Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լուրջ ներդրում ինտերնիստի պրակտիկայում

Ապրիլ 05,2003 00:00

Լուրջ ներդրում ինտերնիստի պրակտիկայում «Գիտություն» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Հարությունյանի, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Գրիգորյանի եւ բժիշկ-թերապեւտ Արմինե Մամուլյանի «Դեղորայքային փոխազդեցությունները ինտերնիստի պրակտիկայում» գիրքը, որն իր մեջ ներառում է ներքին հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղորայքների, ինչպես նաեւ տարբեր սննդանյութերի եւ դեղաբույսերի հետ նրանց հնարավոր փոխազդեցությունների ողջ համալիրը, բացահայտում վնասակար հետեւանքները եւ ցույց տալիս դրանց վերացման առավել ռացիոնալ տարբերակները, միաժամանակ ի հայտ բերելով կանխարգելման հնարավորությունները։ Հեղինակներին հաջողվել է օգտվելով ինտերնետային աղբյուրներից, ներկայացնել հիմնահարցը իր ողջ արտահայտվածությամբ, ի ցույց հանել դեղորայքային փոխազդեցությունների ախտաբանական վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ լրացնել ներկայացվող նյութը իրենց սեփական հետազոտությունների արդյունքներով, որոնք հիմնականում նվիրված են գործնական բժշկության մեջ լայնորեն օգտագործվող դեղորայքներին։ Նշված դեղորայքների փոխազդեցությունը այլ պատրաստուկների հետ եւ դրանց առաջացրած ախտաբանական երեւույթները մանրամասն ուսումնասիրված եւ նկարագրված են հեղինակների կողմից։ Նրանց հաջողվել է մշակել դեղորայքային փոխազդեցությունների հայեցակետերը եւ դասակարգել դրանց հիմնական կլինիկական տիպերը։ Հեղինակներն արել են առավելագույնը, որպեսզի դեղորայքային փոխազդեցության ախտաբանական արտահայտությունները համապատասխանեցնեն բժիշկ-թերապեւտի ամենօրյա գործնական աշխատանքում հանդիպող իրավիճակներին, կարողանան պրակտիկ բժշկին ապահովագրել տհաճ իրադրություններից։ Գրքի շահեկան բարեմասնությունների թվին են պատկանում նորագույն գիտական փաստերով հագեցվածությունը, կուռ հայեցակետային միասնությունը, շարադրվող նյութի այժմեականությունը։ Մենագրությունը մի նոր ավանդ է պրոֆեսոր Հարությունյանի եւ նրա դպրոցի կողմից մշակվող ինտեգրատիվ ինտերնիստիկայի համապարփակ սկզբունքների կոնցեպցիայի մշակման համակարգում։ Ռ. ԲՈՐՈՅԱՆ ԵՊԲՀ172ի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել