Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է՝ ՉՆԵՐԵ՛Լ

Հոկտեմբեր 31,2003 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է՝ ՉՆԵՐԵ՛Լ Դեռեւս «Քրեական օրենսգրքի» մշակման ընթացքում էին դատախազության ներկայացուցիչներն արտահայտվել այն նախաձեռնության օգտին, որն այժմ քննարկվելու է ԱԺ-ում: Այն է, որ որոշ հանցատեսակների համար ցմահ ազատազրկում նախատեսվի առանց ներման իրավունքի: 2001-ի հունվարին, երբ դեռ քննարկվում էր «Քրեական օրենսգրքի» նախագիծը՝ Գլխավոր դատախազության Դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունը գրավոր առաջարկեց, որ ցմահ ազատազրկման համար նախատեսվի երկու տարբերակ՝ առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի եւ այդ իրավունքով: Ավելին՝ նույնիսկ առաջարկվում էր պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքով ցմահ ազատազրկման դեպքում կարգ սահմանել, որ պատասխանատվությունից ազատվելու խնդրանքով դատարանին դիմելու հնարավորություն ունենան ոչ թե 20, ինչպես սահմանված է ներկա ՔՕ-ով, այլ 25 տարի փաստացի պատիժ կրելուց հետո: 2002-ի նոյեմբերին Եվրախորհուրդը եւ ՀՀ Արդարադատության նախարարությունը կազմակերպել էին «Քրեական օրենսգրքի» նախագծի փորձաքննության արդյունքների շուրջ քննարկում, որին մասնակցում էին փորձագետներ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ Հայաստանի դատաիրավական բոլոր կառույցների ներկայացուցիչները: Դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ներկայացուցիչներն այս հանդիպման ընթացքում դարձյալ կրկնեցին իրենց առաջարկը ցմահ ազատազրկման տարբերակումների վերաբերյալ: Ընթացավ բանավեճ եւ քննարկման մասնակիցների մեծամասնությունը հավանության արժանացրեց այդ առաջարկը: Եվս մի մանրամասն հավելենք՝ Դատարաններում քրգործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետի տեղակալ Զելիմ Թադեւոսյանը 2000-2001-ին մի քանի հրապարակումներ է ունեցել մամուլում, որտեղ, ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց՝ հիմնավորել է. «Որպեսզի կարողանանք անհատական մոտեցում դրսեւորել յուրաքանչյուր առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ անհրաժեշտ է, որ ունենանք բազմատեսակ պատիժներ եւ չսահմանվի միայն մեկ տեսակ ցմահ ազատազրկում: Քանի որ կարող են լինել երկիրը եւ հասարակությունը ցնցող այնպիսի արարքներ, որոնց մեղավորը մինչեւ կյանքի վերջը պետք է նստի բանտում՝ առանց ներման իրավունքի, եւ ոչ թե 25 տարի անց (20-ի մասին ընդհանրապես չեմ խոսել, քանի որ դրան բացարձակապես համաձայն չեմ) հնարավորություն ունենան ազատ արձակվելու: Այո՛, այդպիսի հանցագործություն է «27»-ը, նաեւ Աշտարակի շրջկոմի 1-ին քարտուղարի 5 հոգանոց ընտանիքի սպանությունը 90-ականների սկզբին, իսկ այժմ «Գայանե» հանրախանութի շենքում կատարված 4 հոգու սպանությունը: 20 տարի կարող ենք տալ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված 1 անձի սպանության դեպքում: Իսկ եթե կատարվել է 8 կամ10 հոգու սպանություն եւ խոշոր վնաս է պատճառվել երկրին՝ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ նրանք կարողանան ազատ արձակվել 20 տարի անց»: Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Արմեն Աշրաֆյանին խնդրեցինք մեկնաբանել «27»-ի գործի պատճառով հրատապ դարձած մեկ այլ վիճահարույց հարց՝ արդյոք 6-րդ արձանագրության վավերացումից հետո Հայաստանի դատարաններն իրավունք ունե՞ն մահապատժի վճիռ կայացնել այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են մինչեւ այդ վավերացումը: Մահապատիժ պահանջելու իրենց իրավունքը «27»-ի դատավարության մասնակիցները հիմնավորում են ՔՕ 12 հոդվածով, ըստ որի՝ «Արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: «Դա ընդհանուր նորմ է,-ասաց պրն Աշրաֆյանը:- Սակայն ըստ ՔՕ 13 հոդվածի՝ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չունի հետադարձ ուժ»: Մեր հարցին, թե «27»-ի գործով կարո՞ղ է կայացվել մահապատժի վճիռ, իսկ հետո նախագահը պատիժը կփոխարինի ցմահ բանտարկությամբ՝ պրն Աշրաֆյանը պատասխանեց. «Ո՛չ, այդպիսի բան լինել չի կարող: «Քրեական օրենսգիրքն» արդեն մտել է ուժի մեջ եւ կատեգորիկ պահանջ է, որ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Այլեւս չի կարելի մահապատժի դատապարտել անգամ մինչեւ ՔՕ-ն ուժի մեջ մտնելը հանցագործություն կատարած անձին: Եվ եթե որեւէ մեկը նման միջնորդություն անի՝ ուրեմն տեղյակ չէ օրենքին, կամ էլ գործում է հակառակ օրենսդրության պահանջների»: Այն փաստի հիշատակմանն էլ, որ «27»-ի գործով տուժողների իրավահաջորդները շարունակում են մահապատիժ պահանջել՝ արձագանքեց. «Եթե տուժողի իրավահաջորդները սովորական քաղաքացիներ են եւ լավ չգիտեն օրենսդրության պահանջները՝ իրավաբանները պետք է բացատրեն նրանց»: Սակայն չէ՞ որ 6-րդ արձանագրությունն այնուամենայնիվ նախատեսում է վերապահումներ, թե մահապատիժ կարող է կիրառվել, ասենք, պատերազմի անմիջական սպառնալիքի դեպքում: Ուրեմն այդ փաստաթղթի վավերացումից հետո եւս կարող են կայացվել բացառիկ պատժամիջոցի վճիռներ, եթե ապացուցված համարվի, որ հանցագործությունը համապատասխանում է կոնվենցիայով նախատեսված իրավիճակներին: Մեր այս նկատառումներին պրն Աշրաֆյանն այսպես արձագանքեց. «Չեմ առարկում: Բայց այդ վերապահումներն անպայման պետք է արտացոլված լինեին պետության քրեական օրենսդրությունում: Սակայն մեր «Քրեական օրենսգիրքը» չի նախատեսել այդ վերապահումները»: Նկատեցինք, որ միջազգային դաշնագրերը, որոնք վավերացրել է Հայաստանը՝ գերակայող են մեր օրենսդրության նկատմամբ, ուստի վճիռը կարելի էր կայացնել՝ հիմք ընդունելով հենց 6-րդ արձանագրությունը: Սակայն Արմեն Աշրաֆյանն այս կապակցությամբ էլ բազմաթիվ խնդիրներ մատնանշեց՝ ասենք, որեւէ 1-ին ատյանի դատավոր կարո՞ղ է միայնակ որոշել, թե իրոք եղել է պատերազմի անմիջական սպառնալիք, սա ներպետակա՞ն խնդիր է, թե՞ միջպետական: Այս բոլոր հարցադրումներն ունենալով հանդերձ՝ Դատարաններում քրգործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետը հայտնեց իր կարծիքը. «Կոնկրետ «27»-ի գործով չի կարող նման միջնորդություն լինել: Իսկ եթե լինի այնպիսի իրավիճակ, երբ հաստատվի, որ իրոք եղել է պատերազմական իրավիճակ, ինձ թվում է՝ այդ ժամանակ կգործեն միջազգային նորմերը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել