Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂՄԱՆՈ՞ՒՄ Է

Հունիս 06,2003 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՂՄԱՆՈ՞ՒՄ Է Օսկանյան-Գյուլ հանդիպումը համահունչ է աշխարհի նոր իրողություններին Թուրքիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Աբդուլա Գյուլի հետ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը թեեւ որակվում է առաջինը՝ Թուրքիայի նոր կառավարության ձեւավորումից հետո, այդուհանդերձ, այն կարող է նաեւ դիտարկվել իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ վաղուց ի վեր պարբերական դարձած հերթական շփում։ Այս հանդիպումը, սակայն, էական է այնքանով, որ միանգամից ի դերեւ ելան դիտորդական որոշակի շրջանակներում պտտվող կանխատեսումները, թե նկատելիորեն իսլամիստական հակումներ ունեցող Էրդողանի կառավարությունը խստացնելու է Հայաստանի նկատմամբ ունեցած իր առանց այն էլ անբարեհաճ վերաբերմունքը։ Տարածաշրջանում եւ առհասարակ ողջ աշխարհում ձեւավորված նոր իրողությունների համատեքստում հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ կրոնական գործոնը վաղուց ի վեր սպառել է իր երբեմնի ազդեցությունը։ Ավելին. մեկնաբանելով ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան գործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների Մադրիդյան համաժողովի շրջանակներում կայացած վերոհիշյալ հանդիպումը, Գյուլը նշել է, թե ինքն ու Հայաստանի իր պաշտոնակիցը մտադիր են «նոր էներգիայով» մոտենալ երկու երկրների փոխհարաբերությունների բարելավման հարցին։ Եթե քննության առնենք նաեւ այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան որոշ ժամանակից ի վեր նկատելիորեն փոփոխել է Հայաստանի հետ միայն նախապայմանների դիրքերից հարաբերվելու իր վարքագիծը, ապա կարելի է ենթադրել, որ Թուրքիան, որոշակի գործոնների ճնշման տակ, շտկումներ է կատարում իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այս ենթադրությունն առավել ամբողջական տեսք է ստանում ինչպես հարավկովկասյան, այնպես էլ մերձավորարեւելյան վերջին զարգացումների համապատկերում։ Ամենահանդուգն քաղաքագետն անգամ երբեւէ չէր կարող ենթադրել, թե Իսրայելի վարչապետ, ընդգծված արմատական Արիել Շարոնը պատրաստ է փաստաթուղթ ստորագրել Հորդանան գետի արեւմտյան ափին հրեա վերաբնակների համար կառուցված ավանների մի զգալի մասը Պաղեստինին զիջելու մասին եւ առհասարակ՝ հաշտվել Պաղեստինի անկախ պետականության հեռանկարի հետ։ Փաստը, սակայն, առկա է։ Օգտվելով Հայաստանի իշխանական լեքսիկոնում խիստ մոդայիկ դարձած մի արտահայտությունից, կարող ենք ասել, թե առնվազն կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ այդ փաստի կայացման մեջ վճռորոշ էր ԱՄՆ-ի դերը։ Դառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նկատենք, որ այստեղ եւս Միացյալ Նահանգների անուղղակի, իսկ երբեմն նաեւ անմիջական դերակատարությունն աստիճանաբար ակնառու է դառնում։ ԱՄՆ-ն մեկ անգամ չէ Թուրքիային հորդորել բացել Հայաստանի հետ ունեցած իր սահմաններն ու գնալ քաղաքական երկխոսության։ Իսկ իրաքյան պատերազմին հաջորդած շրջանում արդեն բոլոր հիմքերը կային, որպեսզի այդ հորդորներն առավել կոշտ արտահայտություն ստանան՝ կապված պատերազմի ընթացքում Թուրքիայի դրսեւորած երկդիմի վարքագծի հետ։ Հաղթողներին, ինչպես հայտնի է, չեն դատում։ Ու եթե հետպատերազմական այս շրջանում, իհարկե, ոչ առանց միջազգային հեղինակության որոշակի կորստի, դեպի Միացյալ Նահանգներն են մղվում այնպիսի հզոր «մոլորյալներ», ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան, ապա ակնհայտ է, որ Թուրքիան եւս պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ։ Ուստի, հատկանշական է, որ Վ. Օսկանյանի հետ Մադրիդում ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը միանշանակ նշել է, թե իր երկիրը ցանկանում է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները։ Հատկանշական է նաեւ, որ տառացիորեն մի քանի օրից Հայաստանում մեկնարկելիք՝ ՆԱՏՕ-ի ՀՀԽ ծրագրի շրջանակում կազմակերպվող զորավարժություններին Թուրքիան պաշտոնապես ներկայացված է լինելու։ Թեեւ առայժմ՝ երեք զինվորական դիտորդների մակարդակով։ Թերեւս կարելի է փաստել, որ, ըստ էության, Հայաստանի կամքից անկախ, մեր երկրի շուրջ սկսել են ձեւավորվել որոշակի դրական՝ արտաքին քաղաքական միտումներ։ Մնում է, որ Հայաստանի իշխանությունները չփչացնեն դրանք ժողովրդավարության ասպարեզում վաստակած աննպաստ իմիջով։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել