Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիներն ավելի՞ թատերասեր են

Սեպտեմբեր 02,2003 00:00

Իրանցիներն ավելի՞ թատերասեր են Կոմեդիայի թատրոնը վերադարձավ Սպահանից Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը օրերս վերադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Ի թիվս հայաստանյան այլ թատրոնների, կոմեդիայի թատրոնը օգոստոսի 17-24-ին մասնակցում էր Սպահանում անցկացվող հեղինակավոր թատերական փառատոնին։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանին հատկապես զարմացրել էր Իրանի Հանրապետության հասարակության նախանձելի ուշադրությունն ու վերաբերմունքը թատրոնի մարդկանց նկատմամբ, ինչը զգացվել էր դեռ տեղի օդանավակայանից։ «Մաքսակետում տեսնելով, որ թատրոնի մարդիկ ենք, այնպիսի հիացմունք ապրեցին, այնպիսի ուշադրություն ու քաղաքավարություն ցուցաբերեցին, որ չեմ կարող բառերով արտահայտել։ Արտառոց ոչինչ տեղի չունեցավ, բայց դերասաններս շատ շոյված էինք»,- հիշեց պարոն Ղազանչյանը։ Նա տեղեկացրեց որ իրենց թատրոնը մասնակցելով կոմեդիայի թատրոնների 2-րդ միջազգային փառատոնին, ներկայացրել է Պ. Մարիվոյի «Խաղ սիրո եւ պատահականության» բեմադրությունը։ Ըստ գեղարվեստական ղեկավարի, թատրոնի երկացանկում ներկայացումը սկզբում 3-րդ, 4-րդ-ական պլանում էր, սակայն փոխելով նկարչական ձեւավորումը եւ որոշ նորամուծություններ մտցնելով բեմադրության մեջ, նրան նոր շունչ են տվել։ Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Երեւանի կոմեդիայի թատրոնին շնորհվել են մրցանակներ միանգամից 4 անվանակարգերում՝ «Կանացի լավագույն դերակատարման», «Տղամարդու լավագույն դերակատարման», «Լավագույն նկարչական ձեւավորման» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանքի» համար։ Այդ մրցանակներին համապատասխանաբար արժանացել են դերասաններ Ռուզան Գասպարյանը, Հովակ Գալոյանը, Սարգիս Արուտչյանը (հետմահու) եւ Երվանդ Ղազանչյանը։ Ի դեպ, պարոն Ղազանչյանը քանիցս նշեց, որ բեմադրությունը իր ուսանող Իշխան Մելքոնյանինն էր։ Վերջինիս ինքը պարզապես օգնել էր իրականացնելու այն։ Հակադրելով մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությունը Իրանի մշակութային քաղաքականությանը, պարոն Ղազանչյանն ասաց. «Ինչպե՞ս կարելի է հարգանքով չխոսել Իրանի մասին, որտեղ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ թատերական փառատոներ են կազմակերպվում»։ Նա կարեւորեց Իրանի մշակութային կենտրոնի ղեկավար Աբու Թալիբիի աշխատանքը, որը կազմակերպում է հայ թատրոնների մասնակցությունը իրանական փառատոներին։ Այս գործում մեծ ներդրում ունի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարարության թատերարվեստի պատասխանատու Անդրանիկ Խեչումյանը։ Վերջինիս շնորհիվ բազմաթիվ գրքեր հայերենից թարգմանվել են պարսկերեն եւ հակառակը։ Տեղեկացնենք, որ վերջին երեք տարիներին Իրանում կազմակերպվող թատերական փառատոներին մասնակցել են նաեւ Երեւանի դրամատիկական, Տիկնիկային, Մնջախաղի, Համազգային, Գ. Սունդուկյանի, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնները։ Իսկ վերջին փառատոնին մասնակցել են Ռուսաստանի, Իտալիայի, Սիրիայի եւ այլ երկրների կոմեդիայի թատրոններ։ Փառատոնի օրերին էլ Սպահանի ազգային գրադարանում «Հայ թատրոնի կոմեդիայի ժանրի սկզբավորումը, զարգացումը եւ այսօրը» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել Ե. Ղազանչյանը։ «Սկզբում մտածում էի, որ փոքրիկ սենյակում 10-15 հոգու առջեւ պետք է ելույթ ունենամ, սակայն մեծ էր զարմանքս, երբ մտա հսկայական դահլիճ ու տեսա, որ ինձ սպասում են մշակույթի գործիչներ, ուսանողներ, թատերարվեստի երկրպագուներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ»,- ասաց Ե. Ղազանչյանը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել