Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԵԶ

Փետրվար 06,2004 00:00

ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԵԶ Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրին անդամակցել պատրաստվող Հայաստանից արդեն իսկ պահանջում են ազատել «գրավյալ 5 շրջանները» եւ «բռնի տեղահանված» ադրբեջանցիներին վերադարձնել իրենց մշտական բնակավայրերը: Արդյոք սա չի՞ մտահոգում մեր խորհրդարանականներին: Փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Պեր Գարթոնի զեկույցը, որը պարունակում է վերոհիշյալ դրույթները: Սակայն մեր արտգործնախարարությանը սա կարծես չի մտահոգում, քանի որ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ասել էր, թե «դա լծակներ չունեցող փաստաթուղթ է, այսինքն՝ Հայաստանը պարտավոր չէ կատարել Եվրախորհրդարանի որոշումները: Դրանք վճռական կդառնան միայն այն դեպքում, երբ մենք դառնանք Եվրամիության անդամ»: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ ԱԳ ներկայացուցչից այս մեջբերմանն ի պատասխան զարմացավ. «Ո՞նց թե: Եթե նրանց սկսել է թվալ, որ Եվրամիությունը, Եվրախորհրդարանն ու Եվրախորհուրդը փոխկապակցված մարմիններ չեն՝ չարաչար սխալվում են: Նրանք գործում են փոխհամաձայնեցված, մեկը շարունակում է մյուսի գործողությունները, այնպես որ՝ «գրավյալ տարածքներն» ազատելու այս պահանջն անպայմա՛ն կունենա ազդեցություն»: Ի դեպ, երեկ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը ճեպազրույցում հայտարարեց, թե «Ղարաբաղի փրկության» հարցը միակն է, որի առումով իրենք կարող են համագործակցել իշխանության հետ: Թեեւ նույն խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Հմայակ Հովհաննիսյանը բավական պատկերավոր նկարագրեց, թե ինչի է հանգեցրել այդ հարցում իշխանության քաղաքականությունը: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածին, երբ Ռուսաստանի պատվիրակությունը պաշտպանեց ադրբեջանցիներին եւ ընդհանրապես չմասնակցեց Հայաստանի վերաբերյալ զեկույցի քննարկմանը՝ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե կոմպլեմենտար քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ «Հայաստանը դարձել է յուրայինների համար խորթ՝ չդառնալով հոգեհարազատ եւ հասկանալի եվրոպական ընտանիքին»: Նախկին դաշնակցական գործչի այս տեսակետին խիստ համահունչ կարծիք ասաց եւ ներկա դաշնակցականը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, որը մեր զրույցի ընթացքում մտահոգություն հայտնեց Պեր Գարթոնի զեկույցի առնչությամբ. «Եվրամիության որոշումը կարող է շատ կարեւոր նշանակություն ունենալ, քանի որ սա քաղաքական ակումբ չէ, այլ գործընթացների մի հնոց, որը տարածվում է նաեւ Եվրախորհրդի ու մյուս կառույցների վրա: Բնականաբար, եթե մենք ուղղությունը վերցրել ենք դեպի եվրոպական կառույցներին ինտեգրում՝ ի վերջո Եվրամիությունն է կիզակետը: Այս իմաստով, մենք լուրջ ահազանգ պիտի համարենք այդ զեկույցի մտահոգիչ որոշ դրույթները, որոնք ինձ շատ են հիշեցնում խորհրդային միության տարիների չհասկացողությունը: Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը՝ կենտրոնը համառորեն հրաժարվում էր ընդունել մի քանի տարրական սկզբունքներ: Այժմ այդ չհասկացողությունն, իմ կարծիքով, նկատվում է նաեւ եվրոպական կառույցներում»: Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի եւ Աղդամի շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու պահանջը մտահոգիչ էր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար. «Մենք վճռական ենք եւ չե՛նք գնալու որեւէ փուլային տարբերակի: Եվ ո՛չ մի 5 «գրավյալ» տարածքների մասին չի կարող խոսք լինել, այս մոտեցումները քննարկելի՛ չեն մեզ համար եւ ո՛չ մի պայմանով»: Եվ միայն «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էր, որ հանգիստ՝ ԱԳՆ-ի պես արձագանքեց սպասվելիք որոշման վերաբերյալ մեր հարցին. «Եվրախորհրդարանի որոշումը, Եվրամիության կարծիքն այս պահին մեզ համար այդքան նշանակություն չունի, քանի որ մենք միայն Եվրախորհրդի անդամ ենք: Եվ իրավաբանորեն հնարավոր չէ ԵՄ որոշումների որեւէ ազդեցություն Հայաստանի նկատմամբ»: Մեր հիշեցմանը, թե սպասվում է, որ Հայաստանը շուտով մաս է կազմելու ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրին՝ պրն Բալասանյանն արձագանքեց. «Դե, եթե կազմենք՝ այդ ժամանակ կարող է խնդիր ծագել: Բայց այս պահին չունենք որեւէ պարտավորություն Եվրամիության հանդեպ»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այս առնչությամբ նկատեց. «Այո՛, մենք Եվրամիության անդամ չենք: Բայց այս զեկույցը վկայում է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր հիմնախնդիրների նկատմամբ եվրոպական կառույցները: Ռոբերտ Քոչարյանը հավաստիացնում էր, թե եվրոպական կառույցների համար ընկալելի է դարձել ԼՂ հիմնահարցը: Այժմ տեսնում ենք, թե նրանք ինչպես են ընկալել… Այս փաստաթղթերում առկա ձեւակերպումները ցույց են տալիս, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը Ղարաբաղի հարցի լուծման առումով ենթարկվել է կրախի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել