Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ

Փետրվար 10,2004 00:00

ՀԻՄԱ ԷԼ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ Ծանրամարտը Հայաստանում հենակետային մարզաձեւ է: Երկաթախաղի մեր վարպետները գրեթե միշտ միջազգային ասպարեզներից տուն են վերադարձել մրցանակային տեղերով՝ մեդալներ նվաճած: Սակայն այն ժամանակվանից, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն սկսեց անհաշտ պայքար մղել սպորտում, այդ թվում՝ նաեւ ծանրամարտում արգելված խթանիչների օգտագործման դեմ, հայաստանցի մարզիկների ձեռքբերումները աստիճանաբար համեստացան: Հանուն ճշմարտության պետք է արձանագրել նաեւ, որ նույն բանը կատարվում է բոլոր երկրներում ու բոլոր մարզաձեւերում: Ծանրամարտի վարկանիշը պահպանելու, միջազգային մրցումներում մարզաձեւի հայկական դպրոցի հեղինակությունը բարձր պահելու եւ հարուստ ու բարի ավանդույթները չկորցնելու համար պետությունը գնացել է լուրջ քայլերի: Բացի այն, որ ամբողջ տարվա ընթացքում մինչեւ վերջին լուման ֆինանսավորվում է նրանց ծրագրած բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերի մասնակցությունը, արվում հնարավոր ամեն բան՝ մարզագույքով եւ հանդերձանքով, սնունդով եւ անհրաժեշտ վիտամիններով ապահովելու, հավաքականների անդամների եւ թեկնածուների սոցիալական պայմանները ինչ-որ չափով բարելավելու համար (համենայնդեպս, մինչեւ հիմա դեռ ոչ ոք արվածից չի դժգոհել ), հաշվի առնելով նաեւ, որ տեղում դոպինգային ստուգման ժամանակակից սարքավորումներ չկան, եղածը վաղուց իր դարն ապրել է, իսկ նորը՝ անասելի թանկ, միջազգային մրցումների մեկնող մարզիկների (բոլոր մարզաձեւերում ) դոպինգային ստուգումն արդեն մեկուկես տարուց ավելի կազմակերպվում է Քյոլնի լաբորատորիայում, որը հզորագույններից մեկն է աշխարհում: Սա, պետք է ասել, բավականին թանկ հաճույք է, այն էլ՝ Հայաստանի նման երկրի համար: Սակայն երկիրը դրան գնացել է գիտակցաբար՝ մտածելով, որ ավելի լավ է նախապես մի փոքր շատ ծախսել, որպեսզի հետո ամեն բան նորմալ լինի եւ նվաճած մեդալները մնան Հայաստանում, քան պարզվի, որ այս կամ այն մարզիկը «մաքուր» չի եղել ու ստիպված լինի ո՛չ միայն մեդալը վերադարձնել, այլեւ հսկայական տուգանքներ վճարել: Էլ չենք խոսում ֆեդերացիայի որակազրկման մասին, որը տարիների կատարած աշխատանքն ու ծախսած միջոցները ջուրը նետել է նշանակում: Թվում է, թե այս պարզ բանը վերջապես ըմբռնել են նաեւ մեր մարզիկներն ու մարզիչները: Բայց պարզվում է՝ ոչ: Շաբաթ օրը արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ՄՕԿ-ի ՎԱԴԱ հակադոպինգային համաշխարհային գործակալությունը անցած տարվա նոյեմբերին Վանկուվերում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակից 11 մարզիկների, որոնք ներկայացնում են 10 երկիր, արգելված խթանիչ օգտագործած լինելու համար որակազրկել է երկու տարով եւ նրանց բոլոր արդյունքները չեղյալ հայտարարել: Ցավոք, ցուցակում նշված է նաեւ 77կգ քաշային կարգում երկամարտի 355 (160+195) կգ արդյունքով արծաթե մեդալի արժանացած Գեւորգ Դավթյանի անունը: Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը (իսկ ՎԱԴԱ-ն բացառիկ դեպքերում է փոխում իր որոշումը ), առայժմ հայտնի չէ, թե երկամյա որակազրկմանը ի՞նչ պատժամիջոցներ դեռ կհետեւեն, կպահպանվե՞ն թիմային պայքարով Հայաստանին տրված հինգ օլիմպիական ուղեգրերը, դրամական տույժ կկիրառվի՞: Բայց ինչ էլ լինի, մարզիկի կամ մարզիչների թեթեւամտության, անպատասխանատու եւ անլուրջ վերաբերմունքի պատճառով հայկական սպորտը հերթական ապտակը ստացավ, իսկ հայ մարզասերը կրկին հիասթափություն ապրեց: Հետաքրքիր է, հետեւանքների մասին չէի՞ն մտածում, երբ Քյոլնից ստացված «մաքուր» պատասխանը ձեռքներին՝ Կանադա մեկնելուց հետո արգելված քայլի էին գնում: Չէի՞ն վախենում, որ վաղ թե ուշ արածը ջրի երես դուրս կգա: Պիտի հանդուրժվի՞ հայկական ծանրամարտում արմատներ գցած այս արատավոր երեւույթը, որ առաջին անգամ չենք տեսնում, թե՞ կոնկրետ ու խիստ միջոցներ կկիրառվեն այն արմատախիլ անելու եւ հետայսու այլեւս բացառելու ուղղությամբ: Երեկ ուշ երեկոյան հանդիպեցի ՀՀ Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանին՝ իմանալու արձանագրված փաստի նրա գնահատականը։ «Խիստ վրդովված եմ։ Մենք ամեն ինչ արել, անում ու անելու ենք դոպինգ օգտագործելու դեպքերը բացառելու համար, բայց երեւում է, որ մեր խիստ մոտեցումը չի բավարարում այդ արատավոր երեւույթի դեմն առնելու համար,- ասաց նա։- Անհրաժեշտ է շատ ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառել։ Վերջին շրջանում մենք աշխատել եւ աշխատում ենք Քյոլնի հակադոպինգային ծառայության հետ։ Միջազգային մրցումների մեկնող բոլոր մարզաձեւերի մեր մարզիկների համար պարտադիր կարգով դոպինգային ստուգում ենք կազմակերպում եւ միայն Քյոլնից ստացված «այո»-ից հետո ենք, անկախ կոչումներից եւ ունեցած ծառայություններից, մարզիկներին ինքնաթիռ մտնելու իրավունք տալիս։ Իսկ թե դրանից հետո ինչ է կատարվում, որ տեստոստերինը բարձրանում է (դիտավորյալ կամ չիմանալով), անկեղծ ասեմ, արդեն բացատրություն չունեմ։ Բայց միեւնույն է, վերջին հաշվով հարվածը բոլորիս վրա է գալիս։ Միանշանակ ասում եմ. մենք հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավելի, անում ենք նման երեւույթները բացառելու համար, սակայն պարզվում է, որ դրա արդյունավետությունը այն չէ։ Հետեւաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենք։ Դրա վրա արդեն իսկ աշխատում ենք. դա «Հակադոպինգային քաղաքականության մասին» օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում։ Ընդ որում, պատասխանատվություն է կրելու ոչ միայն մարզիկը, այլեւ նրա հետ աշխատած մարզիչները ու բոլոր մեղավոր անձինք։ Այս պահանջները կիրառվում են շատ երկրներում։ Մենք ջանում ենք, որպեսզի մինչեւ մայիս ամիսը այս նախագիծը մտնի ԱԺ օրակարգ եւ ընդունվի»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել