Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատ կապուղի կա՞

Մարտ 22,2003 00:00

Ազատ կապուղի կա՞ Երեկ Ազգային հանձնաժողովը որոշում կայացրեց եթերային հաճախությունների ամբողջական ցանկը հրապարակելու մասին: Հեռուստահաղորդումների հեռարձակման համար միակ օրինական հիմքն արտոնագիրն է, ուստի այն հաճախությունները, որոնցով հաղորդումներ հեռարձակելու համար արտոնագիր տրամադրված չէ՝ պիտի համարվեն չզբաղեցված ու դրանց համար պիտի հայտարարվի մրցույթ: Մինչդեռ «Դար 21»-ի, «Երեւանի», «ԱրմենԱկոբի», «TV 5»-ի եւ CNN-ի արտոնագրի ժամկետը վաղուց ավարտված է: «Պրոմեթեւսը», HTB-ն, «Արմնյուզը» եւ «Ար»-ն ընդհանրապես չեն էլ ունեցել արտոնագիր: Սակայն Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ զրույցից դատելով՝ նրանք այժմ էլ չեն պատրաստվում ամբողջական ցանկում այդ կապուղիները նշել որպես չզբաղեցված: Առաջին 5 հեռուստաընկերությունների առնչությամբ նա նշեց, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը չի նախատեսում այնպիսի իրավիճակների կարգավորում, երբ դատական հայցի կամ այլ պատճառով կարող է ձգձգվել մրցույթը, եւ կապուղիները հայտնվեն առկախ վիճակում. «Բայց օրենքի ողջ տրամաբանությունն այն է, որ պիտի հնարավորություն տրվի հեռուստաընկերությանը շարունակել իր գործունեությունը»: Ինչը եւ հանձնաժողովն արել է՝ իր որոշմամբ, թույլ տալով նրանց շարունակել աշխատել՝ մինչեւ մրցույթներում հաղթողների ճանաչումը: Ինչ վերաբերում է արտոնագիր չունեցող 4 հեռուստաընկերություններին՝ ըստ պրն Ամալյանի, նրանք գործում են օրենքի 59՝ «Անցումային դրույթներ» կոչվող հոդվածի համաձայն, այն է՝ «Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը՝ մինչեւ համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթող ճանաչվելը»: «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե որքա՞ն պիտի տեւի այդ անցումային փուլը՝ պրն Ամալյանը պատասխանեց. «Անցումային ժամանակները տեւում են ճիշտ այնքան, որքան որ անհրաժեշտություն կա գործընթացները կազմակերպելու համար»: Այսինքն՝ հնարավո՞ր չէր անցած մեկ տարում կազմակերպել այդ գործընթացները: «Ո՛չ, չէր կարելի,- պատասխանեց պրն Ամալյանը եւ որպես հիմնավորում դարձյալ ներկայացրեց «Պրոմեթեւսի» հաճախությամբ այլ՝ մարզային հեռուստաընկերությունների հեռարձակման հանգամանքը:- Դուք միայն Երեւանի կտրվածքով եք նայում՝ մենք ողջ հանրապետության մասշտաբով ունենք խնդիրներ»: Իսկ HTB-ի, «Արմնյուզը»-ի կամ «Ար»-ի զբաղեցրած կապուղիների համար ինչո՞ւ չեն հայտարարվում մրցույթներ, չէ՞ որ գոնե դրանք չեն հեռարձակվում ամբողջ հանրապետությունում՝ մեր այս հարցին պրն Ամալյանը պատասխանեց. «Դրանց պետք է միաժամանակ մոտենալ՝ նույն սկզբունքով: Գործընթացը միաժամանակ է պետք սկսել ու ավարտել»: Ստացվում է այսպես՝ «Պրոմեթեւսի» կապուղու համար չեն հայտարարում մրցույթ՝ հարգելի պատճառով, իսկ առանց արտոնագրի գործող մյուս հեռուստաընկերությունների համար նույնպես չեն հայտարարում, քանի որ դրանց մրցույթը ցանկանում են հայտարարել «Պրոմեթեւսի» հետ միաժամանակ: Եվ այս ամենից ո՞վ է տուժում: Ո՛չ վերոհիշյալ բոլոր հեռուստաընկերությունները, որոնք առանց այն էլ եթերում են, այլ «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն, որոնց այդպես էլ հնարավորություն չի ընձեռվում վերադառնալ եթեր: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել