Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ»

Փետրվար 03,2004 00:00

«ԱՅԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ» Գտնում է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը – Նախ, ուզում եմ Ձեր տեսակետը ճշտել ընդդիմությանն ուղղված ՀՀ ԱԳ նախարարի եւ ԱԺ իշխանական կոալիցիայի անդամների այն մեղադրանքի առնչությամբ, որ եթե պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում միասնական դիրքորոշմամբ հանդես գար եւ չբարձրաձայներ մեր ներքին խնդիրների մասին, ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւն այդքան անբարենպաստ չէր լինի մեզ համար: – Հայաստանի պատվիրակության ոչ միասնական լինելու հանգամանքը ոչ մի էական ազդեցություն չի թողել ԵԽ-ում: Մեզ համար բավականին անընդունելի եւ կոշտ բանաձեւի ընդունումը դրա հետ բացարձակապես կապ չունի: Երբ հունվարի 7-ին ԵԽ դիտարկման հանձնաժողովն այդ բանաձեւն ընդունել էր, այնտեղ ընդդիմությունից ոչ մեկը ներկա չէր: Մարդիկ, ովքեր ԵԽ-ում աշխատել են, գիտեն, որ եթե ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը որեւէ բանաձեւ է ընդունում, ապա՝ դա 99,9 տոկոսով նստաշրջանի ընթացքում մնում է անփոփոխ: Այդ բանաձեւը մենք «վաստակել» ենք եւ դրա նման ու ավելի կոշտ բանաձեւեր էլի կլինեն, եթե մենք շարունակենք այսկերպ գործել: – Ի՞նչ կերպ: – Այսինքն, բանաձեւը 2003-ի ընտրությունների եւ մնացած բոլոր գործընթացների գնահատականն է ԵԽ կողմից: – Բայց Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե նույն հարթության վրա են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակով, ավելին՝ այդ իմաստով Հայաստանը նույնիսկ ավելի լավ վիճակում է: – Այդ համեմատության համատեքստում բոլորս պետք է ընդունենք, որ Հայաստանն, իհարկե, ավելի առաջ է անցել Ադրբեջանից: Բայց այստեղ մի քանի գործոններ կան: Մեկը միջազգային հանրության գլոբալ մոտեցումներն են մեր տարածաշրջանի նկատմամբ, որը կարեւոր է: Մյուսը՝ դարձյալ նրանց մոտեցումն է տնտեսական պրոցեսներում, մասնավորապես Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազամուղն է, ապագա երկաթգծի շինարարությունն է, եւ պետք է ընդունենք, որ Արեւմուտքն ընդհանրապես որպես տարածաշրջանում դոմինանտ երկրներ, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանն այլեւս չի տեսնում: – Շտկելու ի՞նչ հեռանկար եւ մեխանիզմներ կան: – Թերթերից մեկն էր գրել, թե սա խա յտառակ խորհրդարան է, որտեղ չկա քիչ թե շատ նորմալ պատգամավոր, որ գնան երկիր ներկայացնեն: Ես սրան ուզում եմ հավելել՝ մե՞նք չենք ստեղծել էս խորհրդարանը: Մենք ամեն ինչ արեցինք, որ այսպիսի խորհրդարան ունենանք, չէ՞: Էն մարդիկ, ովքեր այսպիսի խորհրդարան էին ձեւավորում, չէի՞ն մտածում, որ էս օրն էլ է գալու, որ միայն կոճակ սեղմելու համար չի կարելի ԱԺ ձեւավորել, որ էդ խորհրդարանը նաեւ միջազգային ճանաչում պետք է ունենա, կարողանա իր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունն ինչ-որ կերպ մատուցի աշխարհին: ԵԽ ընդունած բանաձեւն այլեւս այդ կառույցից դուրս է եւ այստեղ որեւէ բան շտկել այլեւս անհնար է, որովհետեւ դա ավելի շատ գլոբալ հարց է, որն իր լուծումը պետք է ստանա: ԵԽ-ում այդ բանաձեւին նույնիսկ տեսականորեն հնարավոր է անդրադառնալ միայն մեկ տարի հետո: – Կարծում եք ԼՂ հիմնախնդրի արագ լուծո՞ւմ է ակնկալվում: – Չեմ կարծում, որ շատ արագ կլինի, բայց պետք է ընդունել, որ 2003-ի պայմանավորված թայմ աուտից հետո, հիմա միջազգային հանրությունը միտված է ինտենսիվ կերպով ձեռնամուխ լինել այդ հարցի կարգավորմանը: Ամեն դեպքում, ըստ իս, եթե այս տարվա ընթացքում հարցի վերջնական լուծում չլինի, ապա՝ անպայմանորեն գործնական պրոցեսներ կսկսվեն: Հակառակը չի կարող լինել, որովհետեւ նման շատ լուրջ եւ չկարգավորված հակամարտություններ աշխարհում չեն մնացել, բացի այդ, մեր տարածաշրջանն այն վիճակում է, որ հնարավոր չէ եւս առժամանակ ձգել ԼՂ կարգավորումը: Դա պայմանավորված է Վրաստանի դեպքերով, Կովկասում ԱՄՆ ներկայությամբ, մեր տարածաշրջանի նկատմամբ ՌԴ մոտեցմամբ, ադրբեջանական նավթով, որովհետեւ 2005-ի կեսերին արդեն Բաքու-Ջեյհան նավթամուղը պետք է սկսի աշխատել՝ նավթ հասցնել Եվրոպա, եւ այլն: Այս պայմաններում ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ այլեւս սառեցված վիճակում պահել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել