Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Հոկտեմբեր 25,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Քաջնազարություն Ի՞նչ սյուժեներ են գործում Հայաստանում, որո՞նք են ավելի ու ավելի ակնառու դառնում, երբ փորձում ենք մեր կյանքի իրադարձություններին հետեւողական ընթացքի տեսք տալ եւ ի՞նչ նոր սյուժեներ են հնարավոր։ Խոսքը, բնականաբար, գրական սյուժեներին չի վերաբերում, նրանց, որոնք ստեղծվում են ժամանակակից հայ գրականության մեջ։ Սյուժե ասելով, տվյալ դեպքում ես հասկանում եմ մեկ հայտարարի բերված պատմությունների բազմություն, որոնք կարելի է հանգեցնել մտածողության պարզագույն մոդելների, տեղեկություններ, որոնք նշանային ազդակներ են տալիս մտքի կառուցվածքի եւ նրա ուղղվածության մասին։ Կյանքային իրավիճակները հյուսելու կարողությունը իր հերթին կախված է մտածողության ընդհանուր կաղապարներից, մարդկային հարաբերությունների բնույթից եւ դրանց փոխակերպումից՝ մշակույթի տիպական կառուցվածքի ազդեցությամբ։ Մեր՝ գերարդիական թվացող քաոսային կյանքում, ուր էնթրոպիան բացարձակ մեծություն է, գործում են աներեւույթ պատմություններ, որոնք զարմանալիորեն համապատասխանում են մշակույթի պարագծած ավանդական սխեմաներին։ Այսպես կարծելը, անշուշտ, որոշակի ֆատալիզմ է մտցնում մեր պատկերացումներում, սակայն դա պատճառ լինել չի կարող, որպեսզի հեշտությամբ հրաժարվենք դրանից։ Դատելով Հայաստանում եւ այլուր սերիալների տարածվածությունից, կարելի է ենթադրել, որ «լավ կազմակերպված» պատմությունը բավական մեծ պահանջարկ ունի եւ բնավ էլ միայն պարտադրանքի հետեւանք չէ։ Առանձնապես չխորանալով, Հայաստանի առիթով կարելի է թվարկել մի քանի սյուժե, ասենք, Կայենը սպանեց իր եղբայր Աբելին։ Ղարաբաղյան հակամարտության չլուծվածության խնդիրը, ըստ տարբեր փուլերում տրված գնահատականների, հնարավոր է հանգեցնել դեռեւս 5-րդ դարից հայտնի «Վասա՞կ, թե՞ Վարդան» երկընտրանքի, ինչը մեկ անգամ արդեն արծարծվել է Լ. Տեր-Պետրոսյանի առիթով, երբ վերջինս առաջադրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» ծրագրային հոդվածը եւ արժանացավ «Ղարաբաղը ծախողի» մականվանը եւ, կարծում եմ, նորից կկրկնվի նաեւ Ռ. Քոչարյանի դեպքում, երբ նորից ամենայն լրջությամբ հարցը քննարկվի։ Քաղաքական կյանքի վայրիվերումները եւ կտրուկ փոփոխությունները հոկտեմբերի 27-ից հետո, գիտությամբ թե անգիտությամբ առաջ են բերում Հուլիոս Կեսար եւ Բրուտոս, «Համլետ» կամ «Մակբեթ» ողբերգությունների սյուժետային անալոգները եւ այլն։ Քաջնազարությունը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ, ինչպես ազգային գաղափարախոսությունը, պետական մտածողությունը եւ կոալիցիան, ուստի չի կարող ոչ կեղծ լինել, ոչ էլ, ամենայն հավանականությամբ՝ անկեղծ։ Կարելի էր համաձայնել, որ այն գրական կատեգորիա է, բայց ժողովրդական հայտնի հեքիաթի բազմաթիվ մշակումները, անհատական մեկնաբանությունների վիթխարի տարբերությամբ, դժվարացնում են հերոսի գրական լեգիտիմացումը։ Այստեղից ելնելով, արդար կլիներ քաջնազարությունը բանահյուսական կատեգորիա համարել, բայց այդ դեպքում էլ խնդիրը բարդանում է նրանով, որ լինելով ամենաազգայինը, բանահյուսությունը այն եզակի արտահայտություններից է, որին ազգային համարելով, մեղք ենք գործում բանահյուսության բուն էության դեմ՝ ունիվերսալիզմի։ Այնուամենայնիվ, որքան էլ քաջնազարությունը քաղաքական չէ, դեռ չի նշանակում, թե քաղաքականության մեջ հնարավոր չէ։ Հայաստանյան քաղաքական դաշտում այնքան կուսակցություններ եւ մարդիկ կան, անգամ ամենանշանավորները, որոնց քաղաքական վերելքը՝ ընդհուպ իշխանության հաստատում, այլ կերպ չես բացատրի, քան քաջնազարությամբ։ Օրինակ, ինչո՞վ բացատրել հանրապետականների կամ «Օրինաց երկրի» «հաղթանակը» 2003-ի խորհրդարանական ընտրություններում։ Իհարկե, գաղտնիքը «հաղթանակը» չէ, այլ հանգամանքների երջանիկ բերումը, որը միաժամանակ նշանակում է, որ մենք՝ որպես հասարակություն, շարունակում ենք մնալ հեքիաթների իրականության մեջ եւ առաջնորդվում բախտի տրամաբանությամբ։ Քաջնազարությունը գնահատական է, որ տրվեց անկախությունից անմիջապես հետո, երբ ձեւավորվեց առաջին կառավարությունը, որի կազմում հանրությունը տեսավ մարդկանց, որոնց իշխանության մեջ հայտնվելը դիտվեց ոչ թե անհատական արժանիք, այլ իրադրության փոփոխության, հետեւաբար, պատահականության հետեւանք։ Սովորաբար, երբ կա հերոսի կամ հերոսականության պահանջ, նշանակում է, որ հասարակությունը հայտնվել է սուր ճգնաժամի առաջ, իսկ երբ հերոսականության ծարավը հագենում է, նույնիսկ հոգեվարք ապրող հասարակությունը, ինչպիսին մերն է, չի կարող առանց ծիծաղի նայել ինքն իրեն։ Այդ պարագայում ժողովրդի վերաբերմունքը իր ստեղծած կերպարի նկատմամբ երբեք բացասական չի լինում, որովհետեւ երբեք լուրջ չի լինում։ Վերաբերմունքի անլրջությունը խափանում է կերպարի վտանգավորությունը։ Հայկական Քաջ Նազարի ողջ տրամաբանությունն այն է, որ իշխանություն ունենալը հեշտ է, պարզապես հարկավոր է տնից դուրս գալ եւ այլեւս չվերադառնալ։ Նա ունի իր կարգախոսները, բայց ճանապարհի գիտակցություն չունի։ Ճանապարհ դուրս եկածի միֆական անալոգը սարսափն է անհայտից. ճանապարհը վտանգավոր է, եթե նախատեսված է։ Քաջ Նազարը չունի ճանապարհի գիտակցություն, ուստի այն վտանգավոր չէ։ Նրա նկատմամբ առկա անլրջությունը հերոսին զրկում է թշնամի ունենալու հնարավորությունից եւ, ինչպես նշեցի, խափանում է նրա վտանգավորությունը. հիշենք այն բոլոր անեկդոտները, որոնք հյուսվում էին սովետական տարիների կուսառաջնորդների մասին եւ շարունակվում են առայսօր ստեղծվել մեր նոր առաջնորդների հասցեին։ Այնպես որ, Քաջ Նազարը մեր քաղաքական պատկերասրահի անբաժանելի մասն է եւ կմնա այնքան, ինչքան պատկերասրահը։ Եվ այն նույն տեսքով, ինչպես հիմա է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել