Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայանալը էական չէ»

Փետրվար 05,2004 00:00

«Հայանալը էական չէ» Կարծում է շվեյցարացի ջութակահարուհի Սիբիլլե Չոփփը «Սերենադ» կամերային նվագախմբի այսօրվա համերգը նվիրված է հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 65-ամյակին։ Կոմպոզիտորի «Կոնցերտ ջութակի եւ 18 լարայինների համար» ստեղծագործության կատարմամբ ջութակի մենանվագով հանդես կգա միջազգային փառատոների ու ազգային մրցույթների դափնեկիր Սիբիլլե Չոփփը (Շվեյցարիա)։ Զրույցի սկզբում «Առավոտը» հիշեցրեց ջութակահարուհուն նրա տարիներ առաջ (14.08.2001) մեր թերթին ասածը. «Ես կիսով չափ հայացել եմ», խնդրելով նույն անկեղծությամբ պատասխանել՝ այսօր ամբողջովի՞ն է հայացած։ «Ամբողջովին հայանալ երեւի թե չստացվի ու կարծում եմ դա չէ էականը,- ասաց ջութակահարուհին,- սկսած 1998 թվականից, Էդուարդ Թոփչյանի հետ ընտանիք կազմելուց հետո ավելի եմ հայացել»։ Ի թիվս այլ կոմպոզիտորների, Եվրոպայում իր համերգներում աշխատում է ընդգրկել հայ հեղինակի ստեղծագործություն, բայց եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում՝ «բռավոներից ու բիսերից» հետո հնչեցնում է «Կռունկը»։ Ըստ Սիբիլլե Չոփփի, եթե իր ներսում «հայկական մասնիկ չունենար», ապա չէր համարձակվի աշխարհահռչակ Օլեգ Կագանից հետո կատարել Տ. Մանսուրյանի կոնցերտը, մի ստեղծագործություն, որն «իր էությամբ բխում է դրամատիկական ու հոգեբանական կոնցերտի գոյություն ունեցող ավանդույթներից»։ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է ջութակահարուհին ընտելացել հայկական սովորույթներին, Ս. Չոփփը ասաց, որ ինքը պարտավոր է հարգել դրանք պարզ պատճառով, որ ժամանակի փորձությունն են բռնել։ Նա հիշեց, որ տարիներ առաջ իր հայրենիքում չնչին առիթից միանգամից պայթում էր, բռնկվում, իսկ հիմա մտածում է՝ ասել, թե չասել կամ այնպես ասել, որ դիմացինը չվիրավորվի։ Ըստ Ս. Չոփփի, սա ապացույցն է իր՝ որոշ չափով հայանալու, քանի որ հայտնի է՝ «Շվեյցարիայում մարդիկ շատ ուղիղ են խոսում, ասում են այն, ինչ ուզում են ասել այդ պահին»։ Խնդրեցինք տեղեկացնել նաեւ Շվեյցարիայում ստեղծագործող հայ երաժիշտների մասին։ Ս. Չոփփը վստահեցրեց, որ շուրջ 15 տարի Շվեյցարիայի տարբեր նվագախմբերում աշխատում են հայաստանցի բարձրակարգ երաժիշտներ։ Իր խոսքերով՝ «Եվրոպական նվագախումբ ասելով, չպետք է միանգամից ընկալել, որ բոլորը բարձր մակարդակի են։ Օրինակ, Շվեյցարիայում յուրաքանչյուր քաղաք ունի իր սիմֆոնիկ նվագախումբը, բայց թիվ 1-ը Ցյուրիխի Tonhalle-ն է։ Այնտեղ հավաքված են տարբեր երկրներից վիրտուոզ երաժիշտներ»։ Խնդրեցինք Ս. Չոփփին համեմատել Ցյուրիխի սիմֆոնիկը մեր՝ Հայաստանի միակ ֆիլհարմոնիկի հետ։ «Դժվարանում եմ համեմատել, բայց ասեմ, որ եթե խոսում ենք Շվեյցարիայում գործող նվագախմբերից, ապա Հայաստանի ֆիլհարմոնիկը պակաս չէ շատերից»,- վստահեցրեց Ս. Չոփփը։ Ըստ ջութակահարուհու, իր հիմնած «Արսիկա» տրիոյով, ուր ընդգրկված են Միքայել Բալյանը (դաշնամուր) ու Արամ Թալալյանը (թավջութակ), եղել են Շվեյցարիայում։ 2004-ին տրիոն պատրաստվում է համերգային շրջագայության՝ Լատինական Ամերիկայում։ «Այնպես որ, հայ երաժիշտների համար գործ անում եմ։ Անկեղծ ասած, բոլորի նման մեկ կյանք ունեմ, որը հնարավորինս ռացիոնալ պետք է օգտագործեմ՝ որպես մենակատար ջութակահարուհի։ Չմոռանանք, որ ընտանիք ունեմ եւ նրան էլ պետք է ժամանակ հատկացնեմ»,- ասում է Ս. Չոփփը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829