Լրահոս
Օրվա լրահոսը

Չուտե՞լ, թե՞ չխմել

Փետրվար 12,2004 00:00

Չուտե՞լ, թե՞ չխմել Երեւանի Արաբկիր համայնքի ջրի աղտոտումից տուժածների դատական հայցը կլսվի եկող շաբաթ, իսկ այս օրերին տուժածների շարքը համալրվում է Գյումրիում։ Ինչպես հայտնի է, Գյումրու Նորավան թաղամասում արդեն 5 օր է՝ դիզենտերիա է տարածվել: 17 հիվանդներ, հիմնականում 0-14 տարեկան, միջին ծանրությամբ ու թեթեւ բավարար վիճակով տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Գյումրի են եկել առողջապահության նախարարության մասնագետներ, որոնք տարածքային, ընտանեկան բժշկության կենտրոնների եւ Հայջրմուղկոյուղու հետ համատեղ փորձում են պարզել վարակի աղբյուրը եւ կանխել հիվանդության հետագա տարածումը: Ոչ պաշտոնական տվյալներով, վարակի պատճառը աղտոտված ջուրն է: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք մի քանի իրազեկ անձանց. առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանին, Հայջրմուղկոյուղու Շիրակի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Պետրոսյանին եւ Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարինե Տոնոյանին: Վերջինս չբացառեց, որ հիվանդների թիվը նշվածից շատ է: Նա անգամ տեղյակ էր, որ տեղամասում կան տնային պայմաններում բուժվողներ: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղ. Հակոբայնի պարզաբանմամբ, Նորավանից բացի, հիշյալ հիվանդությունը գրանցվել է Գյումրիի այլ թաղամասերում եւս: Քանի որ քաղաքում չկան սննդի արդյունաբերական այնպիսի օբյեկտներ, որոնք կասկած առաջացնեն, պարոն Հակոբյանը ենթադրում է, որ վարակը կարող է ջրից լինել: «Վերջին տասը օրերին տեղի ունեցավ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ուստի եւ չի բացառվում, որ ձնհալոցքային ջրերը ներթափանցեն ինչպես գլխամասային կառույց, այնպես էլ ներքին ցանց»,- ասում է նա: Հայջրմուղկոյուղու Շիրակի մասնաճյուղից «Առավոտ»-ին տեղեկացրին, որ վերջին շրջանում վթար ընդհանրապես տեղի չի ունեցել, թե քաղաքում եւ թե մարզում քլորացումը կատարվել է նորմալ քանակությամբ եւ Գյումրու որեւէ անկյունում ջրի աղտոտված լինելու կամ կոյուղու հետ խառնվելու մասին դժգոհություններ չեն լսվել: «Չեմ կարծում, որ հիվանդությունը ջրի հետ է կապված, վերջնական հետազոտությունները ցույց կտան՝ ջրի՞ց է, թե՞ սննդից»,- ասաց Հայջրմուղկոյուղու Շիրակի մասնաճյուղի տնօրենը: Մինչ մասնագետները փորձում են բացահայտել վարակի պատճառները, գյումրեցիները լուրջ մտահոգության մեջ են՝ չսնվե՞լ, թե՞ ջուր չխմել։ Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Հանրապետության գլխավոր համաճարակաբան Վլ. Դավիդյանցի տեղեկացմամբ, վարակի պատճառը հալոցքաջրերից աղտոտված ջուրն է, իսկ մաքրման համար նախատեսված է այն գերքլորացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել