Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԵՐԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Ապրիլ 08,2003 00:00

ԿԱՆԱՆՑ ԵՐԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ Երեկ կազմակերպված «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքն առիթ դարձավ նոր բռնությունների: Ձերբակալվեցին շուրջ 10 հոգի: Առա՛յժմ 10: Ոստիկանները նախ փորձեցին խոչընդոտել կանանց, երբ հանրահավաքն ավարտվել էր, եւ վերջիններս պատրաստվում էին հեռանալ Մատենադարանի տարածքից: Իրավապահները շղթա էին կազմել ու փորձում էին թույլ չտալ, որ կանայք երթով իջնեն Մաշտոցի պողոտայով: Սակայն փշալարեր ու ջրցան մեքենաներ այս անգամ չերեւացին, իսկ իրար թեւանցուկ արած ոստիկանների շղթան հաջողվեց ճեղքել կանանց միահամուռ ուժերով: Երթով հասան Սահմանադրական դատարան, եւ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը ՍԴ աշխատակազմի ղեկավարին փոխանցեց հանրահավաքի անունից ընդունված հետեւյալ դիմումը. «2003-ի նախագահի ընտրությունից հետո Հայաստանի ճակատին դաջվեց ոչ լեգիտիմ նախագահի խարանը եւ երկրում պետական մակարդակով խախտվեց ժողովրդավարությունը: Ձեզ ենք դիմում մենք՝ հայոց երկրի մայրերը, կանայք՝ կայացրեք ճիշտ որոշում: Քանզի հայ կանայք ու մայրերը տարել են ամեն ցավ, դիմակայել բոլոր դժվարություններին, բայց չեն կարող հանդուրժել այնպիսի բռնություններ եւ իրավունքների ոտնահարումներ, որպիսիք կատարվեցին 2003-ի ընտրություններում»: Նշենք նաեւ, որ ՍԴ-ից դուրս եկան ու օրվա ընթացքում այնտեղ կատարվածի վերաբերյալ հանրահավաքի մասնակիցներին տեղեկություններ հաղորդեցին Վիկտոր Դալլաքյանն ու Արշակ Սադոյանը: Կանայք կամաց-կամաց ցրվեցին ու քչերը տեսան, թե ինչ կատարվեց հետո: Պատմում է «Արդարություն» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանը, որն, ի դեպ, վարում էր այդ հանրահավաքը. «Երբ երթն իջավ Բաղրամյան պողոտայով, ժողովրդին «ցտեսություն» ասացինք ու արդեն թեքվում էինք դեպի «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ: Մի քիչ առաջացել էինք՝ մեկ էլ շուռ եկանք, տեսանք, որ հենց Բաղրամյան պողոտայի սկզբում իրարանցում է՝ ոստիկաններ են լցված, քաշքշում են Արշակ Սադոյանին ու կանանց: Վազեցի այդ կողմ՝ տեսա Սերգեյ անունով մի երկրապահի, որի ետեւից ընկել էին, ուզում էին բռնել ու զոռով մտցնել մեքենա: Ես նրան թեւանցուկ արեցի՝ տեսա, որ Սերգեյի մատը դուրս էր ընկել: Ոտքով խփել էին, ձեռքը կապտել էր, իսկ աչքի վերեւում էլ արյունոտ էր. նյարդայնությունից դողում էր: Մոտեցան այլ կանայք, ասացին, որ գրել են համարանիշներն այն մեքենաների, որոնց մեջ զոռով խցկել էին ցուցարարների ու տարել: Մի տղայի, որին էլի փորձել էին հենց փողոցի մեջտեղից զոռով տանել՝ փրկել էր Արշակ Սադոյանը: Նշեմ նաեւ, որ դրանք ոստիկաններ չէին, այլ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ՝ գուցե ԱԱ աշխատակիցներ, որ մեքենան կանգնեցնում ու միանգամից փորձում էին ինչ-որ մեկին մտցնել մեքենա, տանել»: Ի դեպ, հանրահավաքին ու երթին ներկա էին Երեւանի գրեթե բոլոր համայնքների ոստիկանապետերը: Ինքս տեսա ծանոթ ոստիկանի, որ հանրահավաքին մասնակցում էր քաղաքացիական հագուստով ու խոստովանեց, թե իր պես շատերը կան այստեղ: «Հանրապետության» գրասենյակում էի, երբ եկավ Տիգրան անունով մի տղա ու պատմեց, որ իրեն մտցրել էին առանց համարների «07» մակնիշի մի մեքենա ու փորձել տանել: Բայց երբ կարմիր լույսի տակ մեքենան կանգնել էր՝ Տիգրանը կարողացել էր դուռը մի կերպ բացել ու դուրս պրծնել: Նրա ձեռքն էլ էր վնասված,- շարունակեց պատմել Դուստրիկ Մխիթարյանը:- Ես արդեն Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանին էլ եմ տեղյակ պահել, որ փնտրի, թե ինչ այլ վարչական պատասխանատվության ենթարկվածներ կան: Այս պահին՝ հանրահավաքի ավարտից մեկ ժամ անց, ես արդեն 3 հոգու անուններ ունեմ, որոնք ձերբակալված են՝ Սեւանի ՀԺԿ կառույցից Հրաչիկ Ջիվանի Համբարձումյանը, որին երթից հետո ՀԺԿ գրասենյակ գալիս են ձերբակալել՝ տարել են հենց փողոցից: Ընկերներով են եղել՝ մեկը կարողացել է փախչել: Ձերբակալվել են 2 հոգի «Հանրապետություն» կուսակցությունից՝ Կենտրոնի տարածքային կազմակերպությունից Աշոտ Գալստյանը եւ երկրապահ Վարդան Խաչատրյանը»: Ավելի ուշ հայտնի դարձան տվյալներ այլ ձերբակալությունների մասին: Այսպես՝ ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, ազատամարտիկ Գագիկ Սարգսյանը, որ 2-րդ կարգի հաշմանդամ է, նույն համայնքի բնակիչ Ռազմիկ Չոբանյանը: Եվ կան տվյալներ եւս 4-5 հոգու մասին, որոնց միայն անուններն են հայտնի կամ այն մեքենաների համարանիշերը, որոնցով տարել են նրանց: Բացի այդ՝ ձերբակալված Վարդան Խաչատրյանի հարազատները կարողացել են տեսնել նրան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում եւ վկայել են, որ կային եւս 4-5 հոգի, որոնք սպասում էին վարչական պատասխանատվության ենթարկվելու իրենց հերթին: Ինչպես նկատեցիք՝ առայժմ բոլոր ձերբակալվածները տղամարդիկ են, թեեւ երթի հիմնական մասնակիցները կանայք էին: «Այդ տղամարդիկ ընդամենը կողքից ապահովում էին մեր անվտանգությունը եւ կապ չունեին երթի հետ»,- ասաց Դուստրիկ Մխիթարյանը: Մեր հարցին, թե գուցե նրանցից որեւէ մեկը չի՞ ենթարկվել իրավապահների հրահանգին կամ այլ զանցա՞նք է թույլ տվել՝ տիկին Դուստրիկը պատասխանեց. «Ոչ մի նման բան չի եղել: Ես կրկնում եմ՝ մարդիկ արդեն տուն էին գնում եւ ոչ ոք որեւէ բան չէր արել: Պարզապես միանգամից վազեցին նրանց հետեւից ու փորձեցին տանել»: Նշենք, որ որեւէ արտառոց բան չէր եղել նաեւ հանրահավաքի ընթացքում: Մասնակիցների շարքերն անգամ նոսրացել էին: Սակայն տարածքն էլի «շրջահայացորեն» հոսանքազրկել էին ու դարձյալ չկային բարձրախոսները: Հանրահավաքի կազմակերպիչներն էլ նույնքան շրջահայացորեն եկել էին «դվիժոկով» ու մեգաֆոններով: Մինչ կլուծվեին տեխնիկական խնդիրները՝ «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքի մասնակիցները երգում էին, քանի որ որոշել էին ցույցն անցկացնել տոնական տրամադրությամբ՝ հումորով ու երգերով: Գուցե Հայաստանի Հանրապետության օրհներգը երգե՞լն է իրավախախտում: Ի դեպ, հանրահավաքում Անահիտ Սարգսյանը խիստ տեղին հայտարարեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված կանանց հասարակական շարժում ստեղծելու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանում շարունակվում են կոպտորեն ոտնահարվել մարդու իրավունքներն ու ազատությունները: Բռնություններն ու ահաբեկումները դառնում են իշխանությունների գործելակերպ: 2003-ի նախագահական ընտրությունները եւ հետընտրական գործընթացները, որոնք աննախադեպ են ընտրակեղծիքների եւ բռնությունների ծավալով, փորձում են վերջնականապես ոչնչացնել ժողովրդավարության սաղմերը, որոնք այսօր դեռեւս պահպանվում են Հայաստանում»: Ուստի «Արդարություն» դաշինքի կանանց նախաձեռնող խումբը դիմեց «այն կանանց ու աղջիկներին, ովքեր մտահոգ են Հայաստանում իրենց հարազատների եւ սերունդների ապագայով՝ մասնակցել ու աջակցել այս հասարակական շարժմանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել