Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՀԱՎԱՍԱՐ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ»

Փետրվար 11,2004 00:00

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՀԱՎԱՍԱՐ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ» Պնդում է Լալայանց փողոցի բնակչուհի, նկարչուհի Սոնա Բանոյանը Ճակատագրի բերումով Լալայանց, իսկ այսօր Հյուսիսային պողոտայի տարածքում բնակվող եւ հիմա վտարման վտանգի առաջ կանգնած ընտանիքներից մեկն էլ նկարիչներ Սոնա Բանոյան եւ Լյուդվիգ Ավետիսյան ամուսիններն են: Սոնա Բանոյանը երկար տարիներ աշխատում է Գեղագիտական կենտրոնում եւ նկարիչների նոր սերունդ է դաստիարակում: Նրա աշխատանքները հայտնի են թե՛ ԱՊՀ-ում, թե՛ հեռավոր արտերկրում եւ թե՛ Հայրենիքում: Իսկ այս օրերին իր հիմնական կոչումը թողած՝ այս ընտանիքը զբաղված է ՀՀ կառավարության, պետության դեմ կռիվ տալով, ցույցեր ու երթեր կազմակերպելով, ցուցապաստառներ գրելով: Առայժմ՝ ապարդյուն: «Մեզ դեռ սպասեցնում են ու հավաստիացնում, որ «պիտի որ լավ լինի»: Թե ինչ ասել է դա, մենք չգիտենք ու պատկերացում էլ չունենք: Փաստն այն է, որ փաստաթղթով 4 անձից բաղկացած մեր սեփականությունը հանդիսացող 400 քմ ընդհանուր տարածքի, այդ թվում՝ 220 քմ բնակտարածքի համար պետությունը մեզ առաջարկում է ընդամենը 55 հազար դոլար: Բայց խնդիրն այն է, որ այդ գումարով ես երբեք չեմ կարող ստեղծել այն, ինչ արել եմ տարիների տքնաջան աշխատանքով: Դա պարապ հող չի, էստեղ մենք ընտանիքով տուն ու տեղ ենք դրել: Ես իմ ձեռքերով եմ խնամել այդ տարածքի ամեն մի թիզը: Բացի դրանից, մենք մեր աշխատավարձով Գյումրիում էլ մի ընտանիք ենք պահում եւ այսօր պարզվում է՝ հացի խնդիր ունենալու առաջ ենք կանգնելու»,- մեր զրույցի ժամանակ ասաց Ս. Բանոյանը՝ հավելելով, թե ինքն այլեւս իրեն ապահով զգալ չի կարող: «Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ այս պետական ռեկետից հետո, ինձ իմ երկրորդ ստեղծածից էլ չեն զրկի: Մեզ պարզապես ստիպում են արտագաղթի դիմել, այլ բան մեզ չի մնում»,- վրդովված էր նկարիչը: Տեղում լինելով պարզեցինք, որ այդ տարածքում կառուցված առանձնատներից մեկը նկարիչ ամուսինների համար որպես արվեստանոց է ծառայում: «Եթե ես նույնիսկ համաձայնեմ բնակարան տեղափոխվել, ես պետք է նաեւ աշխատանքային պայմաններ, արվեստանոց ունենամ: Մի բան, որի հնարավորությունը մեզ առաջարկվող գումարով պարզապես անհնարին է անել»,- վստահեցնում է Ս. Բանոյանը: Դեռ հունվարի 5-ին այս ընտանիքն արդեն մի ծանուցագիր ստացել էր դատարան ներկայանալու համար, որտեղ քննվելու էր նրանց վտարման հարցը: «Ես չգնացի, որովհետեւ նրանց քայլերն անօրինական են, իսկ մեր ճակատագրին արժանացած մարդիկ այդ նույն օրը ցույց էին անում ընդդեմ անօրինականության եւ ես գերադասեցի մասնակցել այդ ցույցին»,- ասաց տիկին Սոնան, որն իր ասելով՝ պատրաստ է մինչեւ վերջ պայքարել: Այդ պայքարի միջոցներն էլ ժամանակի ընթացքում, իհարկե, կարող են փոխվել. «Չգիտեմ, գուցե որոշենք մնալ տանն ու դուրս չգալ. թող գան տունը մեզ վրա քանդեն»: Ավետիսյան-Բանոյան ընտանիքը, ինչպես տիկին Սոնան ասաց, ավելի շատ վիրավորված է իրենց նկատմամբ վերաբերմունքից. «Ես այս տարածքում բնակվելու համար հարկեր եմ մուծել օրենքով սահմանված կարգով, հիմա ինչո՞ւ պետք է զրկվեմ դրանից: Ես անօրինական ոչինչ չեմ արել: Ես այս տունն 90 թվականին գնել եմ 100 հազար ռուբլով՝ Մոսկվայում մի մեծ ցուցահանդեսի վաճառքից գոյացած իմ վաստակով: Եթե այս պետությունը ոտնահարում է մեր այսքան տարիների վաստակը, արհամարհելով մեր կենսագրությունը, ինձ ոչինչ չի մնում անել, քան մտածել երկրից հեռանալու մասին: Երկու հազար դոլարով մարդկանց իրենց տներից վտարում են. նպատակը նրանց բոմժեր դարձնե՞լն է: Այսօր քաղաքապետ Զախարյանն ուղղակի սովորական բրոքեր է դարձել»: Հիշեցրինք, որ պետական մարմիններն այս դեպքերում անմիջապես մատնացույց են անում այս տարածքում անօրինական գրանցվածներին. «Դեմ չեմ, նման մարդիկ էլ կան, բայց չի կարելի թացն ու չորն իրար խառնել: Մյուս կողմից էլ, եթե նման մարդիկ կան՝ դա էլի իրենց մեղքն է, իրենք են արել: Հիմա նրանց էդ մարդկանց գոյությունը ձեռնտու է, որովհետեւ նրանց հետ «փոխշահավետ» գործարք կնքելն է հեշտ: Մեզնից ոչ մեկն ավել ոչինչ չի ուզում պետությունից, մենք ուզում ենք ստանալ այն համարժեքը, ինչ այսօր ունենք»: Տիկին Սոնան միաժամանակ նկատեց, թե փողոցի բնակիչների ընդվզումից հետո Լալայանց փողոցում համեմատաբար անդորր է: Բայց թե որքան դա կձգվի եւ արդյո՞ք իշխանությունները իրապես կվերանայեն մարդկանց տեղահան անելու իրենց որոշումը՝ դժվար է ասել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829