Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է, ԻՍԿ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵ՞ՐԸ

Փետրվար 05,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՄԵՆԱՇՆՈՐՀ Է, ԻՍԿ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵ՞ՐԸ Երեկ կառավարությանը հաշվետու եղան Տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ էներգետիկայի նախարարությունները։ Կապի եւ տրանսպորտի նախարարության 2003 թվականի հաշվետվությունից հետո հրավիրված ճեպազրույցում լրագրողներին, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էր «ԱրմենՏելի» խնդիրը: Նախարար Անդրանիկ Մանուկյանը, սակայն, այդ թեմային վերաբերող հարցերին հակիրճ էր պատասխանում: «Նկատի ունենալով «ԱրմենՏելի» կողմից լիցենզիայի պայմանների եւ դրույթների կանխամտածված, պարբերաբար խախտման եւ չկատարման դեպքերը, ՀՀ կառավարության հանձնարարությամբ 2003-ի մայիսին սկսվել է «ԱրմենՏելի» նկատմամբ հարկադրանքի կիրառման գործընթաց»,- հիշեցրեց նախարարը։ Ըստ պրն Մանուկյանի, 2003-ին ընկերության եկամուտը կազմել է $50 մլն, որից 17-ը՝ շահույթի տեսքով, իսկ 2002-ի համեմատությամբ, «ԱրմենՏելի» եկամուտն աճել է։ Նախարարը նշեց նաեւ, որ «ամռանը բջջային հեռախոսի 100 զանգից 50-ը գոնե հասանելի էր, այժմ 20-ն էլ չի հասնում»։ Սակայն հաշվետվության մեջ այդ թվերը տեղ չգտան. «դուք գիտեք կառավարության դիրքորոշումը։ «ԱրմենՏելը» պետք է զրկվի մենաշնորհային լիցենզիայից։ Հարցը մտցված է խորհրդարան, արդեն պատրաստ է լիցենզիայի նոր տարբերակը»։ Համակարգի մյուս ոլորտները ներկայացվեցին ամենայն մանրամասնությամբ։ Օրինակ, 2003-ին թողարկվել են 12 փոստային նամականիշ, 3 գեղաթերթիկ, 2 գրքույկ եւ 1 ինքնատիպ նամականիշով բացիկ։ Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի վերացմանը նախարար Մանուկյանը չեզոք է վերաբերվում։ Փոխարենը, վերապահումներ ունի միկրոավտոբուսների վերաբերյալ. «Դրանք անհասկանալի ու ցածր մակարդակի սպասարկում են ապահովում։ Գոնե պետք էր ավտոբուսներ բերել, նոր հետո տրամվայ-տրոլեյբուսի հանելու մասին մտածել»։ Տրանսպորտի եւ կապի նախարարը կարեւորեց երկու հիմնախնդիր՝ «ԱրմենՏելի» հարցի լուծումն ու հայ-թուրքական սահմանի վերաբացումը։ Երկուսն էլ «հակամենաշնորհային» ուղղվածություն ունեն։ Առաջինը «ԱրմենՏելի» համար է, երկրորդը՝ Վրաստանի: Պրն Մանուկյանը, մասնավորապես, նկատի ուներ, որ Գյումրի-Կարս երկաթուղային ճանապարհը գործարկելու դեպքում՝ Հայաստանն է Վրաստանի համար դառնալու տրանզիտային երկիր. «Արդեն մենք կկարողանանք պահանջել վրացիներից ճանապարհի համար համապատասխան զեղչերով սակագներ սահմանել, ինչպիսին նրանք տրամադրում են Ադրբեջանին»։ Ինչպես տրանսպորտի եւ կապի նախարարը, այնպես էլ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չմանրամասնեց իր համակարգի բոլոր օղակների գործունեությունը։ Հատկապես, պրն Մովսիսյանը ոչինչ չասաց բոլորին հետաքրքրող «Հայէլեկտրացանցեր» ընկերության շահույթի մասին։ «Այդ թվերն իրենց հաշվետվությամբ ներկայացված են, նրանք կարող են եւ չհրապարակել, իսկ մեզ բավարարում է այն, որ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է»,- խուսափողաբար պատասխանեց նախարարը։ «Առավոտի» հարցը վերաբերում էր վերջին ամիսներին գյուղական մի քանի համայնքներում համատարած գիշերային հոսանքազրկումներին։ Էներգետիկայի նախարարի պատասխանից դատելով, «Հայէլցանցեր» ընկերությունն անօրինական քայլերի է գնացել, պատճառաբանելով այդ համայնքներում վարձավճարի հավաքագրման ցածր տոկոսը։ «Իհարկե, իրավունք չունեին համատարած անջատել հոսանքը, մենք խոսել ենք ցանցի ղեկավարության հետ ու պայմանավորվել, որ նման բան այլեւս չեն անի, եւ այսուհետեւ ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում»,- «ցանցերի» փոխարեն պատասխանատու խոստում տվեց Ա. Մովսիսյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել