եւ Կարեն Սերոբիչի միջեւ տարբերություններ նկատել՝ նույն հանգստությունն է, սեփական խոսքի կշռի գիտակցումը եւ մարդկային գրավչությունը: Եվ ուղղակի փրփուրներից են կառչում նրանք, ովքեր 98-ին ցեխ էին շպրտում Կարեն Սերոբիչի վրա, այժմ՝ սրտից արյուն կաթելով նրան մեծարում են /երեւի իրականում ցանկանալով, որ չլինեին ոչ Կարեն Սերոբիչը, ոչ ՀԺԿ-ն, ոչ էլ Ստեփան Դեմիրճյանը, որպեսզի պլեբեյական խրախճանքին այս երկրում ոչինչ չխոչընդոտեր/, իսկ ՀԺԿ ներկա առաջնորդի առնչությամբ դեմքներին պատշաճ լրջություն հաղորդելով հավատացնում, թե նա Կարեն Սերոբիչ չէ: Անհույս է, 98-ի ֆուրորը, ինչպես եւ կանխատեսելի էր, արդեն կրկնվում է: Նախագահության թեկնածուների մասին ճիշտ կլինի խոսել առնվազն գրանցումից հետո, որովհետեւ մի քանիսի գրանցվելն իսկ կասկածելի է թվում: Մի քանիսին էլ, որոնց գեղջկական մտահորիզոնը Քոչարյանի կոլորիտային մակարդակից չի բարձրանում /բառաչող կովեր, չոբան, դամբուլ/, ոչ մի դաշինք չի կարող գոնե 5 տոկոսի արգելքն անցկացնել: Եվ ի դեպ եթե Քոչարյանը Արամ Սարգսյաններից ավելի ձայն հավաքի, բացառապես շնորհիվ Սերժ Սարգսյանի կազմակերպչական ունակությունների: Արտաշես Գեղամյանը գրեթե չի տարբերվում 1991-ի Պարույր Հայրիկյանից, որի ինքնագովազդը հասել էր հիպերբոլի. «Պրն Հայրիկյան, Դուք անկախության գաղափարի ռահվիրան եք» ռեպլիկին համեստաբար պատասխանել էր. «Ոչ, ես ամեն դեպքում Հայկ նահապետից հետո եմ»: Իսկ ստացավ միայն ընտրողների 7%-ի քվեն: Գեղամյանն էլ, եթե սեփական ինքնահամարումը չհամեստացնի, հազիվ թե ավելի մեծ ընտրազանգվածի վստահությանն արժանանա: Վլադիմիր Դարբինյանը եւ Արամ Կարապետյանը համակրանք ներշնչող անհատներ են, որոնք, թերեւս նախագահական ընտրարշավի մասնակցելով, խորհրդարանական ընտրացուցակներ գլխավորելն են ապահովում: Վազգեն Մանուկյանը գուցե արդեն չունի ընտրազանգված, սակայն նրան հարգում են Հայաստանին մատուցած ծառայությունների համար, հատկապես՝ իբրեւ ՊՆ նախարար: Րաֆֆի Հովհաննիսյանը համակրանք է վայելում՝ մեծ հաշվով նախ իբրեւ հայրենադարձ: Սակայն այնպիսի ֆուրոր տեսնելուց հետո, ինչպիսին 98-ին էր, հազիվ թե որեւէ մեկը լրջորեն հուսա, թե Դեմիրճյանին ցուցաբերվող ընդունելության եւ օվացիայի հետ կարելի է մրցել: Ինչպես թերթերից մեկն էր 99-ին սրամտել՝ «Հասարակությանը ոչ համարժեք ընտրություն է պարտադրված՝ սոցիալ-տնտեսական ծրագրերի եւ սիրո միջեւ»: Խարիզմայի հարց է, իսկ խարիզմայի հետ չեն մրցում: Տեր-Պետրոսյանի համեմատությամբ Դատողությունները, թե Ստեփան Դեմիրճյանը հասարակության համար նույնքան ընդունելի կերպար չէ, որքան Կարեն Սերոբիչը, ընտրարշավի ընթացքում լիովին կմարեն, որովհետեւ տեսանելի է ճիշտ հակառակը: Մինչդեռ շահարկումները, թե ներկա ընտրությունները գաղափարների բախում կամ այլընտրանք չեն, շարունակվելու են դեռ երկար: Այդ խմբերգում ուշադրության արժանի է միայն նախկին իշխանությունների ձայնը, որովհետեւ նրանք ոչ այնքան չարախոսում են, որքան անկեղծորեն հավատում, թե Տեր-Պետրոսյանը ինտելեկտուալ գերազանցություն ունի Հայաստանի ողջ քաղաքական դաշտի հանդեպ: Դա միայն թվում է: Ոչ թե չեզոք մեկը, այլ նույնիսկ սեփական անսխալականությունը հավատամք դարձրած ՀՀՇ-ականն էլ չի կարող համեմատել ՀՀՇ համագումարներում Տեր-Պետրոսյանի ելույթները ՀԺԿ համագումարում Ստեփան Դեմիրճյանի ելույթի հետ, եւ չընդունել Դեմիրճյանի գերազանցությունը: Տեր-Պետրոսյանի պատահաբար վերցված մի ելույթից՝ 1993թ., բավական է մեջբերել միայն պարբերությունների առաջաբանները. «1. Նախ պատասխանատվության մասին, որ վերջերս առավել շահարկման է ենթարկվում…», «2. ՀՀՇ-ին ներկայացվող հաջորդ մեղադրանքը, թե իբր վերածվել է խունտայի…», «3. Հաջորդ մեղադրանքը. ՀՀՇ-ն եւ հանրապետության նախագահը անհանդուրժող են…», «4. ՀՀՇ-ին ներկայացվում է նաեւ ապակառուցողականության, ԳԽ գործունեությունը վիժեցնելու մեղադրանք…», «5. Եվս մի ծանրակշիռ մեղադրանք. ՀՀՇ-ն եւ հանրապետության ներկա իշխանությունները քայքայեցին Հայաստանի տնտեսությունը…». այսպես մինչեւ վերջ՝ պատասխաններ հիմնականում ՀՅԴ մեղադրանքներին կամ զրպարտություններին: Ինչպես ընկերներիցս մեկն է ասում, ընդունենք, թե այս երկրում ոչինչ չկա, միայն քարաստան է, Դաշնակցության մտահոգությունն այն է, որ այդ քարերն էլ վերցնեն ու խփեն թուրքերին, Տեր-Պետրոսյանը բացատրում էր, թե քարեր նետելով չի պետք զբաղվել, այլ դրանցով տուն կառուցելով: Տեր-Պետրոսյանը բացատրում էր, Դաշնակցությունը չէր հասկանում: Բայց մի՞թե արժեր: Ճիշտ չէ՞ր լինի այդ տունը կառուցելով զբաղվել: Հենց այս կետում է, որ Ստեփան Դեմիրճյանի գերազանցությունը Տեր-Պետրոսյանի հանդեպ անհնար է չընդունել: Նրա ծրագրային ելույթում, որ ներկայացվել էր ՀԺԿ 3-րդ համագումարին /ի դեպ մամուլի անդրադարձներից ինքս էլ այն տպավորությունն ունեի, թե Քոչարյանի աշխատակազմում էլ կարող էր այդպիսի ելույթ գրվել/, իրականում պետական-հասարակական կյանքի այնքան լայն ընդգրկում է եղել, փոքր-ինչ ուշադիր ընթերցելով՝ նաեւ խնդիրների այնքան իրազեկ ձեւակերպում, ինչպիսին հայաստանցիները ուղղակի սովոր չեն լսել: Երբեւէ պատահե՞լ է՝ Տեր-Պետրոսյանը ծրագրային դրույթներ ներկայացնի երկրի պետական շինարարության, առավել եւս տնտեսական քաղաքականության բնագավառում, էլ ուր մնաց սոցիալական ոլորտի անդրադառնա: Իհարկե ոչ, եւ դա մանրուք չէ: Տեր-Պետրոսյանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր, երբ երկիրն արտաքին քաղաքական խնդիրներ էր լուծում, բայց զինադադարի հաստատմանն ու խաղաղության ամրապնդմանը զուգընթաց արդեն հասարակական կյանքի մյուս ոլորտներին էր հարկավոր ուշադրություն բեւեռել, որոնք հայտնապես Տեր-Պետրոսյանի ամպլուան չէին: Գուցե կենսագրություններն են դեր կատարում, բայց Ստեփան Դեմիրճյանը ոչ թե կառույցներ հաստատելու, այլ դրանց բովանդակություն հաղորդելու անցյալ ունի: Ի վերջո նա է կառուցել Հայաստանի ամենահզոր գործարանը, այն էլ էներգետիկ ճգնաժամի տարիներին: Եվ թերեւս դա է բացատրությունը, որ նույնիսկ կուսակցական համագումարում նա քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ չի զբաղվում՝ գաղափարական տարաձայնությունները ճշտելու կամ փարատելու անվան տակ, այլ սոցիալ-տնտեսական իրավիճակ է վերլուծում, ինչը Հայաստանում նույնիսկ նախարարները ըստ ոլորտների հաճախ անկարող են անել: Այն, որ գործը չի կարող մտքին նախորդել, անվիճարկելի է; Տեր-Պետրոսյանը կատարեց քայլերը, որոնք իր պատկերացումների կիզակետում էին՝ պետականության հաստատում, արտաքին ճիշտ քաղաքականություն՝ ստորադասելով մնացյալը: Այժմ հասարակական իմպերատիվ պահանջը Տեր-Պետրոսյանի կողմից անտեսված ոլորտների բարենորոգումն է՝ պետական կառավարում, տնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, մշակույթ, սոցիալական ապահովություն եւ այլն, որոնց կարգավորելու հեռանկար կամ խոստում Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները հասարակությանը չեն ներշնչել: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանի վերադարձի հասարակական պահանջը մեծ չէ: Նույն պատճառաբանությամբ էլ հասարակական ակնկալությունները ուղղված էին Դեմիրճյանին 1998-ին: Իսկ որ Ստեփան Դեմիրճյանը ո՛չ պետության իր ընկալմամբ, ո՛չ խնդիրների իրազեկությամբ, ո՛չ դրանք կարգավորելու ինքնավստահությամբ չի զիջում Կարեն Սերոբիչին, դժվար չէ համոզվել նույնիսկ ներկա պահին ասպարեզում եղող իր ելույթներով: Եվ վերջապես կարծել, թե գրեթե Կարեն Սերոբիչի հմայքն ու Տեր-Պետրոսյանի ինտելեկտը կրող մեկը կարող է չհաղթել ընտրություններում, սին հույս է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել