Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրովիրաբուժության խնդիրները՝ այսօր

Հոկտեմբեր 11,2003 00:00

Միկրովիրաբուժության խնդիրները՝ այսօր Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ծառայությունը 1986-ից ի վեր տեղավորված է թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցում: Փաստորեն նախնական նպատակը` նեղ մասնագիտական կլինիկայի ստեղծումը, մինչեւ այսօր իրականություն չի դարձել եւ անհասկանալի է, որ այսքան բեղմնավոր գործունեություն իրականացրած ծառայությունը դեռեւս չունի մասնագիտացված կլինիկա, որը կկարողանա ինքնուրույն տնօրինել իր ֆինանսներն ու գործունեությունը։ Թերեւս պետական ակտիվ միջամտությունն ու սրտացավությունն է պակասում այս ոլորտին (մանավանդ, այսպիսի կենտրոն ունենալը պատիվ է ցանկացած պետության համար), իսկ որ դա չկա՝ ակնհայտ է: Հակառակ դեպքում՝ պլաստիկ վիրաբուժությունն առավել նորմալ աշխատանքային պայմաններ կունենար, մանավանդ այն այսօր հատկապես ուսումնական եւ գիտական աշխատանքներով չի զիջում եվրոպական եւ ամերիկյան լավագույն կլինիկաներին: Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ընկերության նախագահ, ԵԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ այս զրույցը ներկայացնում է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները: Շուկայական հարաբերությունները չշրջանցեցին նաեւ վիրաբուժության այս ճյուղը եւ այսօր ամենեւին արդարացված չէ Հայաստանի նման փոքր երկրում պլաստիկ վիրաբուժության այսքան մեծ ցանցը: Ցավալի է, որ որոշ ղեկավարներ չեն էլ պատկերացնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում պլաստիկ վերականգնողական վիրաբուժությունը, եւ նրանց պատկերացումներում այս ոլորտը սահմանափակվում է միայն ինչ-ինչ կոսմետիկ միջոցառումներով` քիթ կամ մատ վիրահատելով: Իրականում սա շատ ավելի լուրջ եւ խոր մասնագիտություն է, հատկապես մեր օրերում, երբ այսքան տարածված են ուռուցքային հիվանդությունները: Օնկոլոգները հաճախ փրկում են մարդու կյանքը՝ հեռացնելով մարմնի ախտահարված մասը, բայց հիվանդը խեղվում է, ինչը բերում է հոգեկան տառապանքի: Սա դաժան հոգեկան վիճակ է եւ միայն պլաստիկ վերականգնողական վիրաբուժական մեթոդներով է հնարավոր լինում մարդուն վերադարձնել լիարժեք կենսագործունեության: Հաջորդը տեխնիկական հագեցվածության հարցն է: Առանց ժամանակակից տեխնիկայի եւ թանկարժեք իմպլանտների՝ անհնարին կդառնա մրցակցությունը ամերիկյան եւ եվրոպական կենտրոնների հետ։ Հաճախ վիրահատությունները տեւում են 10-15 ժամ եւ անհրաժեշտ է լինում ապահովել հիվանդի կենսունակությունը նարկոզի ընթացքում: Սա ամենացավոտ հարցն է, որը դեռեւս մնում է չլուծված: Ոչ պակաս կարեւոր խնդիր է, երբ համապատասխան գիտելիքներ չունեցող երիտասարդը, ստանալով վիրահատելու իրավունք, իրեն այլեւս մասնագետ համարելով, լուրջ վտանգ եւ պատուհաս է դառնում հասարակության գլխին: Ծառայությունն իր ստեղծման օրից 17 հազարից ավելի վիրահատություն է կատարել: Այս ծառայությունից օգտվելու նպատակով Հայաստան են գալիս աշխարհի տարբեր երկրներից: Հիմնական հոսքը լինում է ԱՄՆ-ից եւ այս երկրից եկածները փաստում են, որ ծառայությունը որակով չի զիջում արտերկրի բժշկության բարձր մակարդակին եւ այստեղ ավելի ցածր են գները: Կարծում ենք, այս ոլորտը պետական այրերի, գուցե նաեւ գործարարների ուշադրության կարիքն ունի, մանավանդ այն կարող է երկուստեք շահութաբեր լինել։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել