Լրահոս
Օրվա լրահոսը

3-5 հարյուր հազար կեղծ քվե

Փետրվար 21,2003 00:00

3-5 հարյուր հազար կեղծ քվե Երեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցներում այսպես գնահատեցին ընտրությունների արդյունքները նախագահի թեկնածուներ Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչները: «Երկրորդ փուլ չի՛ լինի: Ծոծրակնե՛րդ կտեսնեք եւ ոչ երկրորդ փուլ»,- երեկ կեսօրին լրագրողներին վստահեցրեց ԿԸՀ-ում Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա եզրակացությունն էր. «Ոչ մի բան չի փոխվել մեր երկրում, ավելի է վատացել: Ընթացիկ ընտրությունները գնահատում ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ այլանդակ, ավելի վատ, քան 1995-ինը, երբ զենքով էին անցկացնում, քան 1996-ինը, երբ մահակներ էին գործադրում եւ կրակում էին: Չեն բավարարվել ավելի քան 320 հազար քվեաթերթիկ լցնելով, հիմա տեղի է ունենում քվեաթերթիկների խրձերի փոփոխություն: Շատ ընտրատարածքներում եւ տեղամասերում ընդհանրապես նկարչություն են անում»: Այս ամենը նկատի ունենալով՝ պրն Արշակյանը հայտարարեց. «Մենք այս ընտրությունների արդյունքները չենք ճանաչի», եւ պնդեց, թե ընտրությունները պիտի ճանաչվեն չեղյալ ու անօրինական. «Եվ նոր ընտրություններում չպիտի լինի այդպիսի թեկնածու, որի անունը Ռոբերտ Քոչարյան է»: «Առավոտը» վկայակոչեց պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ Գեղամյանը երրորդն է, եւ հետաքրքրվեց, թե իրենց տվյալներով ինչպիսի՞ն է իրական պատկերը: «Տվյալ պարագայում որեւէ կապ չունի՝ երկրո՞րդն ես, թե՞ Արամ Հարությունյանի տեղում՝ 9-րդը»,- պատասխանեց Աղասի Արշակյանը: Եվ կեղծ քվեների առնչությամբ ասաց. «Հայաստանի Հանրապետությունում այսօր ոչ միայն 2 միլիոն 300 հազար ընտրող չկա՝ ՀՀ-ում այսօր չկա 2 միլիոն 300 հազար բնակիչ»: Նրա համոզմամբ՝ բնակիչների թիվը չի անցնում 2 միլիոն 150 հազարից եւ այդ պարագայում ընտրողների թիվը չի կարող գերազանցել 1 մլն 600 հազարը, իսկ ընտրության մասնակիցների քանակը, ամենամեծ ակտիվության դեպքում՝ 1 մլն 100 հազարը. «Այս ամենը նշանակում է, որ քվեարկղեր են խցկվել առնվազն 320 հազար քվեաթերթիկներ»: Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանի դատողությունները նման էին պրն Արշակյանի վերլուծություններին. «Ընտրություններին մասնակցել են շուրջ 1,5 մլն ընտրող. դա չլսված թիվ է մեր վերջին տարիների պատմության մեջ: 1999-ին 1,1 մլն էր, այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ ԱԺ ընտրություններում ավելի մեծ մասնակցություն է լինում, քանի որ թեկնածուները շատ են, յուրաքանչյուրը բերում է իր ընտրազանգվածը… Մենք նաեւ ընտրողների մինի-մարդահամար էինք անցկացրել, եւ միանշանակ երեւում էր, որ այդքան մարդ չկա: Ընտրազանգվածի շուրջ 30%-ն այսօր հանրապետությունում չէ: Այսինքն՝ պարզապես լցրել էին, լցրել ու ավելացրել»: Նա նշեց կեղծված քվեների ավելի մեծ թիվ, քան Գեղամյանի ներկայացուցիչը. «320 հազարն ի՜նչ է, որ… Իմ անձնական կարծիքով՝ 500 հազարի մասին է խոսքը»: Գրիգոր Հարությունյանն անընդունելի համարեց երկրորդ փուլի անցկացումը, «քանի որ գտնում ենք, որ նախագահական ընտրություններում հաղթել է Ստեփան Դեմիրճյանը: Դա են ցույց տալիս ուսումնասիրություններն այն բոլոր տարածքներում, որտեղ դիտորդները կարողացել են հսկել. Քոչարյանը միանշանակ պարտվել է»: Իսկ վերջինիս ձայների առավելությունը գնահատեց այսպես. «Իրականում ունենալով ընդամենը 12-14% վարկանիշ՝ նա չի կարող ստանալ արհեստական 47-48% եւ հավակնել դառնալ հանրապետության նախագահ: Դա ընդդիմությունը թույլ չի տա: Մեզ համար երբեք ընդունելի չեն այն մեթոդները եւ ձեւերը, որոնց միջոցով ցանկանում են գալ իշխանության»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել