Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ

Փետրվար 06,2004 00:00

ԳՈՒՄԱՐԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎՍ 2000 ԶԻՆԱԿՈՉԻԿ Եթե ԱԺ-ն ընդունի կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագիծը, ապա ՀՀ զինված ուժերում միասին կծառայեն գիտությունների թեկնածուն եւ թերի միջնակարգ կրթությամբ տղաները։ «Նախկին օրենքը գործում է 1998 թ. սեպտեմբերից։ Բավականին փոփոխություններ են եղել»,- նախաձեռնությունն այսպես կարեւորեց ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Ամենաուշագրավը, թերեւս, տարկետման եւ զինվորական ծառայությունից ազատվելու խնդիրներն են։ Ըստ Սեդրակյանի, սահմանվում է մեկ անգամ տարկետում տալու սկզբունքը. «Այս սկզբունքը նախկինում էլ կար, բայց ամբողջությամբ չէր կիրառվում։ Կրթությունը շարունակելու համար տարկետում է տրվում մեկ անգամ՝ բակալավրի դիպլոմավորումով մասնագետի մակարդակով։ Այս օրենքով մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տարկետումը չի շարունակվի։ Այս երիտասարդները կծառայեն ըստ մասնագիտության։ Այսինքն, նրանց գիտելիքները օգտագործվելու են զինված ուժերի համապատասխան ծառայություններում»։ Օրինագիծը նախատեսում է կրճատել նաեւ առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունքը՝ այս անգամ ժամկետային առումով։ Եթե այժմ այս իրավունքը տրվում է երկու անգամ՝ երեք տարով, ապա նոր օրենքի ընդունման դեպքում կտրվի մինչեւ մեկ տարով՝ երեք անգամ, իսկ երեք տարով՝ մեկ անգամ։ Սրանից հետո հանձնաժողովը պետք է վերջնական որոշում կայացնի տվյալ քաղաքացու վերաբերյալ։ Անդրադառնալով բանակի ազդեցությանը կրթության որակի վրա, պրն Սեդրակյանը հավաստիացրեց, որ շատերն են բանակից հետո շարունակում ուսումը, քանի որ զինված ուժերում ծառայածները անվճար ուսուցման արտոնություն ունեն։ ՊՆ իրավաբանական վարչության պետը դժվարացավ նշել, թե այս օրենքի ընդունումից հետո կոնկրետ ինչքանով կավելանա զինակոչիկների քանակը՝ «մոտավորապես 1000 հոգի՝ ամեն զորակոչին»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել