Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ»

Ապրիլ 26,2003 00:00

«ՑԱՎՈՔ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԼ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀ ԿԱ» Որոշ կրճատումներով վերատպում ենք ԼՂՀ ներկայիս եւ այն ժամանակվա ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի հետ հարցազրույցը, որը 10 տարի առաջ լույս է տեսել մազութ լափողների պաշտոնաթերթում: – Ղարաբաղում գրեթե մեկ տարի է՝ ռազմական դրություն է մտցված: ՆԳ մարմինների աշխատանքը դյուրին չէ նույնիսկ խաղաղ ժամանակներում, իսկ պատերազմական իրավիճակում այն, պարզ է, կլինի շատ ավելի դժվար: Ո՞րն է Ձեր տեսչության աշխատանքի յուրահատկությունը ստեղծված բարդ իրավիճակում: – Այսօր ԼՂՀ ՆԳ մարմինների աշխատանքը փոխադրված է արտակարգ դրության ռեժիմի: Որոշ ծառայություններ ուժեղացված են, կատարվում են շուրջօրյա հերթապահություններ, զանազան ստուգայցեր, պարետային ծառայություն եւ այլն: Առաջներում եւս աշխատանքային օրը կանոնակարգված չէր, իսկ այժմ մենք փաստորեն օրվա 24 ժամը ծառայության մեջ ենք: – ՆԳ ծառայողները մասնակցո՞ւմ են ռազմական գործողություններին: – Անշուշտ: Բոլորն են այսօր Ղարաբաղում զինվոր: ՆԳ ծառայողները մասնակցում են բոլոր մարտերին: Պատերազմի ընթացքում մեր տղաներից 25-ը զոհվել են, 60-ը՝ վիրավորվել; Այսօր էլ մեր աշխատակիցները ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հետ միասին առաջին գծում են: – Ռազմական դրության հետ կապված Ղարաբաղում որոշակի սահմանափակումներ կան ապրանքների ներմուծման եւ արտահանման վերաբերյալ: Ճանապարհին եղանք թիվ 1 մաքսատանը: Ինչպե՞ս է կազմակերպված մաքսային ծառայությունը: – 1992թ. ամռանից՝ Շահումյանի եւ Մարտակերտի դեպքերից հետո մաքսային ծառայություն ստեղծելու ծայրահեղ անհրաժեշտություն առաջացավ: Թշնամու կողմից գրավված տարածքից խուճապահար փախչում էր ժողովուրդը: Գտնվեցին մարդիկ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ղարաբաղից, որոնք օգտվեցին այդ քաոսային վիճակից եւ սկսեցին արտահանել գողացված թանկարժեք իրեր, գորգեր, ոգելից խմիչք, սպիրտ, անասուն եւ այլն: Գերագույն խորհուրդը պիտի օրենսդրական փաթեթ ընդուներ մաքսային ծառայության մասին, բայց չարեց: Եվ Ղարաբաղի հարստությունը անխնա արտահանվեց: ՊՊԿ-ի գործունեության առաջին քայլերից էր մաքսային ծառայության ստեղծումը: – Պատերազմական իրավիճակում սովորաբար աճում է հանցագործությունների թիվը: Ինչպե՞ս կբնութագրեք քրեական իրավիճակը Ղարաբաղում: – Վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին՝ ՊՊԿ-ի ստեղծումից հետո, հանցագործությունների ընդհանուր մակարդակի նվազում է նկատվում: Սակայն նկատվում է հանցագործությունների առանձին տեսակների աճ՝ բնակարանային կողոպուտ, սպանություններ: Բազմաթիվ բնակարաններ դատարկ են այսօր, բացի այդ՝ վնասված շենքերը շատ են. որը դուռ չունի, որը՝ լուսամուտ: Նկատել եք երեւի, որ բնակարաններից շատերի լուսամուտները ցելոֆանով են ծածկված: Տերերն այսօր վերադառնում են տուն ու վաղուց կատարված կողոպուտի հետքերն են միայն տեսնում: Ինչ վերաբերում է սպանություններին, ապա դրանց աճը նույնպես իր պատճառներն ունի: Ղարաբաղում գրեթե բոլորն այսօր զենք են կրում: Մեծ քանակությամբ չգրանցված զենք կա, եւ չարագործները հեշտությամբ կարող են հաշվեհարդար տեսնել: Պատերազմող պետության օրինապահ մարմինների աշխատանքը չափազանց դժվար է: Նախ՝ անձնակազմի խիստ պակաս ունենք: ՆԳ անձնակազմը մոտ երեք անգամ քիչ է պահանջվող թվաքանակից: Զենքի, փոխադրամիջոցների, էլեկտրոնային սարքավորումների, վառելանյութի պակաս ունենք: Այս ամենը, անշուշտ, բարդացնում է մեր աշխատանքը: – Ղարաբաղում գոյություն ունի՞, արդյոք, կազմակերպված հանցագործություն: – Ցավոք, այո: ԼՂՀ ՆԳ մարմինները մի շարք միջոցառումներ անցկացրին ապօրինի զինված խմբերի զինաթափման ուղղությամբ: Մարտունիի շրջանում, Ստեփանակերտում ձերբակալել ենք մի քանի հանցավոր խմբեր: Առգրավվել են մեծ քանակությամբ ավտոմատ, ատրճանակ, գնդացիր, տարբեր զինամթերք, ռացիաներ: Եվ դա այն դեպքում, երբ Ղարաբաղի բանակը այս ամենի խիստ կարիքն ունի: Նույն խմբերից առգրավվել են 35 պարկ շաքարավազ, 7700 կգ ալյուր, 50 արկղ ապխտած միս, մի քանի պարկ մակարոնեղեն: Եվ դա անում էին մարդիկ, որոնք գիտեին Ղարաբաղում այդ սննդամթերքի խիստ անհրաժեշտության մասին: Զինվորական համազգեստով հանցավոր այդ խումբը ոչ մի տեղ չէր ծառայում, դեռ ավելին՝ նրանցից մի քանիսը անվանում էին իրենց ԼՂՀ ԳԽ անվտանգության եւ պաշտպանության ծառայության աշխատակիցներ: Խմբի ղեկավարը՝ Դանիելյան Միշան, ազատված է ՆԳ մարմիններից: Մոտ 50 մլն ռուբլու ապրանք է առգրավվել միայն պարեկակետերում: – Ի դեպ՝ պարեկակետերի մասին: Ասում են, որ հենց նրանք էլ մասնակցում են կողոպուտին: – Առ այսօր ԼՂՀ ԳԽ-ն չի ընդունել օրենք միլիցիայի մասին: Օրենսդրական դաշտի բացակայությունը դժվարացնում է մեր աշխատանքը: Հաճախ ԼՂՀ ԳԽ-ն ղեկավարվում է Հայաստանի օրենսդրական ակտերով, բայց Հայաստանի օրենքները միշտ չէ, որ կարող են կիրառվել Ղարաբաղում: Շատ դժգոհություններ ենք ստացել Զաբուղի պարեկատան վերաբերյալ, երբ այն գտնվում էր Պարույր Հայրիկյանի տնօրինության տակ: Անցուդարձողներից Պարույրի տղերքը ապօրինի կերպով առգրավում էին 5-10 լիտր բենզին, անասուն, սննդամթերք: Զաբուղի պարեկակետը մենք ստիպված եղանք վերացնել՝ հրաժարվելով Պարույր Հայրիկյանի յուրատեսակ ծառայությունից: – Բայց Հայաստանի մամուլում երբեմն անօրինությունների մեջ մեղադրվում է հենց Ձեր տեսչությունը: – Այդ հոդվածներին ծանոթ եմ: Դրանք մի նպատակ ունեն՝ վարկաբեկել ԼՂՀ գործադիր իշխանություններին: Ընդհանրապես ամենահեշտը գործ անողին պիտակ կպցնելն է: Հայաստանի իշխանությունների, նաեւ ձեր՝ լրագրողների, մեղքն է, որ որեւէ լուրջ վերլուծական հրապարակումներ չկան ԼՂՀ գործադիր մարմինների, այդ թվում եւ ՆԳՆ գործունեության վերաբերյալ: Մինչդեռ միակողմանի, վարկաբեկիչ, ստահոդ հոդվածները, ըստ իս, մի նպատակ ունեն՝ ապակայունացնել իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ «Հայք», 29 մայիսի 1993թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել