Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 02,2003 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ Մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր, իր իսկ բնորոշմամբ՝ ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը այս օրերին ընթացող բաց ժողովի ժամանակ անօգնականի վիճակում է: Սրա համար օբյեկտիվ պատճառն ընդամենը մեկն է. որ դիմացը նստած են պետության ներկայացուցիչները, որոնք ժողովրդին խոստացել են այս ընկերությանը զրկել մենաշնորհից եւ որոնք առայժմ թեեւ բարձր կլասով, բայց իրենց պետության ատյաններում են փորձում դա անել (երկրի ինստիտուտների վերահսկելիության, եւ դրանից բխող հոգեբանական վիճակի մասին է խոսքը): Մնացածն «ԱրմենՏելի» մեղքով է: Այս ընկերությունը լիցենզիայով նախատեսված բաց ժողովին, որի արդյունքում կարող են իր նկատմամբ սանկցիաներ կիրառվել, ներկայացել է թեեւ «ԱրմենՏելի» բարձրագույն ղեկավարության մակարդակով՝ Գեորգիուս Վասիլակիսի գլխավորությամբ, բայց առանց ծանրակշիռ իրավաբանների կամ իրավաբանական խորհրդատվության: Այս մասին վկայում են ընկերության ներկայացուցիչների երբեմն անելանելի վիճակները, վկաներին՝ ոչ ըստ էության հարցաքննությունները, վկայից ցանկալի պատասխանն ստանալու համար հարցերի ձեւակերպումներում դժվարանալը եւ մի շարք այլ հանգամանքներ: Կարծես թե սա «ԱրմենՏելի» համար իրավական վարույթ էլ չէ: Նկատենք, որ ՀՀ կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յակուբյանի բացման խոսքից հետո պրն Վասիլակիսն անգամ կշտամբանքի նոտաներ պարունակող արտահայտություն թույլ տվեց. «Ես չգիտեմ, թե նման գերազանց տեքստ պատրաստելու համար արդյոք վարձատրվե՞լ է մի լոս-անջելեսյան ֆիրմա (ըստ երեւույթին նկատի ուներ Վ. Յակուբյանին պատկանող իրավաբանական գրասենյակը- Ա. Ու.): «ԱրմենՏելն» այն ընկերությունը չէ, որ նման գումարներ ծախսի այդպիսի ծառայությունների վրա»: Պետք է ենթադրել, նույն պատճառո՛վ «ԱրմենՏելին» «չափից շատ» թվացին կառավարության իրավաբանները. «դուք այդտեղ չափից շատ իրավաբաններ ունեք»: Մինչդեռ, հայկական կողմի իրավաբաններն ընդամենը մեկով են ավելի (ներողություն ենք խնդրում կոպիտ հաշվարկի համար). ՀՀ կառավարության ներկայացուցիչների կազմում Դավիթ Հարությունյանն ու Վահե Յակուբյանն են իրավաբան, «ԱրմենՏելում»՝ Իրավաբանական վարչության պետը՝ Արմեն Ղազարյանը, որին, չգիտես ինչու, աշխատելու հնարավորություն քիչ է տրվում: Մեր երկրի պետբյուջեի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող, կարգապահ հարկատու, խոշոր եկամուտներ տնօրինող «ԱրմենՏելը» միջոցներ է խնայել ոչ միայն իրավաբանների վրա: Հատկապես երեկ, երբ հարցաքննվում էին անգլալեզու վկաները, ընկերության ներկայացուցիչները թարգմանչի խնդիր ունեին, ինչն անիմաստ երկարացնում էր բաց ժողովի ընթացքը, իսկ որ ավելի վատ է՝ պաշտպանվողի («ԱրմենՏելի») գործը շատ էր դժվարանում դրանից: Սակայն «ԱրմենՏելն» ակնհայտորեն պաշտպանվելու տեղ ունի, ինչ-որ փաստարկներ ունի, որոնք չափազանց դժվար է ընթերցողին փոխանցելը, որովհետեւ դրանց մասին ընդամենը կարելի է կռահել: Ավելին, Գ. Վասիլակիսը երբեմն խիստ էական ու նշանակալի մանրուքներ է նկատում, որոնք ընկերության վիճակը կթեթեւացնեն, եթե եզրափակիչ խոսքում օգտագործվեն: Ուստի չենք բացառում, որ մեր կառավարության համար այսքան հեշտ չի լինի, եթե Լոնդոնի արբիտրաժում լսվելիք գործին «ԱրմենՏելը» ավելի լուրջ պատրաստված գնա: Իսկ առայժմ ընկերությունը չի կարողանում նույն մակարդակով հակադրվել կառավարությանը, որը ոչ միայն գրագետ է ներկայանում, այլեւ պատկերավոր: Օրինակ, Դավիթ Հարությունյանը, վկայից ցանկալի պատասխանը ոչ միայն լսելու, այլեւ ապացուցելու համար նախագահողի սեղանի հեռախոսից բոլորի համար անսպասելի փորձեց հեռախոսով կառավարել արտասահմանյան բանկում գտնվող ենթադրաբար իր բանկային հաշիվը (սա աշխարհում գործող ծառայություն է) եւ տեղում ապացուցեց, որ դա հնարավոր չէ, որովհետեւ տրաֆիկի գողությունը կանխելու համար թվերի որոշակի քանակ հավաքելուց հետո զանգն ընդհատվում է, եւ ոչ առանց «ԱրմենՏելի» միջամտության: «ԱրմենՏելն» առարկեց այս ապացույցի դեմ, բայց փորձ անգամ չարեց հակառակն ապացուցելու համար: Երեկ կառավարության հրավիրած վկաներից մեկը՝ ժամանակին «ԱրմենՏելում» աուդիտ անցկացրած WFI ընկերության ներկայացուցիչ Յան Բիբին, փաստեց, որ կապի որակը չի համապատասխանում չափանիշներին, որ վատ որակը հետեւողական բնույթ է կրում, որ բջջային կապի ծածկույթը եւ բաժանորդների քանակը փոքր է եւ այլն: Բայց «ԱրմենՏելին» հաջողվեց գոնե բացահայտել, որ դա ոչ թե WFI-ի, այլ այդ մասնագետի եզրակացությունն է: Երեկ իր գրասենյակում փակ ընթացակարգով հարցաքննվել է նաեւ այն ժամանակվա փոխվարչապետ Վահրամ Ավանեսյանը, որը կնքել է գործարքը: Այլ վկաներ կհարցաքննվեն այսօր: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել