Լրահոս
Օրվա լրահոսը

Ագոն՝ «սարերում»

Փետրվար 07,2004 00:00

Ագոն՝ «սարերում» Հարմար առիթից օգտվելով, Վարդան Օսկանյանը երեկ դարձյալ մի նուրբ «չափալախ» կպցրեց Ազգային ժողովին։ ԵԽ Նախարարների կոմիտեի դիտարկող խմբի ղեկավար Ագոյի հետ կայացած համատեղ ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին. արդյո՞ք այս խմբի կողմից կազմվելիք զեկույցում եւս տեղ չի գտնի Հայաստանին վստահության հանրաքվեի անցկացում պարտավորեցնող դրույթ։ Ի պատասխան, իտալացի դիվանագետը նշեց, թե այդ մասին ինքը տեղեկացել է միայն նախորդ օրը՝ ԱԺ-ում ունեցած հանդիպումների ժամանակ, եւ պատգամավորներին առաջարկել է խնդիրը հստակ ձեւակերպել ու ներկայացնել Եվրախորհուրդ։ Հենց այդ պահին էլ հետեւեց ՀՀ արտգործնախարարի միջամտությունը. «Տեսնում եք, չէ՞, խորհրդարանական գործընթացներից Եվրախորհրդում տեղյակ էլ չեն»։ Մինչդեռ Ագոն մի շարք ուրիշ բաներից էլ տեղյակ չէր։ Համենայնդեպս՝ ասուլիսի նախորդ օրվա դրությամբ։ Վերջինս ուղղակի ցնցվել է, իմանալով ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական բոյկոտի մասին. «Անկեղծ ասած, մենք նման բանի չէինք սպասում»։ Այդուհանդերձ, Ագոն կարողացավ ինքն իրեն ստիպել եւ ասել, որ ուրախ է վերջին շրջանում Հայաստանի՝ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից. ընդունվել են օմբուդսմենի, ԶԼՄ-ների, այլընտրանքային ծառայության եւ Քրօր.-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքները, վերացվել է մահապատիժը, դրական տրամադրվածություն կա Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումների նկատմամբ, ինչի համար նա «շնորհավորում է» մեզ։ Այս վերջին հարցով, սակայն, Ագոն մտավախություն ուներ։ «Պարզ չէ, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն երբ կարող է անցնել, քանի որ մասնակիցների անհրաժեշտ թվի ապահովման հետ կապված խնդիր կարող է առաջանալ»,- անհանգստացավ նա։ Խեղճ Ագո։ Նրա տառապանքները միանգամայն անտեղի էին, քանզի նա երեւի այն էլ չգիտեր, որ Հայաստանում թվերի ապահովման հետ կապված երբեք խնդիրներ չեն առաջանում։ Բնականանաբար, խոսք եղավ նաեւ «Ա1+»-ի մասին։ Ագոյին հիշեցրին, որ իր ավելի վաղ կատարած այցերից մեկի ժամանակ նա ասել է, թե այդ հարցը շուտով կլուծվի։ Ինչո՞ւ էր Ագոն լավատես, եւ արդյո՞ք ԵԽ-ն այլեւս խաչ է քաշել «Ա1+»-ի վրա։ «Այդ հարցը մենք չենք լուծում, դա ներքին խնդիր է»,- չափազանց տրամաբանական պատասխան տվեց Ագոն՝ նշելով, որ իրենք այժմ էլ հուսով են, թե «Ա1+»-ը կհեռարձակվի։ Եվ, առհասարակ, իրենք սեւեռվում են ոչ թե «Ա1+»-ի՝ իբրեւ մասնավոր հարցի վրա, այլ ընդհանրապես կարեւորում են էլեկտրոնային լրատվամիջոցների դաշտում այլակարծության ապահովումը։ Այս համատեքստում Ագոյի խումբն արդեն իսկ կոչ է արել առավել անկախ դարձնել կարգավորող մարմինների գործունեությունը։ Իսկ նախատեսվա՞ծ էր, արդյոք, հանդիպում Ռ. Քոչարյանի հետ։ Պարզվում է՝ այո։ «Երբ ես ժամանեցի Հայաստան, իմացա, որ նախագահ Քոչարյանը գտնվում է սարերում (Ծաղկաձորում.- խմբ.)։ Առիթից օգտվելով, ես նրա հետ հանդիպեցի այնտեղ ու բախտ ունեցա տեսնել Հայաստանի այդ հրաշագեղ անկյունը»,- ասաց իտալացի դիվանագետը։ Իսկ Քոչարյանի հետ նա, մասնավորապես, զրուցել է ԼՂ հարցի նկատմամբ Իլհամ Ալիեւի փոքր-ինչ «փոփոխված» վերաբերմունքի մասին։ Ի դեպ, սա Ագոյի վերջին այցն էր Հայաստան այս պաշտոնում։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել