Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Նիկոլ Փաշինյանն իր զրպարտությունը հրապարակային պետք է հերքի այն եղանակով, ինչ եղանակով հայտարարել է»

Սեպտեմբեր 24,2026 21:25 Share

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Սարգիս Երիցյանի նախագահությամբ կայացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով երկրորդ դատական նիստը։

Հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ լրացնել հայցի առարկան, հայցին կցել հերքման տեքստը եւ որ Նիկոլ Փաշինյանի կողմից այն տարածվի հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 11.06.2026 թվականին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած այն պնդմանը, թե «Էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե», «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։

Սոֆյա Հովսեփյանը, որը հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, Aravot.am-ին ասաց. «Առաջին որոշումն այն մասին էր, որ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չի։ Այսինքն, հստակեցված չէր, թե ինչ եղանակով պետք է հերքումը լինի։ Օրինակ, դա կարող է լինել ինձ անձնական հեռախոսազանգի միջոցով։ Բայց դա հրապարակային հերքում չէ։ Եվ հիմա մեր պահանջը հստակ է. հերքումը պետք է լինի այն եղանակով, ինչով որ եղել է։ Մենք տեսել ենք, թե քանի լրատվամիջոցներով եւ YouTube-յան ալիքներով է այդ զրպարտությունը հանրայնացվել։ Մեր պահանջն է՝ սկիզբը որտեղ եղել է, այնտեղ էլ թող շարունակվի։

Ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը զրպարտություն եմ համարում եւ հենց այդ պահանջով էլ դիմել եմ դատարան։ Ես իրեն ընտրող չեմ։ Նա առանձնահատուկ հենց ինձ նկատի ուներ, որովհետեւ ես իրեն ընտրող չեմ, դրա մասին հրապարակային միշտ խոսել եմ եւ ինքը հստակ ասում է, թե ընդդիմությանը տրված 100% ձայները ընտրակեղծիքներով են եղել։ Հետեւաբար, փաստացի ինձ մեղադրում է ընտրակեղծիքով ձայն տալու մեջ»։

Ավելի հստակեցնելով խնդիրը՝ Սոֆյա Հովսեփյանի պաշտպան Լուսինե Ավագյանը, որն ի դեպ, որպես քաղաքացի նույնպես դատարան է դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ եւ իր պարագայում նրա արած հայտարարությունը դիտել է որպես զրպարտություն եւ վիրավորանք, ասաց. «Այսօրվա նիստով մենք ներկայացրեցինք նորից հայցի առարկայի լրացում, որպեսզի հստակեցվի, թե հայցի բավարարման դեպքում հրապարակային հերքումը ինչպես պիտի տեղի ունենա, որ կայքերում պիտի տեղադրեն, ինչ պայմաններում պիտի դա տեղի ունենա։ Դատարանն առաջարկեց, որպեսզի որոշումը կայացվի արձանագրային։ Բայց մենք պնդեցինք, որպեսզի որոշումը կայացվի թղթային տեսքով։

Մեկ անգամ եւս ուզում եմ հստակեցնել, որ մեր հայցի լրացման պահանջի եղանակն այն է, որպեսզի հրապարակային հերքումը կատարվի ու տարածվի նույն եղանակով, ինչ եղանակով նա զրպարտությունը հրապարակել է։ Սա շատ կարեւոր հանգամանք է այն առումով, որպեսզի հետագայում հարկադիր կատարման փուլում տեխնիկական խնդիրները հնարավորինս նվազագույնի հասցվեն»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930