Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելոք գլուխներ եւ միշտ պատրաստ ձեռքեր»

Հունվար 18,2003 00:00

«Խելոք գլուխներ եւ միշտ պատրաստ ձեռքեր» Ըստ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովի, այս ամենը Ռուսաստանին պետք է։ Սակայն մի մեծ վերապահումով՝ օրենքի շրջանակներում։ ՌԴ ՆԳ նախարարի երբեւէ արտահայտած այս միտքը գրեթե թեւավոր խոսք է դարձել իր ենթակաների շրջանում եւ ՌԴ-ում միգրացիոն գործընթացները կարգավորելու եւ վերահսկելու վերջինների ջանքերն այլեւս այդ շրջանակներում են լինելու։ Ի դեպ, այդ գործին, այսպես ասած, իրենց նպաստն են բերել ու բերում ՌԴ օրենսդիր իշխանությունները եւ կառավարող այլ օղակները՝ ՌԴ նախագահի անմիջական վերահսկողությամբ։ Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության միգրանտների սպասարկման կենտրոնում (ՄՍԿ) կազմակերպված սեմինարը՝ կենտրոնի հիմնական սկզբունքներից մեկի շրջանակներում, նպատակ ուներ ՀՀ քաղաքացիներին իրազեկելու ՌԴ միգրանտների պարտականություններն ու իրավունքները։ ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Եվգենի Չեռնիցովն իր ելույթում նշեց, որ մոտ մեկ միլիոն միգրանտներ ՌԴ-ում գտնվում են անլեգալ աշխատանքի նպատակով եւ նույնչափ էլ՝ պարզապես անհայտ պատճառներով։ Այդ փաստը լրացուցիչ գլխացավանք է ոչ միայն տվյալ անձանց, այլեւ նախեւառաջ ՌԴ իշխանությունների համար։ Քանզի այն նախ իր ուրույն ազդեցությունն է թողնում երկրի տնտեսության, ապա ներքին կարգուկանոնի վրա։ 23.02.02թ. ՌԴ նախագահի հրամանագրով՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում պետական կառավարումը կատարելագործելու, աշխատանքի, սովորելու, բուժվելու նպատակով ՌԴ արտագաղթողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու, միգրացիոն գործընթացները քրեական հեղինակությունների վերահսկողությունից դուրս բերելու եւ օրինական դաշտ տեղափոխելու նպատակով, ընդունվել են մի շարք ֆեդերալ օրենքներ եւ ՌԴ կառավարության որոշումներ։ Ըստ այդմ, դեռեւս 1996-ից գործող օրենսդրության համաձայն, ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները ՌԴ մուտք ու ելքի իրավունք ունեն առանց մուտքի (վիզա) թույլտվության ռեժիմի՝ անձը հաստատող իրական փաստաթղթերի առկայության պարագայում։ Նոր օրենսդրությամբ, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում (անձնագիր՝ ելքի իրավունքի կնիքով, առողջության եւ դատվածության մասին տեղեկանք) ժամանակավոր բնակության իրավունք տրվում է 90 օրով։ Անհրաժեշտ է ունենալ նաեւ վերադարձի տոմսի եւ այդ ընթացքում բնակվելու գումար։ Իսկ եթե մեկնում են հրավերով՝ պարտադիր է հրավիրատոմսի առկայությունը։ Եթե ժամանակավոր բնակության ընթացքում աշխատանքի համար հարմար տարբերակ է ի հայտ գալիս, պարզապես պետք է մոտակա ՆԳ տեղամաս ներկայանալ եւ, ըստ աշխատանքի պայմանագրի, բնակության ժամկետը երկարացնել։ Սկզբի համար դա տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով, ապա՝ մինչեւ 3 տարի ժամկետով ապրելու իրավունք է տրվում։ Այդ դեպքում, տվյալ անձը ամսական պարտավոր է մոտ 30 դոլար, իսկ գործատուն՝ մոտ 90 դոլար հարկ վճարել։ Երկրից վտարումը (դեպորտացիա) սպառնում է միմիայն օրենքները խախտելու պարագայում։ Տարվա կեսից արդեն, հավանաբար, կգործածվեն միգրացիոն քարտերը։ Վերջիններս կլրացվեն անմիջապես սահմանի վրա՝ մի օրինակը մուտք կարվի համակարգիչ, մյուսը կտրվի տվյալ անձին։ Թերթիկում կամփոփվեն տվյալ անձի ՌԴ-ում գտնվելու ժամկետները, նպատակը։ Դա թույլ կտա երկրի ներսում ազատ եւ առանց խոչընդոտների տեղաշարժվել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել