Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵՂՃ, ԹՇՎԱՌ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆՆԵՐ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԽԵՂՃ, ԹՇՎԱՌ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆՆԵՐ Ամանորի համն ու հոտը տապակած խոզի բուդը չէ։ Ամանորն այն միակ տոնն է, երբ ամենաժլատ ու չար մարդն էլ դառնում է առատաձեռն ու բարի։ Դասական այս ճշմարտությունը, պարզվեց, մեր վարչական ամենաբարձր օղակներում վաղուց այլեւս արդիական չէ։ Տարբեր նախարարություններում, ինչպես նաեւ նախագահականում, ԱԺ-ում եւ քաղաքապետարանում անցկացված հարցումներից ստացանք տխուր պատկեր՝ ամանորյա նվերներն ու անակնկալները անհասկանալի երեւույթներ էին տեղի աշխատակիցների, եւ անընդունելի՝ ղեկավարի համար (որոշ բացառություններով)։ Տոնական նվերներ կամ հավելավճար նախորդ տարիների դառը փորձով այս տարի էլ չէին սպասում երկրի նախագահի, ԱԺ նախագահի ղեկավարած աշխատակազմերում, կապի եւ տրանսպորտի, պետեկամուտների, ֆինանսների նախարարություններում։ Նշված տեղերում (ոչ բոլորում) ամանորյա սպասումները սահմանափակվում են աշխատանքային վերջին օրը կազմակերպված թեթեւ «ֆուրշեթ»-ով։ Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանն էլ, ասացին, ֆուրշեթ-մուրշեթ եւ այլ ճռճռան բաներ չի սիրում, միայն վերջին օրվա վերջին ժամին անձամբ մտնում է բոլոր աշխատասենյակները, շնորհավորում-բարեմաղթում ու «պրծ»։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, թարսի պես, ամեն տարի այս օրերին բյուջեի հոգսերով են տարված, նախարար Վարդան Խաչատրյանն էլ աշխատում է մինչեւ վերջին ժամն ու շտապում տուն (երեւի՝ 12-ից 10 պակաս)։ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն, ինչպես պարզվեց, խիստ անտարբեր է Նոր տարվա եւ խիստ «տարբեր»՝ կանանց տոնի նկատմամբ։ Նրանից նվերներ սպասում են միայն մարտի 8-ի առիթով։ Երկու նախագահներն էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը, լրագրողներին իրենց անմիջական ու «հարազատ» աշխատակիցներից չեն տարբերակում. այն, ինչ արվում է առաջինների համար՝ ոտքի վրա թեթեւ հյուրասիրություն, անձամբ նախագահի կողմից ասված շնորհավորանք, կրկնվում է ապարատի աշխատողների համար։ Անշուշտ, մեզ հետաքրքրեց նաեւ կառավարության աշխատակազմի նախատոնական իրավիճակը, բայց՝ կառավարության Մերին (մամուլի պատասխանատուն) անհասանելի էր։ Հիմա անդրադառնանք այն հաճելի բացառություններին, որոնք չեն մոռացել, որ աշխատող մարդու համար աշխատավայրն իր երկրորդ տունն է։ Այս հորիզոնականում ամենաօրինակելի ղեկավարը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է։ Մեզ տեղեկացրին, որ տոնական միջոցառումն ու նվերները քաղաքապետարանում պարտադիր են, բացի այդ՝ տոնական սեղանի շուրջ բոլորը երգում են նախապես պատրաստված հատուկ երգ, պարեր նույնպես կան։ Պետական գույքի կառավարման նախարարությունում, անցյալ տարվա օրինակով, այս տարի էլ սպասում են մեկամսյա աշխատավարձի չափով հավելավճարին, իսկ հունվարի 3-ին քեֆ կանեն դահլիճում՝ տնից բերած ուտեստներով։ Այստեղ տոնածառ չեն դնում, որովհետեւ մտածում են, թե նույն շենքի բնակիչ՝ էներգետիկայի նախարարությունը կդնի, բայց նա էլ՝ ընդհակառակը, եւ ամեն տարի մնում են պատուհանից երեւացող հրապարակի տոնածառի հույսին։ Գյուղնախարարությունում ամանորյա «մեկ աշխատավարձ» նվերն ավանդույթ է, որը պահպանում են բոլոր նախարարները։ Նույն ավանդույթով տոնական սեղան է բացվում, նախարարը բոլորին «ավանդաբար» լավ-լավ բաներ է խոստանում (ավանդաբար չկատարելու հեռանկար-հույսով)։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը թերեւս միակն է, որ իր կոլեկտիվի հետ քեֆ է անում ռեստորանում։ «Արեւելյան քաղցրավենիք» ռեստորանն իր մենյուի ողջ շքեղությամբ, երգ- երաժշտությամբ ու պարերով համով նվեր է, հատկապես որ նախարարն ինքն էլ հեռու չի մնում նախարարական պար տալու գայթակղությունից։ Ասացին, որ նվերներ նույնպես ստանում են, բայց՝ ոչ նախարարի, այլ արհմիության կողմից։ Շենքում տոնածառ չի դրվում՝ «Կյանք ծառերին» կարգախոսով, իսկ միջանցքներն էլ չեն զարդարվում՝ առանց կարգախոսի։ Ի դեպ, տոնածառ չեն զարդարելու նաեւ մաքսային ծառայությունում, բայց շենքը տոնական տեսքի կբերեն այլ միջոցներով։ Այստեղ դրամական պարգեւներ կան ամեն ամիս, գուցե նախատոնական պարգեւի ծրարն ավելի «տռուզ» լինի, նվերներ նույնպես ստանում են ամեն տարի ու այլեւս չեն զարմանում։ Մենք խնդրեցինք տեղեկանալ ծառայության պետ Արմեն Ավետիսյանից, թե ի՞նչ կուզեր Ձմեռ պապիկից այս տարի։ Պարոն Ավետիսյանի խնդրանքը սպասվածից համեստ էր. խնդրեց այն, ինչը միշտ կա՝ որ «Առավոտն» ավելի օբյեկտիվ լինի իր հրապարակումների մեջ։ Առաջ ընկնելով Ձմեռ պապից, նկատենք, որ «օբյեկտիվի» քիչը կամ շատը չի լինում։ Որ ամեն ինչ հասկանալի լինի՝ օրինակով. ամերիկյան մի ֆիլմում խոշոր ֆիրմայի տերը որոշում է խնայողություն անել՝ ի հաշիվ աշխատողների ամենամյա ամանորյա հավելավճարի։ Երբ այս «սրբապղծության» մասին տեղեկանում է նրա կինը՝ մի լավ տղամարդավարի ապտակ է հասցնում ամուսնուն։ Այժմ վերադառնանք մեր խիստ «խնայողասեր» ղեկավարներին եւ հուսանք, որ ամանորյա պարգեւներ նրանք էլ են տալիս, բայց չեն սիրում այդ մասին հրապարակել։ Թեկուզ եւ նրա համար, որ լրագրողները չասեն՝ ահա թե ուր են գնում բյուջեի գումարները։ Սա այդ դեպքը չէ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել