Լրահոս
Օրվա լրահոսը

«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում

Ապրիլ 09,2003 00:00

«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում Բոլոր ժամանակներում էլ եղել են սրճարաններ, որոնք երեւանցիների սիրած վայրերից են եղել։ Այսօր էլ քիչ չեն սպասարկման օբյեկտները, սակայն հասարակության տարբեր շերտերի համար կան սրճարաններ, որոնցում յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար հաճելի մարդկային տեսակին, ծանոթանալ ու շփվել, լավ ժամանակ անցկացնել։ Դրանց թվին է պատկանում Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի հատման կետում, երեւանյան հին վարսավիրանոցի ու «կոճակի խանութի» կողքին գտնվող «Յամ-Յամ դոնաթս» սրճարանը։ Նրա բացման օրվանից արդեն 5 տարի է անցել եւ «Յամ-Յամը» միշտ եղել է երիտասարդության սիրած վայրերից մեկը՝ շնորհիվ լուսավոր լինելու, սպասարկման բարձր մակարդակի, ջերմ մթնոլորտի եւ, որ ամենակարեւորն է՝ տեղի։ Այստեղ հիմնականում հավաքվում են տարբեր բուհերի (Ճարտարագիտական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության համալսարան, Գեղարվեստի ակադեմիա եւ այլն) ուսանողներ։ Այցելում են նաեւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու, առհասարակ, ոչ հայեր։ Ընկերներով «Յամ-Յամ դոնաթսի» մշտական հաճախորդներից ենք։ Այստեղ մեզ միշտ լավ ենք զգացել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույքով օգտվել համեղ դոնաթներից ու բուրավետ սուրճից։ Ցավոք, արդեն 2 տարի է, սրճարանի տնօրինությունը սկսել է իր «պայքարը» մշտական հաճախորդների դեմ, ինչի համար ունի հասկանալի եւ հիմնավոր «պատճառներ»։ Այն է՝ ապահովել ավելի մեծ շահույթ՝ շատ փող ծախսող հաճախորդների հաշվին։ Իսկ այսօրվա ուսանողը՝ գրպանի չնչին պարունակությամբ, բնականաբար, սրճարանի տնօրինության համար ցանկալի չի կարող համարվել։ Վերջինիս պայքարը կարող ենք արդարացնել. մարդիկ ցանկանում են եւ իրավունք ունեն առավելագույն շահույթ ակնկալել իրենց ներդրած գումարի դիմաց։ Բայց դա, կարծում ենք, կարելի է անել ավելի գրագետ ձեւով, առանց հաճախորդների ինքնասիրությունը վիրավորելու։ Գործը հասել է նրան, որ արգելվում է մեծ թվով մարդկանց մուտքը սրճարան, իսկ պատերին փակցվել է հետեւյալ հայտարարությունը. «Խնդրում ենք սեղաններն անհարկի չզբաղեցնել։ Սրճարանից օգտվելու առավելագույն ժամանակը 30 րոպե է»։ Հետաքրքիր է, որ հայտարարությունը միայն հայերեն է եւ վերաբերում է միայն հայ երիտասարդներին։ Բայց չէ՞ որ այստեղ լինում են նաեւ արտասահմանցի հաճախորդներ, որոնց համար նույն «կարգը» չի գործում։ Հակառակ դեպքում, օտար լեզվով էլ նման մի հայտարարություն կփակցվեր։ «Պայքարի» գագաթնակետը եղավ ոստիկանի համազգեստով մի մարդու մշտական «պահակությունը»՝ այն էլ երկու հերթով։ Սրճարանի տնօրինությունը հասավ նրան, որ մեծ թվով մշտական հաճախորդներ դադարել են այցելել այստեղ։ Մենք, ի հեճուկս սրճարանատիրոջ ծիծաղելի որոշման, շարունակում ենք հաճախել «Յամ-Յամ»։ Այժմ պահակությունը վստահվել է արցախյան ազատամարտի մասնակից ոմն Մուկուչի, որը վիրավորական վերաբերմունքով հաճախ նեղացնում է հաճախորդներին։ Վերջերս դարձյալ ընկերներով սրճարանում էինք։ Մի քանի րոպե անց վաճառողուհին մեզ զգուշացրեց, որ իբր լրացել է 30 րոպեն։ Նրան հետեւեց նաեւ պարոն Մուկուչը. «Ձեզ հայերեն չասեցին՝ հելեք -գնացեք»։ Մեր տարօրինակ «երկխոսությունից» հետո ես ստիպված պահանջեցի իմ հսկիչ-դրամարկղային կտրոնը, որն ինձ չէին տվել։ Դրա վրա տպված էր այլ ժամ՝ 13.00, այն դեպքում, երբ մենք սրճարան էինք մուտք գործել 13.20-ին։ Քաշքշուկից հետո մենք եւ այլ հաճախորդներ լքեցինք սրճարանը, սակայն շարունակելու ենք այցելել, քանի որ դա մեր իրավունքն է եւ ցանկությունը։ «Յամ-Յամը» հարազատ վայր է մեզ համար եւ այդպիսին կմնա միշտ։ ՍԱՀՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ Մշտական հաճախորդ «Յամ-Յամ դոնաթս» սրճարանի տնօրեն Արսեն Վարդանյանը պարզաբանեց, որ նամակում հնչող մեղադրանքները չափազանցված են եւ իրենց մոտ անտեղի որեւէ մեկին դիտողություն չի արվում. «Հինգ տարի է բիզնես ենք ղեկավարում եւ 30 րոպեից սեղանն ազատելու վերաբերյալ հայտարարությունն էլ պայմանավորված է նույն բիզնեսի պահանջներով։ Բացի այդ, «Յամ-Յամը» արագ սպասարկման սրճարան է, իսկ արագ սպասարկումը ենթադրում է «հյուրընկալություն» կարճ ժամանակով։ Այն մարդիկ, ովքեր անհարկի զբաղեցնում են սեղանները, հիմնականում հայախոս են, դրա համար էլ համապատասխան հայտարարությունը եւս հայերեն է։ Արտասահմանցիների համար օտար լեզվով հայտարարություն փակցնելու կարիքը չկա, որովհետեւ նրանք երբեք երկար ժամանակ չեն վատնում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել